ՀՀ Հանրային խորհուրդը լսումներ կկազմակերպի «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի շուրջ

PanARMENIAN.Net - «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի նպատակը, որի արժեքը նախնական հաշվարկով մոտ 400 մլն դոլար է, Արա լեռան ստորոտին զբոսաշրջային խոշոր և հրապուրիչ հանգստավայրի կառուցումն է: Նախատեսվում է դեռ խորհրդային տարիներից կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի կառուցման ավարտ, նրա ափամերձ գոտում՝ 3-4 աստղանի 4 հյուրանոցի կառուցում, որոնցից «Սիս» հյուրանոցը՝ երեխաների, «Մասիսը»՝ մեծահասակների, «Նոր Հայաստանը»՝ երիտասարդների համար կլինի, չորրորդ հյուրանոցը՝ ընդհանուր:

Նախատեսվում է հյուրանոցներում մարզական և զվարճանքի այլ կենտրոններ հիմնել, հայոց պատմության թանգարան և այլն: Հանգստավայրը նախատեսվում է կառուցել 35 հա մասնավոր հողատարածքի վրա. ջրամբարի 1000 հա տարածքը Եղվարդի քաղաքապետարանի սեփականությունն է: Ծրագրի իրականցման արդյունքում 1000-2000 նոր աշխատատեղ կբացվի հատկապես Եղվարդ քաղաքի բնակիչների և մոտակա բնակավայրերում ապրողների համար: Եղվարդի ջրամբարի կառուցմամբ՝ տեղումներից կուտակվող ջրերն Արարատյան դաշտավայրով չեն հոսի ուղիղ Նախիջևանի ջրամբար, հնարավոր կլինի այդ ջուրը կուտակել և գյուղատնետսական նպատակներով գործածել, որի արդյունքում հնարավոր է, որ իջնի ոռոգման ջրի սակագինը: Կառուցվելիք խաղատները, ըստ հեղինակի, փոխելու են Հայաստանում խաղատնային ավանդույթը. ոչ թե ազարտի, այլ սոցիալական ուղղվածություն կունենան, երբ, «օրինակ ծեր մարդիկ, շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել իրար հետ, ինչպես Լաս Վեգասում է»:

«Որևէ ֆինանսավորում, հարկային արտոնություն կամ հողատարածքի հատկացում Հայաստանի կառավարությունից չենք խնդրե»՚,¬ ասում է ծրագրի հեղինակ Արմեն Վարդանյանը, որի ներկայացրած հաշվարկներով, հաջող իրագործվելու դեպքում Հայաստանում ՀՆԱ-ն տարեկան կավելանա 100 միլիոն դոլարով:

Ամերիկահայ գործարար, ԱՄՆ¬ի և Հայաստանի քաղաքացի Արմեն Վարդանյանը, որի գործունեությունն ԱՄՆ-¬ում հիմնականում անշարժ գույքի ոլորտում է լիցենզավորված, ասում է, որ հեղինակները ցանկություն ունեն «ծրագիրը դարձնել հասարակական քննարկման առարկա, նրան տալ համազգային բնույթ, այն արժանացնել աշխարհասփյուռ հայ ներդրողների ուշադրությանը»: Ծրագիրը կառավարելու առաջարկով հեղինակները դիմել են նաև ԷմՋիԷմ Ռիզորթս ընկերությանը, որն էլ շուկայի նպատակային գնահատման համար դիմել է միջազգային հեղինակավոր «Նովեյշըն Գրուփ» կազմակերպությանը և պատասխան ստացել, որ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի շուկայի պոտենցիալը գերազանցում է միջազգային ասպարեզում նման ծրագրերի շուկաների պոտենցիալը: Վերջնական արդյունքի մասին հանրությանը կտեղեկացվի իր ժամանակին, ասվում է Հանրային խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:

Հանգստավայրի բացումը ծրագրի հեղինակները նախատեսում են 2015թ.:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---