Ապրիլի 21-22-ի գիշերը կարելի է հետևել «ընկնող աստղերի» հոսքի

Ապրիլի 21-22-ի գիշերը կարելի է հետևել «ընկնող աստղերի» հոսքի

PanARMENIAN.Net - Մոտենում է Լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, որը կդիտվի ապրիլի 21-22-ի գիշերվա երկրորդ կեսին Քնարի (Լիրայի) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: «Ընկնող աստղերի» Լիրիդների հոսքն արդեն սկսվել է և ընդհանուր առմամբ տևում է 10 օր` ապրիլի 16-26, սակայն մաքսիմումից բացի մյուս օրերին այն բավական թույլ է:

Հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում կհասնի ժամում 10 ասուպի: Լիրիդներն ունեն երկու առանձնահատկություն. 1) նրանց դիտումները սկսվել են դեռևս 2600 տարի առաջ, ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ և 2) նրանք ժամանակ առ ժամանակ բռնկում են ցուցաբերում` հասնելով ժամում մինչև 100 ասուպ, ինչի պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որևէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ, Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից (ռադիանտից):

Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---