Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոնեյր ռևանշ-մենամարտը չի կայանա

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 20-ին Սիդնեյում (Ավստրալիա): Դարչինյանի մրցակիցը լինելու է ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիան, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է 49 կգ քաշային կարգում:

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի և WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) միջև բանակցությունները ռևանշ-մենամարտի մասին, որոնք տևել են մեկուկես ամիս, մտել են փակուղի: Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը մեղքը գցում է Դոնեյրի թիմի վրա: «Մենք պայմանագիր ենք ստորագրել բանակցությունները սկսելուց 2 օր անց,- ասել է նա: - Մենք այսքան ժամանակ սպասել ենք, որ Դոնեյրը որոշի` ինչ է ուզում: Շատ հեշտ է ապացուցել, թե ով չի ուզում այս մենամարտը: Դա պայմանագիրը չստորագրած կողմն է»: Դարչինյանն ասել է. «Ես երկու վարկածներով չեմպիոն եմ և պարտավոր չեմ սպասել Դոնեյրին,- ասել է Դարչինյանը: - Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել 4-5 քաշային կարգերում և չեմ պատրաստվում ժամանակ ծախսել, քանի Արքայադուստր Նոնիտոն կորոշի` մենամարտ ցանկանում է, թե ոչ: Նոնիտոն գիտի, թե նրան ինչ է սպասում մեր հանդիպման դեպքում: Ես նրան նոկաուտի եմ ենթարկելու: Կարծում եմ` շատ խելացի է չհանդիպել մրցակցի հետ, որը կկործանի քո կարիերան»: «Ես ցանկանում եմ այս մենամարտում կրկին հաղթել Դարչինյանին: Նաև ցանկանում եմ երկրպագուներին ապացուցել, որ ես կրկին նոկաուտի կենթարկեմ նրան, ինչպես դա արեցի անցած անգամ,-նշել է Դոնեյրը:-Եկեք թողնենք այս խոսակցությունները և կազմակերպենք այս մենամարտը»:

«Super Six Boxing Classic» մրցաշարի մասնակիցների` միջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) և WBC վարկածով նախկին չեմպիոն բրիտանացի Կառլ Ֆրոչի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում: Դանիայում Միքել Կեսլերին պարտվելուց հետո Ֆրոչը հայտարարել է, որ Արթուրի հետ մենամարտն անցկացնելու է միայն իր հայրենիքում` Նոթինգհեմում (Անգլիա), այլապես նա կդադարեցնի մասնակցությունը մրցաշարին: Միևնույն ժամանակ Աբրահամի թիմի անդամները հայտարարել են Բեռլինում մարտն անցկացնելու հավանականության մասին: Ըստ պայմանագրի, Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի մենամարտը պետք է տեղի ունենա Եվրոպայում, և այս դեպքում Շվեյցարիան կարող է չեզոք տարածք լինել, որը բավարարելու է երկու կողմերի պահանջները: Անկախ մարտն անցկացնելու համար տեղի ընտրությունից, հանդիպման ամսաթիվը` օգոստոսի 21-ը, դեռ մնում է անփոփոխ: Իսկ առաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (69,9 կգ) ռինգ դուրս կգա հունիսի 5-ին Բրոնքսում (ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ): Նրա մրցակիցը կլինի առայժմ անպարտելի ամերիկացի Ջո Գրինը:

Նադյա Ռաոիի (Գերմանիա) հանդեպ տարած հաղթանակից հետո հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) պաշտպանել է WBA, WBO և WIBF վարկածներով տիտղոսները: Կենտիկյանն ասել է, որ մենամարտը նայել է հեռուստացույցով և կարծում է, որ Ռաոին լավ է բռնցքամարտել: “Ռինգում ես չէի զգում նրա ճնշումը: Անցյալ տարի ես հաղթել եմ 4 մրցակցուհիների, որոնք աշխարհի չեմպիոններ էին: Սակայն, այս անգամ ես լավագույն մարզավիճակում չէի”,- ասել է հայ բռնցքամարտիկը: Կենտիկյանի խոսքերով, նա հանդիպելու է Ռաոիի հետ ևս մեկ անգամ. «Նադյան խաղ-ռևանշ է ցանկանում, կարծում եմ, դա ուզում են նաև երկրպագուները: Բայց հիմա ես ցանկանում եմ միայն մարզվել և վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին: Ես գիտեմ, որ հաջորդ մենամարտում կազմ ու պատրաստ կլինեմ»,- ասել է Կենտիկյանը:

