ԵՊՀ-ում կգործի հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոն

ԵՊՀ-ում կգործի հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնի բացման արարողությունը:

ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնը հիմնադրվել է համալսարանի կողմից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` TEMPUS ECESIS ծրագրի շրջանակներում: Կենտրոնի նպատակն է նպաստել ՀՀ քաղաքացիական, համայնքային և պետական ծառայողների վերապատրաստման համակարգերում ՀՀ Կառավարության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրային միջոցառումների շրջանակներում վարչական աշխատակիցների 10 հոգանոց հայաստանյան մեկնարկային խումբը հաջողությամբ վերապատրաստվել է ԵՄ գործընկեր համալսարաններում, որից հետո հաղորդակից է եղել Կոբլենցի, Վալլադոլիդի, Լյուբլինի և Կոզիցեի համալսարանների վարչարարական փորձին` ձեռք բերելով վարչարարական գործընթացի ապահովման համար և քաղաքացիների հետ հաղորդակցության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառության փորձառություն:

Ինչպես հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը, բացմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, TEMPUS ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Կոբլենց-Լանդաու համալսարանից` TEMPUS ECESIS ծրագրի համակարգող Սերգեյ Չեռնիշենկոն և ծրագրի շրջանակներում այլ երկրներում ստեղծված համանման վերապատրաստման կենտրոնների հրավիրված տնօրենները:

TEMPUS ECESIS ծրագրի ամբողջական նպատակն է ուսուցման կենտրոնների ցանց ձևավորել Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի և Մոլդովայի հանրային ծառայողների վերապատրաստման համար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---