Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը, որը կառուցվել է մանկատան չափահաս սաների խնդիրները լուծելու նպատակով։ Ընդհանուր առմամբ նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ, որն ուղղվել է գույքի ձեռքբերմանը, տարածքի բարեկարգմանը և ենթակառուցվածքների ձևավորմանը։

Նորաբաց կառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելուց և մանկատան սաների պատրաստած փոքրիկ միջոցառումը դիտելուց հետո վարչապետը շրջել է կահավորված սենյակներով, ծանոթացել երեխաների խնամքի և ապրելակերպի պայմաններին, ինչպես նաև նրանց ստեղծագործություններին և ծառ տնկել մանկատան բակում։

Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ցուցաբերված օժանդակության համար և կարևորել Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դերը մանկատան գործունեության մեջ։

1953թ. ստեղծված մանկատունը` որպես սոցիալ-բուժառողջապահական հաստատություն զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքով։ Շուրջ 277 երեխաներից 120-ը չափահաս սաներ են, որոնք այսուհետ ապրելու են նոր մասնաշենքում։ Մանկատան անձնակազմն իրականացնում է երեխաների շուրջօրյա խնամք և ուսուցում հնարավորությունների շրջանակներում, ինքնասպասարկման հմտությունների կիրառում, ֆիզիկական արատների և հոգեբանական խնդիրների կորեկցիա, հիվանդությունների կանխարգելում ու բուժում, ինչպես նաև վերականգնողական տարբեր միջոցառումներ։ Բոլոր կարիքավոր երեխաներն ապահովված են քայլակներով և սայլակներով։ Գործում են նաև անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սպասարկման կենտրոններ՝ բուժարան և մեկուսարան, մանիպուլիացիոն փոքր սենյակ, ատամնաբուժարան, գրադարան, էրգոթերապիայի բաժին, ռենտգենաբանական, պրոֆիլակտիկայի և վերականգնողական կենտրոններ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---