Երևանում ասֆալտապատումն այսուհետ կիրականացվի նոր տեխնոլոգիայով

Երևանում ասֆալտապատումն այսուհետ կիրականացվի նոր տեխնոլոգիայով

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ ասֆալտապատում իրականացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ մայրաքաղաք այցելեցին միջազգային փորձագետներ: Ավելի քան 6 ամիս տևած ուսումնասիրություններից հետո Երևանում սկսվեց նոր ասֆալտի արտադրությունը, որը տեխնոլոգիայով և որակական չափանիշերով լիովին համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Խճամաստիկային ասֆալտի բաղադրությունը նախ փորձաքննություն է անցնում լաբորատորիայում, որից հետո միայն արտադրվում է անհրաժեշտ ծավալն ու տեղափոխվում մայրաքաղաքի փողոցներ: Այս տարի արդեն մայրաքաղաքի երկու փողոցներ ասֆալտապատվեցին «Շմա» կոչվող եվրոպական այս նոր, ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ:

Իսահակյան փողոցի՝ Բաղրամյան-Մաշտոց հատվածն, ինչպես ասում են, «եվրոպական ասֆալտի>> առաջին ծիծեռնակն է մայրաքաղաքում: Ասֆալտապատման նոր եղանակի առավելությունն, ըստ մասնագետների, ասֆալտբետոնե ծածկույթի դիմացկունությունն ու երկարակեցությունն է` շնորհիվ խառնուրդի բաղադրության մեջ կիրառվող նյութերի: Ավազախճային խառնուրդը պարունակում է ավազ, խիճ, հանքային փոշի և ցելյուլոզա: Մասնագետները վստահեցնում են, որ նոր մեթոդով ասֆալտապատումը շահագործման 15 տարվա երաշխիք է տալիս: Հաջորդ տարիներին արդեն Երևանի նորակառույց ճանապարհները կասֆալտապատվեն միայն այս տեխնոլոգիայով:

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման գործընթացում այս տարի ներդրվեց ևս մեկ նորույթ: Թբիլիսյան խճուղու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Երևան ներկրված ասֆալատապատման նոր, հատուկ սարքավորումով, որը մինչ այս Հայաստանում չի կիրառվել: Մասնագետները նշում են, որ գերմանական արտադրության տեսակի այս հզոր սարքավորումն աշխարհում համար առաջինն է ճանապարհաշինության բնագավառում. 30-40 սմ խորությամբ քանդում է ասֆալտի հին ծածկույթը, վերամշակում և, առաջացած զանգվածը մշակելով, կրկին փռում է տեղում: Այս տեխնոլոգիան կիրառելու շնորհիվ՝ ասֆալտի շերտի վրա երկար տարիներ բացառվում է իջվածքների և ճաքերի առաջացումը:

Մայրաքաղաքի մուտքերից մեկը համարվող, երթևեկությամբ ծանրաբեռնված Թբիլիսյան խճուղին, նոր տեխնոլոգիայով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, բոլորովին նոր տեսք կստանա: Ծրագիրը ծավալուն է. փոխվում են նաև խճուղու եզրաքարերը, բարեկարգվում են մայթերը, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը:

Փողոցները բարեկարգելու քաղաքապետարանի այս տարվա ծրագրով՝ հիմնանորոգվում է նաև Ծիծեռնակաբերդի խճուղին: Մինչ օրս 2 կմ-անոց այս ճանապարհը եղել է երկկողմանի երթևեկելի, սակայն՝ մեկական շերտերով: Շինարարության ավարտից հետո այստեղ երկու կողմից երկշերտ երթևեկություն կկազմակերպվի: Խճուղու վերակառուցման արժեքը 800 մլն դրամ է, ֆինանսավորումն իրականցվում է Երևանի քաղաքային բյուջեից: Ճանապարհի լայնացումից զատ, խճուղու երկկողմ հատվածներում կառուցվում են նոր մայթեր: Ամբողջությամբ արդիականացվելու է նաև արտաքին լուսավորության ցանցը: Խճուղին վերակառուցելու ծրագրում, քաղաքապետի հանձնարարությամբ, ներառվել է նաև ջրահեռացման համակարգերի կառուցումը, որը երբևէ չի եղել խճուղում:

Բարեկարգման աշխատանքները մեծ թափով են ընթանում նաև Թամանցիների փողոցում, որտեղ կազմաքանդվում են տրամվայի գծերը, իսկ Դավիթ Անհաղթի փողոցում տրամվայի գծերն ամբողջությամբ հանված են, այժմ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Եվս մի քանի օր և ծրագիրն այստեղ ամբողջությամբ կավարտվի:

Երևանի քաղաքապետարանի մայրաքաղաքի բարեկարգման տարեկան համալիր ծրագրի համաձայն՝ նախատեսված 1 մլն քմ ասֆալտապատումից այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 400 հազար քմ, ինչը տարեկան ծրագրի 43 տոկոսն է: Ծրագիրն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---