«Ո՛չ թալանին» նախաձեռնության երթը կասեցվել է. Բաղրամյան պողոտայում նստացույց է![]() ![]() PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» շարժման մասնակիցները, որոնք հունիսի 19-ից Ազատության հրապարակում նստացույց էին իրականացնում, հունիսի 22-ին՝ ժամը 19:00-ին հայտարարել են, թե երթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր։ Շարժման մասնակիցներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ կոչ անելով չդիմել անօրինական գործողության, քանի որ երթն օրինական չէ: «Ձեր այսօրվա հավաքը, նաև բողոքի երթն անօրինական բնույթ է կրում, քանի որ չկա լիազոր մարմնի թույլտվությունը: Նման դեպքում ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել ձեր հավաքը, երթն իրեն օրենքով վերապահված բոլոր միջոցներով»,- ասել է Օսիպյանը՝ կոչ անելով հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինակ գործողություններից, գրում է Panorama.am-ը: Ի պատասխան շարժման մասնակիցներն ասել են, որ իրենց երթերը միշտ էլ խաղաղ բնույթ են կրել, և ոստիկանությանը խնդրել ապահովել իրենց անվտանգությունը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ շարժվում են, դեպի նախագահական նստավայր՝ իրենց հարցի պատասխանը ստանալու, գրում է Tert.am-ը: Հունիսի 19-ից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց էին անում Ազատության հրապարակում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունիսի 22-ը ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր: Ավելի ուշ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին հայտնել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներին: «ՀՀ նախագահը պատրաստ է ընդունել «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթի մասնակիցներից երեք-չորս հոգու` պայմանով, որ երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ»: Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն չեն համաձայնվել ներկայացրած առաջարկին: Նույն առաջարկը հնչեցրել է նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: «Թող նախագահը գրչի մի շարժմամբ կասեցնի որոշումը, մենք էլ իրեն սատար»,- փոխոստիկանապետ Օսիպյանին է դիմել ցուցարարներից մեկը: «Եթե նախագահը 5 հոգու է կանչում հանդիպման, այսպես թե այնպես պետք է հրաժարվենք, մենք իր մոտ չենք գնա, թող մեկնումեկը նրա ստորագրած թուղթը բերի, բարձրաձայն կարդանք, որ չեղարկել են որոշումն ու գնանք տներով»,- ասել է քաղնախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը: Ոստիկանների շարասյունն ու մեքենաները Սահմանադրական դատարանի դիմաց փակել են նախագահական նստավայր տանող ճանապարհը: Դրան ի պատասխան երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ Գրողների միության շենքի դիմացի հատվածում: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: ՀՀ ոստիկանությունը «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի հետ կապված հայտարարություն է տարածել՝ նշելով. «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում: Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար /հոդված 1801, մաս 1-ին/, որի նախականխումը, կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը /հատկապես, երբ իրավախախտումը տևող բնույթ ունի/ ոստիկանությունը ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով: Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի: Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |