ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացավ մարդկանց շահագործման հարցերով խորհրդի հերթական նիստը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հուլիսի 27-ին կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը

Խորհուրդը հավանության արժանացրեց 2010թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարություն է փոխանցվել աշխատանքային խմբի մշակած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկների փաթեթը, որի նպատակը օրենսգրքի համապատասխանեցումն է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին:Փաստաթուղթն արժանացել է կառավարության hավանությանը եւ ներկայացվել Ազգային ժողով:

Կարևորվեց նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում:

Նշվեց, որ մեծ նշանակություն է տրվել երեխաների թրաֆիկինգի հնարավոր դեպքերի կանխարգելմանը. պետական և հասարակական կառույցներն այդ նպատակով իրականացրել են համատեղ ծրագրեր և ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են հանրությանը:

Խորհուրդը քննարկեց և հավանություն տվեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի նախագծին, որը ևս առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացում, քանի որ աղքատությունը և գործազրկությունը դիտվում է որպես մարդկանց շահագործման երևույթին նպաստող գործոն: Ծրագրված են նաև տարբեր միջոցառումներ` ուղղված թրաֆիկինգի վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:

Ա. Գեւորգյանը արդյունքների ամփոփումից հետո նա կարևորեց դրանց հրապարակայնության ապահովումը, և հեղինակներին առաջարկեց աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---