Շախմատի Հայաստանի 71-րդ չեմպիոն դարձավ 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը

Հունվարի 27-ից փետրվարի 3-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Վեյկ ան Զեեում ավարտվել է ավանդական շախմատային փառատոնը: Լևոն Արոնյանը գլխավոր մրցաշարում լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը, Մագնուս Կարլսենը, որն Արոնյանի նման ուներ 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը 9 միավորով դարձել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), 2-րդ տեղում 8.5 միավորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):

PanARMENIAN.Net - Գաբրիել Սարգսյանը B մրցաշարում 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը: 8.5 միավորով հաղթող է դարձել Լյուկ ՄաքՇեյնը (Անգլիա):

Ավարտվել է շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունը, որը FIDE դասակարգման մեջ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջին անգամ երկրի առաջնությունում բոլոր 12 մասնակիցները գրոսմայստերներ էին:

Հայաստանի չեմպիոն է դարձել 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը: 11 տուրերում նա զիջել է միայն մեկ պարտիայում` պարտվելով 2010-ի Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանին, 4 պարտիաներում միավորները կիսել է մրցակիցների հետ, 6-ում` հաղթանակ տարել:

Երկրորդ տեղում 7 միավորով գտնվում է մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Տեր-Սահակյանը: Երիտասարդ գրոսմայստերը 3 տուրերում հաղթանակ է տարել, մնացած 8 տուրերում խաղացել է ոչ ոքի: 7 միավոր է հավաքել 2010-ի Ռուսաստանի գավաթակիր 21-ամյա Զավեն Անդրիասյանը և զբաղեցրել 3-րդ տեղը: 11 տուրերում նա ոչ մի անգամ չի պարտվել:

Շախմատի Հայաստանի առաջնության ավարտից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: Շախմատի ֆեդերացիայից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են, որ առաջնությանը մասնակցել են 27 շախմատիստներ:

Տիգրան Պետրոսյանը 6.5 միավորով դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն: Հրանտ Մելքումյանը 6 միավորով նվաճել է արծաթե մեդալ, երրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Վարդանյանը (6 միավոր):

Ֆուտբոլ. Փետրվարի 2-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նահաջել է 2 հորիզոնականով և 514 միավորով զբաղեցնում է 62-րդ տեղը: Եվրոպայի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանը բարձրացել է 12-րդ տեղը, Սլովակիան մնացել է 20-րդ տեղում, Իռլանդիան` 35, Մակեդոնիան` 79, Անդորրան` 202:

«Մենք բոլորս գիտենք, որ այժմ շատ ուժեղ ազգային թիմ ունենք, որտեղ ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնց հատուկ է հաղթանակի ձգտումը, համախմբվածությունը: Եվ ահա հիմա, երբ մենք շանս ունենք հաղթահարելու Եվրո-2012-ի խմբային փուլը, հայտնվեցին մարդիկ, որոնք հայտարարելով, թե Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախված է», ուզում են խայտառակել մեր երկիրը և ֆուտբոլի ֆերեդացիան: Մեր ֆուտբոլիստներն ընդունակ չեն նման քայլի: Ես սիրում եմ իմ երկիրն ու հավաքականը, ՀՀ նախագահն անձամբ է ինձնից հաղթանակ պահանջել Ռուսաստանի հետ խաղում»,-ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախելու» մասին լուրերը: Հայրապետյանը նշել է, որ նա ինքը ևս ներկայացնում է Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում, ինչպես օրինակ ՖԻՖԱ-ում և ՈՒԵԱՖԱ-ում և ցանկացած նման դեպք ուսումնասիրվում է այդ կազմակերպությունների կողմից և խանգարում է հայկական ֆուտբոլի զարգացմանը:

