Երեւանում ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի ունեցավ ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Երեւանում ապրիլի լույս 24-ի գիշերը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթը` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 1500 ջահ եւ 300 մոմ վառվեց նախապես այրված Թուրքիայի դրոշից: Ինչպես հաղորդել է ՀՅԴ երիտասարդական թեւի նախագահ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքին մասնակցել են շուրջ 3000 երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ այլ երկրներից: «Ակտիվ երիտասարդությունն այսօր հավաքվել է, ցույց տալու համար աշխարհին, որ ցեղասպանությունը եղել եւ մնում է հայ ժողովրդի հիշողության մեջ»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Դիմելով հավաքվածներին, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռ չի հաղթանակել պայքարում, քանի որ «Թուրքիան շարունակում է կեղծել պատմությունը, ջանալով իրեն զոհ ներկայացնել»: «Սակայն պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում այս տարի ամենաարդյունավետն եղավ, հայերը ապացուցեցին ողջ աշխարհին, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ներքին հարցը չէ` մեր օրինակը ցուցադրական է շատ երկրների համար, եւ մեր պայքարը ըմբռնումով է ընդունվում»,-հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը: Արմեն Ռուստամյանը հաղորդել է նաեւ, որ ապրիլի 24-ին, Մարսելում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացումը: «Դա կլինի փոքր «Ծիծեռնակաբերդ»,-նշել է նա, համոզվածություն հայտնելով, որ հայ ժողովրդի պայքարը անպայման կտա իր արդյունքը` Ցեղասպանությունը կճանաչվի»:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---