12 երիտասարդ հայ գիտնականներ պարգևատրվել են պետության կողմից

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանում տասներկու երիտասարդ հայ գիտնականներ իրենց գիտական աշխատանքների համար պարգևատրվեցին 150.000-ական դրամներով:

«Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական նախագծերի մրցույթ»-ն առաջին անգամն էր անցկացվում, բայց հավակնում է դառնալ շարունակական: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշում է, որ մրցույթին ստացվել է 45 աշխատանք, որոնցից լավագույնի կոչմանն են արժանացել 12-ը: «Մենք շատ կարևորում ենք պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում երիտասարդների` գիտության մեջ ներգրավվածության խնդիրը, որը թիրախային հարց է: Հասարակությունը պետք է տեսնի, որ գիտությամբ զբաղվող երիտասարդը հարգված ու պահանջված է մեր պետությունում»,- ընդգծում է Արսեն Քարամյանը:

Ծրագրի նպատակն է օժանդակել մեր երկրի մտավոր ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը` ի դեմս տաղանդավոր ստեղծագործող երիտասարդների , ներդնել երիտասարդ գիտնականների տեսական և կիրառական նշանակություն ունեցող լավագույն նախագծերի բացահայտման միասնական համակարգ: «Գիտությունն էլիտար զբաղմունք է, այլ ոչ թե մասսայական: Ես ուրախ եմ ու միաժամանակ հպարտ այսօրվա համար, որովհետև այս երիտասարդներն իրականում ազնվաբարո գործ են անում` մեր ծանր ժամանակներում ակտիվորեն զբաղվելով գիտությամբ»,- հավաքվածներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ հիշեցրեց, որ անցյալ տարի նմանատիպ մրցույթի փորձ է արվել Հայաստանի ու ԱՄՆ-ի մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների մասնակցությամբ: Ավելի քան 120 մասնակից է եղել, որոնցից խրախուսվել են 26-ը: «Հուսով եմ հաջորդ տարի կավելանա նոմինացիաների թիվը, իսկ պայմաններն ավելի հստակ կլինեն»,- նշում է Սամվել Հարությունյանը:

Մրցույթի մասին հայտարարությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախապես ուղարկել էր բոլոր պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերին. դրա մասին էր վկայում նաև հաղթողների «աշխարհագրությունըե: Մրցույթին մասնակցելու համար ընդունվել են նախագծեր հետևյալ գերակա ուղղություններով` գործնական տեխնիկական մոդելավորում`հետագա ներդրման և առևտրայնացման նպատակով և տեսական գիտահետազոտական նախագծեր:»

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---