Մանկապարտեզներ. Ծնողները բողոքում են, քաղաքապետարանը` լռում

Մանկապարտեզներ. Ծնողները բողոքում են, քաղաքապետարանը` լռում

PanARMENIAN.Net - Որքան էլ ցավալի է, արդեն երկրորդ անգամ տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի կյանքում նորամուծություններ է մտցնում` դրանց համար փորձադաշտ ընտրելով հասարակության խոցելի շերտերը: Փողոցային առևտրով զբաղվողներից հետո հերթը հասավ մանուկներին: Այսօր Երևանի Կենտրոն համայնքի մոտ 20 մանկապարտեզի երեխաներն ու նրանց ծնողները այդ նորամուծության պատճառով ստիպված են եղել սառել անձրևի տակ: Առավոտյան 8:30-ից հետո մանկապարտեզի դռները նրանց համար փակ են եղել: Բացատրությունը եղել է կարճ` քաղաքապետի հրահանգն է, իսկ հրահանգը տրվել է` հաշվի առնելով առավոտյան խցանումները:

Ավելի ուշ արդարացի վրդովված ծնողներին քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ Սիլվա Աչոյանը փաստել է, որ սա մեկամսյա փորձ է և երեխաներին կոփելու ձև:

Հարց է առաջանում, թե ինչու կոփման այս ձևին անցնելու մասին ծնողներին չեն հայտնել նախապես կամ ինչու նման հրահանգներն ընդունվում են առանց նրանց հետ խորհրդակցելու: Թվում է, թե խնդիրը բնավ լուրջ չէ, իսկ ծնողների բարձրացրած դժգոհությունը` չափազանցված:

Այնուամենայնիվ հերթական անգամ փաստում ենք, որ քաղաքային իշխանությունները որոշումներ են ընդունում` առանց հաշվի առնելու դրանց կիրառման հնարավոր հետևանքներն ու առանց կանխատեսելու, թե դժգոհության ինչ ալիք կբարձրանա: Հակառակ դեպքում քաղաքապետարանն այսքան չէր հապաղի տարածել պաշտոնական մեկնաբանությունը, ինչին ԶԼՄ-ները սպասում են դեռ օրվա կեսից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---