Կարեն Կարապետյանը սխալ է համարում Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի

Կարեն Կարապետյանը սխալ է համարում Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքագլուխ Կարեն Կարապետյանը Facebook սոցիալական կայքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակման հարցով, ինչի մասին քննարկումները չեն դադարում հասարակությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված թույլ տվեք նշել, որ ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով և այլն։ Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս։ Ամեն ինչ կախված է թե թիմին ու կառավարիչներին ինչ լիազորություններ և ազատության աստիճան է տրվում և ինչ խաղի կանոններով են շարժվում։

Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և «բացասական» փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել։

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանի թիմը ձևավորում է բաց և թափանցիկ մթնոլորտ, որտեղ երևանցին կարողանում է վերահսկել մեր աշխատանքը։

Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու։

Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։

Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա։

Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև պարոն Հասրաթյանը»։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---