Արդեն հայտնի են, թե ինչպիսի հավաքականներ կներկայացնեն Հայաստանը Մոսկվայի աշխարհի առաջնությանը

Օգոստոսի 19-26-ի մարզական իրադարձությունների ամփոփում

Ըմբշամարտ. Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում:

PanARMENIAN.Net - Մոսկվայում ելույթ կունենան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 ք/կ), Վահան Ջուհարյանը (60 ք/կ), Արման Ադիկյանը (66 ք/կ), Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ), Դենիս Ֆորովը (84 ք/կ), Սարգիս Տոնոյանը (96 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը (120 ք/կ):

Օգոստոսի 25-ից հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Երևանում և սեպտեմբերի 4-ին կմեկնի Մոսկվա:

Իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ներկայացրել է հետևյալ կազմը. Գեղամ Բաբախանյան (55 ք/կ), Արթուր Առաքելյան (60 ք/կ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյան (66 ք/կ), Սուրեն Մարկոսյան (74ք/կ), Վադիմ Լալիև (84 ք/կ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ենոքյան (94 ք/կ) և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռուսլան Բասիև (120 ք/կ):

Ֆուտբոլ. Օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը`Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ազգային ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին:

Հայաստանի և Իռլանդիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղի տոմսերը գների փոփոխության պատճառով հանվել են վաճառքից, քանի որ հավաքականի երկրպագուները դժգոհ են եղել: Նոր տոմսերը կարժենան 200-6000 դրամ: Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը:

Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը: Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան:

Օգոստոսի 25-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Աշխարհի գավաի 2011 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում «Միկա» մարզադաշտում հանդիպեց Պորտուգալիայի հավաքականին և պարտվեց 3:0 հաշվով: Հայաստանի հավաքականը առանց միավորների եզրափակում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

Օգոտոսի 21-ին և 22-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի 18-րդ տուրի խաղերը: Միակ ոչ ոքին գրանցվել է «Կիլիկիա»-«Իմպուլս» խաղում:

«Միկան» Գյումրիում կարողացել է հաղթել «Շիրակին» Էդնեյ դե Օլիվեյրայի գոլի շնորհիվ: Արսեն Բալաբեկյանի գոլի շնորհիվ «Բանանցը» կարողացավ 1:0 հաշվով հաղթել «Գանձասարին» և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (44 միավոր): Հայաստանի առաջնության կենտրոնական խաղում «Փյունիկը» 5:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Ուլիսին»: Այսպիսով, «Փյունիկը» 39 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական, «Ուլիսը» 38 միավորով 3-րդ տեղում է:

Ուկրաինայի գլխավոր լիգայում Դոնեցկի «Մետալուրգը» 7-րդ մրցաշարում ընդունել է «Վորսկալին» և հաղթել 2:0 հաշվով: «Մետալուրգի» երկրորդ գոլը խփել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Արտակ Դաշյանը` որպես փոխարինող դաշտ է դուրս եկել խաղի երկրորդ կեսին: Մրցաշարում Դոնեցկի ակումբը 10 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Դանիայի առաջնության 6-րդ մրցաշրջանում «Ռանդերսը» ոչ ոքի խաղաց «Սիլկեբորգի» հետ: «Ռանդերսի» կազմում են հանդես եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը և պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: «Ռենդերսը» մրցաշարային աղյուսակում 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 25-րդ մրցաշարում «Խիմկին» հյուրընկալվել է առաջնությունը գլխավորող «Կուբանին»: Նվազագույն հաշվով հաղթանակել են «Կուբանի» ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պաշտպանության տակ եղած դարպասին գոլ է խփել Սերգեյ Դավիդովը:

«Խիմկին» 36 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Իսկ «Ուրալ» թիմը, որտեղ խաղում էին Դենիս Թումասյանը և Արթուր Մալոյանը խաղացել է «Սալյուտի» հետ` 1:1 հաշվով և 40 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Շախմատ. Երևանում ավարտվել է առաջին Համահայկական շախմատային օլիմպիադան, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից:

Մրցաշարն ընթացել է անհատական և թիմային պայքարում շվեյցարական համակարգով: Թիմային առաջնությունում լրացուցիչ արդյունքներով հաղթել է ԱՊՀ թիմը, երկրորդ տեղում են Երևանի շախմատիստները, երրորդ տեղում` եվրոպացի շախմատիստները:

Անհատական պայքարում անգերազանցելի էր Պողոս Նահապետյանը (Ռուսաստան), երկրորդ տեղում է` Տիգրան Պետրոսյանը (Երևան), երրորդ տեղում` Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա): Կանանց շարքում հաղթող է դարձել Դիանա Հարությունովան (Ուկրաինա), երկրորդ տեղում է Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ), երրորդ տեղում` Սիրանուշ Անդրեասյանը (Հայաստան): Բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Հատուկ մրցանակներ են ստացել ամենակրտսեր մասնակիցները` Սամվել Սևյանը (Սան Ֆրանցիսկո) և Մանուել Պետրոսյանը (Արցախ):

Օլիմպիադային մասնակցում էին 12 թիմեր (40 շախմատիստներ) 10 երկրներից: Յուրաքանչյուր թիմ ներկայացնում էին 3 պատանի և մեկ աղջիկ: Թիմերը կազմվել էին տարածաշրջանային սկզբունքով` Հայաստան և Ռուսաստան (երկուական թիմ), Արցախ, ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա (մեկական թիմ):

Օլիմպիադա. Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում: Արծաթե մեդալ է նվաճել ծանրորդ Գոռ Մինասյանը, բրոնզե մեդալներ են նվաճել` Սմբատ Մարգարյանը, ազատ ոճի մարզիկ Արտակ Հովհաննիսյանը և ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը:

Թենիս. Դավիթ Նալբանդյանը չկարողացավ հաղթահարել Ցինցինատիում ընթացող Western & Southern Financial Group Masters 2010-ի երրորդ շրջանը: Նա զիջեց աշխարհի երրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին

Նալբանդյանը պարտվել է 6:1, 7:6 հաշվով: Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 37 րոպե: Սա սերբի երրորդ հաղթանակն է արգենտինացու նկատմամբ, որը թույլ է տվել նրան մեծացնել իր առավելությունը մրցակցի հետ անձնական հաշվում (4-1): ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) օգոստոսի 23-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային սանդղակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում (ԱՄՆ) Western & Southern Financial Group Masters առաջնությունում հաջող ելույթներից հետո հերթական անգամ բարձրացել է վարկանիշային սանդղակում: Նախորդ վարկանիշի համեմատ Նալբանդյանը բարձրացել է չորս հորիզոնականով և 33-րդ տեղն է զբաղեցնում 1235 միավորով:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---