Նոյեմբերի 19-ին Երևանում կիրականացվեն միջոցառումներ` հասարակության ուշադրությունը երեխաների դեմ բռնության խնդիրների վրա բևեռելու նպատակով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին` «Երեխաների դեմ բռնության կանխարգելման միջազգային օրվա» կապակցությամբ, «Վորլդ Վիժն» («World Vision») հայաստանյան գրասենյակը ՀՀ Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառումներ է իրականացնելու, որոնք հնարավորություն կտան հասարակության ուշադրությունը բևեռել երեխաների դեմ բռնության դրսևորումների խնդրի վրա:

Միջոցառումները սկիզբն են առնելու Ա.Խաչատրյանի արձանի հարակից տարածքում ժամը 14:00-ին: Միջոցառմանը ելույթ կունենան «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրահամ Սթրոնգը, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը: Ներկայացումով իր մասնակցությունն է բերելու նաև «ՄԻՄ ստուդիան»: Միջոցառման ամբողջ ընթացքում անցորդներին բաժանվելու են երեխաների դեմ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դրսևորումները կանխելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ` ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների աշխատակիցների և «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ համագործակցող դպրոցների աշակերտների միջոցով:

Միջոցառումներին ներկա են լինելու Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները: Միջոցառումները շարունակվելու են մինչև 17:30 և իրականացվելու են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Պ.Սևակի անվան պուրակի հարող տարածքում, հաղորդում է «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժինը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---