Նոյեմբերի 16-ին Երևանում անցկացվեց «Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում» թեմայով սեմինարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) և ԵՄ-ՏՀԶԿ (OECD)-Սիգմա ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում» թեմայով սեմինարը:

ՔԾԽ առաջարկությամբ SIGMA-ի փորձագետները Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի համակողմանի արտաքին գնահատումը սկսեցին 2009թ. նոյեմբերին` նրա հետագա բարեփոխումների և զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու համար: Գնահատման նպատակն է ուղեցույց հանդիսանալ Հայաստանում կայուն և պրոֆեսիոնալ քաղծառայության համակարգի ամրապնդման համար: Գնահատումը բացահայտում է աշխատակազմի նոր ունակությունների խթանման հատուկ կարիքները, մարդկային ռեսուրսների քաղաքականության և գործիքների զարգացումը, էթիկայի կանոնները և կառավարման կարողությունը:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՔԾԽ-ն, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 45 մարմինների աշխատակազմերի ղեկավարները, ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը և այլոք:

«ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցությունը տեղի է ունենում ԵՄ «Հարևանության քաղաքականության ծրագրից» բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որոնց նպատակը մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է»,- իր խոսքում նշել է ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ Դե Լյուցենբերգերն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումների համար կա բավարար պոտենցիալ ու ցանկություն և անհրաժեշտ է ռեսուրսների ճիշտ բաշխում կատարել:

ՍԻԳՄԱ-ն (Կառավարման և ղեկավարման զարգացման աջակցություն) OECD-ի և ԵՄ համատեղ նախաձեռնություն է, որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այն աջակցում է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներին սկսած 2008թ-ից` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո:

ՍԻԳՄԱ ծրագիրը նախաձեռնվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 1992թ-ին` կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների հանրային կառավարման համակարգերում ընթացող բարեփոխումներին աջակցելու նպատակով: ԵՄ հարևանության քաղաքականության ընդունումից հետո հարավկովկասյան երկրները ներգրավվեցին ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցության շրջանակ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---