Հունգարիայի հանրությունը գնահատում է Ռ.Սաֆարովի արարքը որպես անմարդկային ոճրագործություն

PanARMENIAN.Net - «Միանշանակ կարող եմ ասել, որ Հունգարիայի հանրությանը առանձնապես չեն հետաքրքրում ղարաբաղյան հակամարտության մանրամասները եւ Ռամիլ Սաֆարովի արարքը նրանք գնահատում են միայն որպես անմարդկայնության տեսակետից աննախադեպ հանցագործություն»,- հայտարարել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ադրբեջանական կողմը սկսի գնել այդ երկրի ԶԼՄ-ների թերթերի ամբողջ սյունյակները, ճշմարտությունը տեղի ունեցածի մասին միեւնույն է հնարավոր չի լինի թաքցնել, եւ Հունգարիայի հանրության ընդհանուր տրամադրվածության վրա դա չի անդրադառնա: Ես հիշեցի մի հունգարացու խոսքերը, որը ներկա էր դատավարության մայիսյան նիստին, որն այն բանից հետո, երբ հրապարակվեց բժշկական եզրակացությունը սպանության բնույթի եւ Գուրգենին հասցված մահացու վերքերի բնույթի մասին, չդիմացավ եւ հարցրեց ինձ.«Իսկ ո՞ր դարում են ապրում ադրբեջանցիները»: Պատահական չէ, որ փորձառու Հասան Հասանովը, որը Ադրբեջանի դեսպանն է Հունգարիայում, հասկանալով դատարանի դահլիճում իր ներկայության ողջ երկիմաստությունը, գերադասում է չհայտնվել դատարանի դահլիճում»,-նշել է նա:



«Գրաքննության նկատառումներից ես ինձ թույլ չեմ տա մեջբերել հունգարացի քննիչի խոսքերը, որը խոսում էր Սաֆարովի մասին ակնհայտ զզվանքով, չթաքցնելով իր ցնցված լինելը հանցագործության վայրում տեսածից եւ մեղադրյալից լսածից: Այս առիթով ես կցանկանայի պատմել 10-ամյա վաղեմության մի դեպք, երբ 1995 թ. օգոստոսին մոսկովյան «Վոսխոդ» հրդեհված հյուրանոցում մենք, հայերս, ռիսկի ենթարկելով մեր կյանքը, փրկում էինք ադրբեջանցի աղջիկներին, դուրս բերելով նրացն այրվող հյուրանոցի շենքից: Ճակատագրի հեգնանքով աղջիկները եւս քնած էին, ոչինչ չիմանալով սպառնացող վտանգի մասին, իսկ հրդեհի արդյունքում զոհեր եղան հյուրանոցի բնակիչների թվում: Մեզ այն ժամանակ երախտագիտություն էին հայտնում Մոսկվայի հրշեջները, ինչպես նաեւ «Բրեյն-ռինգ» ծրագրի վարող Անդրեյ Կոզլովը, որը մինչ նկարահանումների սկիզբը խնդրեց մեր թիմին ոտքի կանգնել եւ հարյուրավոր մոսկվացիների եւ գիտակների ներկայությամբ ասաց հետեւյալը. «Շնորհակալություն, տղաներ, ձեր քաջարի եւ ազնիվ արարքի համար: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությանը, հայկական թիմի տղաները ցույց տվեցին ազնվության եւ մարդասիրության օրինակ»: Ադրբեջանցի տղաներից ոչ մեկը երախտագիտության գոնե մեկ խոսք չասաց մեր արարքի համար: Ավելին, նրանք ամաչում էին, որ իրենց փոխարեն ադրբեջանուհիներին փրկեցին հենց հայերը»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը:



«Ազնվորեն պետք է խոստովանեմ, որ նույնիսկ տեսնելով հանցագործության վայրում կատարված օպերատիվ նկարահանումների ահավոր կադրերը, երբ ես իմ աչքերով տեսա անկողնու մեջ կացնահարված Գուրգենի մարմինը, ես ոչ մի րոպե անգամ չզղջացի մեր այն արարքի համար, երբ մենք փրկում էին մարդկանց, անկախ իրենց ազգությունից»,-ամփոփեց նա:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---