Տաթեւիկ Թադեւոսյանն ընտրվել է Հնդկաստանի լավագույն «Լորետո» քոլեջի ուսխորհրդի փոխնախագահ

PanARMENIAN.Net -
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի սան Տաթեւիկ Թադեւոսյանը սովորում է Հնդկաստանի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում` 1912թ. «Սուրբ Մարիամ Աստվածածին» հաստատության կողմից հիմնադրված Կալկաթայի «Լորետո» քոլեջում: 1000-ից ավելի ուսանողների թվից Տաթեւիկն ընտրվել է «Լորետո» քոլեջի ուսխորհրդի փոխնախագահ: Տաթեւիկի խնամարկուն` հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը օրհնեց եւ շնորհավորեց նրան, ցանկացավ նորանոր հաջողություններ եւ հաղթանակներ: «Մեր հայրենիքը հզոր է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իր արժանավայել զավակներով: Ձեզանից յուրաքանչյուրի նվաճումներն ու ձեռքբերումը կնպաստի մեր երկրի էլ ավելի հզորացմանն ու զարգացմանը»,-ասել է նա:



Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը գործում է 1821թ. Սբ. Նազարեթ հայկական եկեղեցուն կից եւ Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո: 2009թ. ճեմարանը նոր ծրագիր է սկսել, որն ուղղված է կրթական համակարգի ընդլայնմանը: Եվ եթե նախկինում ճեմարանում սովորում էին հայ որբերը կամ Հայաստանի անապահով ընտանիքների երեխաներ, ապա այժմ սովորում են Հնդկաստանի, Հայաստանի, Իրանի ու Իրաքի հայ երիտասարդների ներկայացուցիչները: Ճեմարանի սաները ոչ միայն նոր գիտելիքներ են ստանում, այլ նաեւ սովորում են պահպանել հայկական հարուստ մշակութային ժառանգությունը: Ճեմարաններում ակտիվորեն աշխատում են նաեւ հնդիկ դասախոսներ, ինչը նպաստում է նաեւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը: «Լորետո» քոլեջը հիմնվել է 1912թ.: 2006թ. Հնդկաստանի Պետական համալսարանին կից գործող քոլեջը լավագույնն է ճանաչվել երկրում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---