«Ռուսաստանի հավաքականը թույլ թիմերի թվին չի պատկանում, որը կցնկանար զիջել մեզ կամ «գնել» խաղը: Ուղղակի որոշ մարդիկ հավատարիմ են մնում քննադատելու իրենց սովորությանը, նույնիսկ երբ մեր հավաքականը սկսել է հաղթել: Չէ որ դրանով նրանք լարվածություն են առաջացնում ֆուտբոլիստների միջև, ինչը կարող է սխալների հանգեցենլ խաղի ժամանակ»,-ասել է Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է որոշում բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումը` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ և ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա 2011թ. առաջնությանը մասնակցելուց:

Այսպիսով` 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Շիրակ» և «Արարատ»:

«Կիլիկիա» ակումբի հրաժարականի հետևանքով տեղի կունենան փոփոխություններ 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում: Խաղացանկով նախատեսված նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա: Փոխարենը կանցկացվի վիճակահանություն «Շիրակ» և «Արարատ» ակումբների միջև, «Փյունիկ» և «Ուլիս» ակումբների մրցակիցներին ի հայտ բերելու նպատակով, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել լեհական «Յագելոնիա» ակումբի հետ: Ֆուտբոլիստը ակումբում հանդես կգա մինչև 2014 թվականը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Յուրի Մովսիսյանը հաջողությամբ անցավ բժշկական հետազոտությունը Գերմանիայում և ստորագրեց «Կրասնոդար» ՖԱ հետ անհատական պայմանագիրը:

Պայմանագրի ժամկետը 3,5 տարի է, այսինքն` մինչև 2013-2014 խաղաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ միասին կմեկնի երկրորդ հավաքի, որը տեղի կունենա փետրվարի 2-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Արևելյան Եվրոպայի և Սկանդինավիայի ակումբների Copa del Sol մրցաշարի կիսաեզրափակիչ, որն ընթանում է իսպանական Մարբելա քաղաքում:

«Նորդշելանդ» (Դանիա) ՖԱ-ի դեմ խաղն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ «Շախտյորի»: Դոնեցկի ակումբի կազմում առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա այդ խաղում շատ ակտիվ էր և ճանաչվել է այդ խաղում «Շախտյորի» լավագույն խաղացող:

Փետրվարի 4-ին կիսաեզրափակչում «Շախտյորը» խաղալու է «Ռուսենբորգի» հետ (Նորվեգիա):

Բռնցքամարտ. Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարը պնդում է, որ մոտ ժամանակները WBC-ն կարող է հավանություն տալ Աբներ Մարեսի հետ Դարչինյանի ռևանշին: Կրկնակի մենամարտը կարող է կայանալ այս տարվա վերջին: Բողոքը, որը ներկայացրել է Դարչինյանի թիմը, ուղղված է մրցավար Ռոբերտ Հովարդի և կողային մրցավարներից մեկի դեմ: Գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Մարեսը շուրջ 20 հարված է հասցրել գոտկատեղից ներքև, ընդ որում նրանցից 14-ն ուղղվել են աճուկային շրջան: Մենամարտն ընթանում է թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում, Դարչինյանը պարտվել է միավորներով:

Նասարը հաղորդել է, որ բռնցքամարտիկի փրոմոութեր Գարի Շոուն տեղեկատվություն է ստացել WBC պաշտոնական ներկայացուցչից այն մասին, որ WBC-ն պատրաստ է բավարարել Դարչինյանի թիմի խնդրանքը Մարեսի հետ նոր մենամարտ անցկացնելու մասին: «Հիմա Դարչինյանը կենտրոնացնում է իր ուժերը ոչ թե այս մարտի, այլ ապրիլին Լոս Անջելեոսում Յոնի Պերեսի դեմ կայանալիք մենամարտի վրա»,- Նասարի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

EUBC (Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիա) հանձնաժողովի հերթական նիստում որոշում է ընդունվել, որ այսուհետև բռնցքամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունները տեղի կունենա նույն տարում: Մինչ այդ աշխարհի առաջնությունները տեղի են ունեցել կենտ տարիներին, իսկ Եվրոպայի առաջնությունները` զույգ:

