Տաթևում ՀՀ փոխվարչապետը քննարկեց ճոպանուղու կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Հայաստան վերադառնալուց առաջ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

ԼՂՀ-ից փոխվարչապետը մեկնեց Սյունիքի մարզ, ճանապարհին ծանոթացավ նաև Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Տեղ համայնքին հարող հատվածի և Երևան-Մեղրի միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս հատվածի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնց համար կառավարությունը վերջերս հատկացրել է շուրջ 2.9 մլրդ դրամ:

Տաթևում Սյունիքի մարզպետի, ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների, Ազգային մրցունակության հիմնադրամի, «Ամերիա» ընկերության, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ճոպանուղու կառուցման, Երևան- Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Տաթևի համալիր տանող ճանապարհի վերակառուցման ընթացքին, ճանապարհամերձ շինությունների բարեկարգման, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին ճոպանուղու պաշտոնական ներկայացման արարողության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ազգային մրցունակության հիմնադրամի պատասխանատուները փոխվարչապետին ներկայացրեցին հիմնական միջոցառումների վայրը, հյուրերի ժամանման, տեղակայման, արարողության լուսաբանման նպատակով լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Նշվեց, որ ճոպանուղու և ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցին համապատասխան: Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբերի 10-ը: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---