Ապրիլի 19-ին Օշականում կբացվի 1827թ. ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշահամալիրը

Ապրիլի 19-ին Օշականում կբացվի 1827թ. ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշահամալիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, Օշականում տեղի կունենա Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում 1827թ. տեղի ունեցած ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացուման արարողությունը: Այն կանցկացվի Հայ-ռուսական առաջին միջմարզային համաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ համաժողովի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» ռուսական հիմնադրամն ու Հայկական զարգացման գործակալությունը: Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի ավելի քան 20 մարզերից ժամանած պատվիրակություններ` մեծամասամբ նահանգապետերի գլխավորությամբ: Համաժողովի բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի եւ Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ, PanARMENIAN.Net ին հայտնել է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Օշականի հուշահամալիրի բարեկարգման մտահղացումը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նախօրեին հանդիպել է ռուսական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկողոսյանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանման կարեւորությունը` հայտնելով, որ ընդհանուր պատմության հուշարձաններին նոր շունչ տալու սկիզբ առած գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում դրան նոր շունչ հաղորդվեց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---