Հայ սեյսմոլոգները վստահեցնում են` խուճապի մատնվելու պատճառ չկա

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Վրաստանում և Ադրբեջանում գրանցված ստորերկրյա ցնցումները չի կարելի կապել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու ցունամիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում մշտապես ստորերկրյա ցնցումներ են գրանցվում: «Տարածաշրջանում հաճախակի են ստորերկրյա ցնցումներ զգացվում, և մեր սարքերը մշտապես գրանցում են դրանք: Գոյություն ունի սեյսմիկ ակտիվության ընդհանուր ֆոն հասկացությունը, որի արդյունքում կուտակված էներգիան ազատվում է տարբեր հզորության ստորերկրյա ցնցումների տեսքով»,- ասել է Պետրոսյանը` ավելացնելով, որ այսօր խուճապի մատնվելու պատճառ չկա:

Մարտի 14-ին Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել: 3,5 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:27-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Շիրվան քաղաքից 35կմ դեպի հյուսիս` 35կմ խորության վրա:

3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի տարածքում:

Մարտի 11-ին 9.0 մագնիտուդով երկրաշարժը Ճապոնիայում մոտ 10մ բարձրությամբ ցունամի առաջացրեց: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը 24 կմ խորության վրա էր: Շուտով նույն շրջանում ևս մի քանի հզոր ստորերկրյա ցնցումներ գրանցվեցին` ավելի քան 6,0 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---