ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր առաջին այցը կատարել է Մոսկվայի հայկական եկեղեցի

PanARMENIAN.Net -
Փետրվարի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր առաջին այցը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ։



Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ուժ եւ կարողություն առաքելությունը կատարելու գործում՝ ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարօրության։



Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդը ներկայացրեց թեմի կողմից իրականացվող աշխատանքները եւ նոր նախաձեռնությունները:



Դեսպան Եսայանը, շնորհակալություն հայտնելով Եզրաս եպիսկոպոսին բարեմաղթանքների եւ օրհնության համար, նշեց, որ դեսպանի պաշտոնում առաջին այցելությունը նա կատարում է թեմի առաջնորդարան պատահական չէ, այն իր ուրույն խորհուրդն ունի՝ պատմության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին կատարել է ազգապահպան առաքելություն եւ ներկայումս իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի հոգեւոր կյանքում։



Զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը։



Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմը ընդգրկում է 40 համայնք, որոնցից 27-ը գտնվում են Ռուսաստանի տարածքում: Թեմի առաջնորդն եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն է, որը նաեւ Ռոստովի փոխերեցն է: Նրան կից գործում է Թեմական խորհուրդը, որին բացի հոգեւորականներից անդամակցում են նաեւ մշակույթի անվանի գործիչներ: Ըստ կանոնադրության այդ թեմին են պատկանում նաեւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առաջացած հայկական եկեղեցական համայնքները` Լվով, Յալթա (Ուկրաինա), Քիշնեւ (Մոլդովա), Սամարղանդ (Ուզբեկստան): Բացի այդ նախատեսվում է հայկական եկեղեցի կառուցել Ռիգայում: Նոր Նախիչեւանի եւ Ռուսաստանի թեմը ունի երեք առաջնորդարան` Հյուսիս-Կովկասյան, Ռոստովի եւ Արեւմտյան:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---