ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գաֆեսճյան արվեստի կենտրոնին

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գաֆեսճյան արվեստի կենտրոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է ուղղել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանին` իր շնորհակալությունը հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու համար:

«Կենտրոնը հիասքանչ վայր է և Հայաստան-ԱՄՆ համագործակցության հրաշալի խորհրդանիշ: Գաֆեսճյան քանդակների պարտեզ և առաջին սրահ կատարած շրջայցը իմ երևանյան այցելության ամենատպավորիչ պահերից էր», - ասված է Հիլարի Քլինթոնի նամակում:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Գաֆեսճյան արվեստի կենտրոն է այցելել հուլիսի 5-ին: Նրա պատվին ցուցադրության դրվեց Սիդնի Հաթերի ապակե քանդակը: Նշենք, որ նույն արվեստագետի նմանատիպ քանդակը Քլինթոնները ձեռք են բերել 1993 թ.` Սպիտակ տան հավաքածուի համար: «Սպիտակ տան ծաղկաման» անունով հայտնի քանդակն այժմ Բիլ Քլինթոնի նախագահական գրադարանում է:

Տիկին Քլինթոնը հրճվանքով է նկատել Գաֆեսճյան հավաքածուին պատկանող Հաթերի գործը և պարոն Մարաբյանին հայտնել է իր հիացմունքը ցուցասրահի վերաբերյալ: Ըստ նրա, կենտրոնը պետք է հպարտ լինի իր նվաճումներով: Սիդնի Հաթերի քանդակի ցուցադրումը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում է: Այցելուները կարող են տեսնել այն առաջին սրահում, օգոստոսի ընթացքում:

Գաֆեսճյան քանդակների պարտեզում և առաջին սրահում շրջայց կատարելուց հետո տիկին Քլինթոնը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Խանջյան սրահում:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույն գործերը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հիմնադրել է Ջերարդ Գաֆեսճյանը` 2009 թվականի նոյեմբերին: Հավատարիմ իր առաքելությանը, կենտրոնը ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---