Շախմատ. FIDE-ն (Միջազգային շախմատային ֆեդերացիա) հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ու շախմատիստուհիների անունները ըստ մինչև այս տարվա մայիս ամիսը ձեռք բերած արդյունքների: Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2783 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 2813 միավորով մրցաշարային սանդղակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) 2-րդ տեղում է, նա Կարլսենին միայն մեկ միավորով է զիջում: Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 3-րդ տեղում է, իսկ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը` 4-րդ: Կանանց վարկանիշային սանդղակում հայ շախմատիստուհիներից բարձր տեղ է զբաղեցնում Լիլիթ Մկրտչյանը, նա 13 հորիզոնականով իջել է և 2477 միավորով 26-րդն է: Էլինա Դանիելյանը (2473) իջել է 11 հորիզոնականով և 29-րդ տեղն է զբաղեցնում: Ապրիլի 25-ից մայիսի 8-ը Նալչիկում ընթանում է կանանց Գրան պրին: Մինչև մայիսի 6-ը կայացել է 9-րդ տուրը: Հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 9-րդ տուրից հետո հավաքել են համապատասխանաբար 4 և 1,5 միավորներ: Մկրըչյանը զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Դանիելյանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թենիս. Երևանում ավարտվել է կանանց թենիսի Fed Cup-ի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականը Բ խմբում երեք պարտություն է կրել Վրաստանի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի հավաքականներից: Վճռական պայքարում հաղթելով ՀԱՀ հավաքականին` հայ թենիսիստուհիները կարողացան մնալ երկրորդ խմբում, որում խաղալու են 2011-ին: Առաջին խմբի ուղեգրեր նվաճել են Հունաստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները, իսկ Նորվեգիայի և ՀԱՀ հավաքականները դուրս են մնացել եվրոաֆրիկյան գոտու երկրորդ խմբից: Ծանրամարտ/b>. Մայիսի 16-23-ը Վալենսիայում տեղի է ունենալու Եվրոպայի պատանեկան առաջնություն, որտեղ հանդես են գալու 8 ծանրորդներ և 1 կին ծանրորդ: Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ անցկացրել են 3 ոուսումնամարզական հավաք: «Տարեսկզբին 2 հավաք անցկացրել ենք Ծաղկաձորում, իսկ արդեն մայիսի 3-ին մինչև առաջնությանը մեկնարկը մարզվելու ենք Աբովյանում: Կարծում եմ` իմ սաները լիովին պատրաստ են Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Կիզողյանը:

Վալենսիայում ելույթ են ունենալու Իզաբելլա Յալյանը (53 ք/կ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62 ք/կ), Րաֆֆի Մելիքյանը և Արեն Ներսիսյանը (77 ք/կ), Ազատ Սայադյանը (85 ք/կ), Համլետ Պողոսյանը (94 ք/կ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (ք/կ+105):

Ըմբշամարտ. Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են վարկանիշային մրցաշարի, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում: Ըմբիշները կպայքարեն Սինգապուրի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ավագ մարզիչ Էդուարդ Թունյանցը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ ըմբիշները սկսել են պատրաստվել մրցաշարին ապրիլի 15-ից: «Առաջին հավաքը տեղի ունեցավ Աբովյանում և ավարտվեց ապրիլի 27-ին: Այժմ մարզիկները հանգստանում են: Մայիսի 8-9 Վանաձորում նրանք կմասնակցեն մարշալ Բաղրամյանի անվան մրցաշարին, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին»,-ասել է մարզիչը: Վերջին հավաքը տեղի կունենա Երևանում մայիսի 8-19-ը: Մրցաշարին կմասնակցեն հունահռոմեական ոճի 4 և ազատ ոճի 5 ըմբիշ. Հունահռոմեական ոճ` Ալբերտ Վարդանյան (42կգ ք/կ), Ռուդիկ Մկրտչյան (50 կգ ք/կ), Ասատուր Արշակյան (69կգ ք/կ) և Վարոս Պետրոսյան (85կգ ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Գագիկ Խաչատրյանը: Ազատ ոճի ըմբշամարտ. Արտակ Հովհաննիսյան (46կգ ք/կ), Գոռ Գրիգորյան (54կգ ք/կ), Սամվել Պետրոսյան (63 կգ ք/կ), Գևորոգ Համբարձումյան (76 կգ ք/կ), Համլետ Աբրահամյան (120կգ ք/կ): Ավագ մարզիչն է Էդուարդ Թունյանցը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---