Հայաստանում ոչ բոլոր անվճար դեղերն են հասնում հասցեատերերին

Հայաստանում ոչ բոլոր անվճար դեղերն են հասնում հասցեատերերին

PanARMENIAN.Net - Բյուջետային ֆինանսավորման ավելացումը թույլ տվեց բարելավել ծառայությունների մատուցման որակը պոլիկլինիկաներում, ինչպես նաև Հայաստանի որոշակի սոցիալական խմբերին ապահովել անհրաժեշտ դեղամիջոցներով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՀՀ Առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման և դեղամիջոցներով ու տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը:

Մասնավորապես, նրա խոսքով, ՀՀ կառավարության նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ արտոնյալ սոցիալական խմբեր են սահմանվել, որոնք կարող են դեղեր ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով (մինչև 7 տարեկան երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ, մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ, հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ, բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ: Բացի դրանից, որոշմամբ սահմանվում է նաև այն հիվանդությունների ցուցակը, որոնց դեպքում հիվանդները կարող են անվճար ստանալ դեղերը բուժհաստատությունում (տուբերկուլյոզ, հոգեկան հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, շաքարային և ոչ շաքարային դիաբետ, էպիլեպսիա, սրտամկանի ինֆարկտ, պարբերական հիվանդություն, սրտի փականների արատներ, մալարիա, քրոնիկ երիկամային անբավարարություն, ֆենիլկետոնուրիա և այլն): Մարինե Հարությունյանի խոսքով` այդ երկու ուղղություններով բյուջետային ֆինանսավորումը կազմել է 4,5 մլրդ դրամ 250 անուն դեղերի համար:

Մարինե Հարությունյանը հաղորդել է նաև, որ պետծրագրերի իրականացման հսկողությամբ զբաղվում է ինքը` բաժինը և Առողջապահության գործակալությունը, ընդ որում` ստուգումների արդյունքում նաև խախտումներ են հայտնաբերվել, երբ դեղամիջոցները չեն հասել հասցեատերերին: Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ այսօր որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչների արդեն 60-70%-ը գիտեն իրենց իրավունքները, իսկ խախտումների դեպքում կարող են զանգահարել «թեժ գիծ»` 52-88-72:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---