Արտյուշա Շահբազյան. Փետրվարի 18-ը պետք է նշվի որպես ազգային տոն

PanARMENIAN.Net -
Այսօր Խորհրդային իշխանությունների դեմ Դաշնակցության 1921 թ-ի ապստամբության տարելիցի կապակցությամբ, ՀՅԴ-ի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին բոլշեւիկների կողմից 1921թ. փետրվարին «երեւանյան բանտում կացնահարված դաշնակների հիշատակին» նվիրված խաչքարին:



Արարողության ընթացքում ելույթ ունեցավ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Բոլշեւիկները ցանկանում էին ոչնչացնել ազգային մտածելակերպը: Պետք չէ մտածել, որ դա ուղղված էր դաշնակների դեմ, դա ուղղված էր ողջ ժողովրդի դեմ», - ասել է նա: Շահբազյանը նշեց, որ Հայաստանը 42 օրով ազատվել էր բոլշեւիկների իշխանությունից, ինչը աննախադեպ երեւույթ էր: Ապստամբությունները տեղի էին ունենում նաեւ այլ հանրապետություններում, սակայն միայն Հայաստանը կարողացավ կազմակերպել նման ապստամբություն:



Շահբազյանը նաեւ նշել է, որ փետրվարի 18-ն անհրաժեշտ է հայտարարել ազգային տոն: Նրա խոսքերով, Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, եւ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է: «Այդ մասին են վկայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - ասել նա, եւ ավելացրել, որ Հայաստանը պետք է հաղթահարի բոլոր խնդիրները եւ հավատարիմ մնա նախնիների գաղափարներին:





Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

1921 թ-ի փետրվարի 18-ի ապստամբությունը

1921 թ-ին փետրվարի 18-ին Դաշնակցություն կուսակցության ղեկավարությամբ Հայաստանում ապստամբություն սկսվեց: Կարճատեւ ժամանակով վերականգնվել էր կառավարությունը Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Դաշնակները կարողացան մի շարք հաղթանակների հասնել Կարմիր բանակի հետ ռազմական գործողությունների ժամանակ: Սակայն, ապրիլի 3-ին Կարմիր բանակը գրավեց Երեւանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---