Հայաստանում Իրանի քաղաքացի է սպանվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Սամադ Ս.-ն և հայտնել, որ ազգականը` 1960 թ. ծնված Յագուբ Թոհիդիբոստանաբադը, նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձորից ճանապարհվել է ԻԻՀ, սակայն հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ավտոմեքենան հայտնաբերվել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոկայանատեղում, իսկ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ 1985 թ. ծնված Գրիգոր Մ.-ն նոյեմբերի 12-ի գիշերը Գորիսի Երևանյան խճուղուն հարակից տարածքում գործող ավտոկայանատեղի պահակի տնակում մուրճով հարվածներ հասցնելով Յա. Թոհիդիբոստանաբադի գլխին՝ սպանել է նրան, ապա ավտոկայանատեղի աշխատակից, 1989 թ. ծնված Արա Մ.-ի հետ դին սայլակով տեղափոխել և նետել են Վարարակն գետը, որտեղ էլ նոյեմբերի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հայտնաբերվել է դիակը, ասվում է ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ:

Գրիգոր Մ.-ն և Արա Մ.-ն բերման են ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք մուրճը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---