Նուբարաշենում կբացվի նոր մարզա-մշակութային համալիր

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀԲԸ Միության հովանավորությամբ բացվեց Նուբարաշենի մարզա-մշակութային կենտրոնը: Համալիրի շինարարությունը ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյան հիմնադրամը, սակայն 2007 թվականին ֆինանսավորումը ստանձնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ):



Նորակառույց համալիրում գործելու են մարզադահլիճ, մշակութային միջոցառումների համար նախատեսված դահլիճ, գեղարվեստական ու սպորտի խմբակների փորձասրահներ, համակարգչային կենտրոն եւ գրադարան: Նոր կենտրոնը կծառայի ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ հարակից գյուղերի բնակիչներին, որոնք զրկված էին նման մարզա-մշակութային կենտրոն ունենալու հնարավորությունից:



Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության AGBU նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդոլֆ Տրեֆերի, Նուբարաշենի համայնքապետ Մհեր Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ներկայացուցչի, համայնքապետարանի աշխատակիցների ու տեղի հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ նորակառույց կենտրոնի բացումը կատարվեց մարտի 25-ին, հաղորդում է ՀԲԸՄ-ի մամլո ծառայությունը:



Նուբարաշեն ավանը կառուցվել է 1930-ականներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի առատաձեռն նվիրատվության ու միության հատկացրած գումարների շնորհիվ: Նուբար-փաշան` Պողոս Նուբարի Նուբարյանը, հայտնի եգիպտահայ հասարակական քաղաքական գործիչ էր: Նախնական կրթությունը ստացել է Շվեյցարիայում, այնուհետեւ ավարտել է Փարիզի Կենտրոնական դպրոցը, ստանալով երկրաչափ-ինժեների մասնագիտություն: Որոշ ժամանակ աշխատել է որպես մասնագետ ֆրանսիական հանքերում եւ երկաթուղում: 1878-1879թթ. եւ 1891-1898թթ. եղել է Եգիպտոսի երկաթուղու տնօրենը: Երկար տարիներ եղել է Ալեքսանդրիայում եւ Բեերում գործող անգլիական հողագործական ընկերության տնօրենը: Նա հիմնադրել է հողերի շահագործման ընկերություն Մենզելում եւ օմնիբուսային ընկերություն Ալեքսանդրիայում, ջրամատակարարման ձեռնարկություն Կահիրեում, մասնակցել է Հելիոպոլիս քաղաքի կառուցապատմանը: Նուբար-փաշայի գործունեության գագաթնակետն, անշուշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության ստեղծումն էր 1906թ. ապրիլի 15-ին: Այդ կազմակերպությունն մինչ օրս հսկայական դեր է կատարում հայապահպանության գործում:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---