Հայաստանը խստացնում է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

Հայաստանը խստացնում է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին կայացել է Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնաժողովն ստեղծվել է հանրապետության նախագահի հրամանագրով` 2010 թվականին Ազգային անվտանգության խորհրդի նիստում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի հաստատումից հետո:

Նիստում ամփոփվել են նշված ծրագրով 2010 թվականին նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը միացել է այս խնդրին առնչվող միջազգային բոլոր կոնվենցիաներին. «Հայաստանում գործում է պատշաճ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն է տալիս լիարժեք եւ արդյունավետ պայքար մղել այս երեւույթի դեմ: 2010 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է հանցագործությունների 1524 դեպք, որը շուրջ 23 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի ցուցանիշները: Աճ է գրանցվել, ինչը պետք է մի կողմից` մտահոգի մեզ, մյուս կողմից` գոհացնի, քանի որ բացահայտման մակարդակն աճել է: Պետք է ավելի վճռական լինենք այս հանցագործությունների դեմ պայքարում»:

Նշելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող «Կանալ» օպերատիվ միջոցառումներին` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացումը:

Նիստում կարեւորվել է թմրամոլների սոցիալական վերականգնման գործընթացը պատշաճ կազմակերպելու, բնակչությանը թմրամոլության վնասակար ազդեցությունների մասին համապատասխան տեղեկատվություն տալով` թմրամոլության կանխարգելման հարցերը:

Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, նիստում որոշվել է մշակել «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում հանդիպող որոշ խոչընդոտներ վերացնելու համար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---