Մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից Հայաստանում կազմում է մահացության ընդհանուր թվի 55 տոկոսը

PanARMENIAN.Net - «Սիրտ-անոթային հիվանդությունները տարածման եւ մահացության աստիճանով առաջին տեղում են աշխարհում: Սակայն միեւնույն ժամանակ գիտությունը զարգանում է մեծ տեմպերով: Սրտաբանությունը Հայաստանում զարգանում է այնպիսի հայտնի բժիշկների շնորհիվ, ինչպիսիք են Կառլեն Ադամյանն ու Հրայր Հովակիմյանը, որը «Նորք-Մարաշի» սրատաբանական կենտրոնի հիմնադիրն է»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի բացմանը:



Համաժողովի հանդիսավոր բացումը կատարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Մենք ուրախ ենք ողջունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 80 մեր հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարարության «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» համատեղ նախագծի շրջանակներում:



Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի հովանու ներքո է անցնում այս համաժողովը: Իր խոսքում վարչապետը նշեց, որ առողջապահության բարելավումը ենթադրում է նաեւ կրթության մակարդակի բարձրացում:



Համաժողովի եւս մեկ հյուր` «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիայի» ղեկավար Ավետիս Մատիկյանն իր խոսքում ընդգծել է, որ «Հայաստանն առաջատարի դիրքում է Հարավային Կովկասում սրտաբանության ոլորտում»:



Խոսքով հանդես եկավ նաեւ Հայ սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: «Մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից Հայաստանում կազմում է մահացության ընդհանուր թվի 55 տոկոսը»,-իր խոսքում ասել է նա եւ հավելել, որ հարավկովկասյան տարածաշրջանի գիտնականների մեծ ակտիվության պատճառով 2009թ. Եվրոպական կոնգրեսում բացվեց հայկական տաղավար:



«Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի» նախագահի ողջույնի խոսքից հետո, հյուրերը սկսեցին հանդես գալ զեկույցներով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---