2011-ին Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտեր են ներկայացրել Թուրքիան և Բուլղարիան: 2011-ի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 10-19-ը Բուլղարիայում:

Եվրոպացի դպրոցականների առաջնությունը տեղի է ունենալու Գրոզնիում հուլիսի 7-16-ը, իսկ կանանց և պատանիների շարքում Եվրոպայի առաջնությունը` օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ն Օրենբուրբում:

Այս օրերին հայ բռնցքամարտիկները գտնվում են Աբովյան քաղաքում, որտեղ անցկացնելու են ուսումնամարզական հավաք: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասել է, որ այդ հավաքն օգնելու է պատրաստվել միջազգային մրցաշարի, որը կայանալու է փետրվարի 15-20-ը Բուլղարիայում:

«Ես դեռ չեմ որոշել, թե ինչ կազմով ենք Բուլղարիա մեկնելու, բայց հիմա Աբովյանում մարզվում են 22 մարզիկներ: Վերջում պարզ կլինեն նրանց անունները, ովքեր կներկայացնեն Հայաստանը Բուլղարիայում»,- ասել է նա:

Այդ մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները սկսելու են երկրորդ հավաքը, որը տեղի է ունենալու մարտի 8-22-ը: Մարտի 22-27-ը նրանք մասնակցելու են Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Ըմբշամարտ. Հունվարի 30-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից ու Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանի չեմպիոններ դարձան Արմեն Չոմարյանը (55 կգ ք/կ, ԲԿՄԱ), Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ, Գյումրի), Սասուն Ղամբարյանը (66 կգ ք/կ, Երևան), Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ, ԲԿՄԱ), Արթուր Շահինյանը (84 կգ ք/կ, ԲԿՄԱ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ, ԲԿՄԱ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ ք/կ, Երևան):

Առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որը փետրվարի 3-ից կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը Երևանում և կմեկնի Աշխարահի գավաթի առաջնությանը, որը կանցնի փետրվարի 17-20-ը Մինսկում (Բելառուս): Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Դորտմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը, հավաքականը ևս երկու հավաք կանցկացնի:

Ձյուդո. Մինչև 60 կգ քաշային կարգում 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը 4 մենամարտերից երեքում հաղթանակ է տարել: Երրորդ տեղի համար պայքարում նա հաղթել է Դավիթ Ասումբանիին (Վրաստան) և նվաճել բրոնզե մեդալ:

Նույն քաշային կարգում Գոռ Հարությունյանը նույնպես անցկացրել է 4 մենամարտ, բայց երկուսում պարտվել է և զբաղեցրել 7-րդ տեղը:

Մինչև 66 ք/կ-ում 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը 5 մարտերից 3-ում հաղթանակ է տարել, իսկ 2-ում` պարտություն: Նազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Աշխարհի գավաթից հետո հավաքականի հիմնական անդամները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարերի: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են՝ խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի միավորներ

Թենիս. Հունվարի 31-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ առաջ է անցել 2 հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:

ATP վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12390 միավորով, երկրորդ տեղը` Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 7965 միավորով, իսկ երրորդ տեղը` Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7880 միավորով:

Դավիթ Նալբանդյանը բավականին խնդիրներ ունեցավ Սանտյագոյում ընթացող Movistar Open-2011-ի մրցաշարի մեկնարկային ռաունդում:

Առաջին խաղում Նալբանդյանը խաղացել է արգնետինացի Կարլոս Բերլոկի հետ: Նալբանդյանը կոտրեց մրցակցի դիմադրությունը միայն երրորդ՝ վճռական սեթում՝ հաղթելով 6:2, 2:6, 6:2 հաշվով: Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 57 րոպե: Այդ հաղթանակը երկրորդը դարձավ 2005թ. մրցաշարի չեմպիոնի համար, հաղորդում է gotennis.ru-ն: Ներկա մրցումների երկրորդ շրջանում Նալբանդյանը կհանդիպի Օրասիո Սեբալյոսի հետ:

Նալբանդյանի ու Սեբալյոսի ուղիները դեռ երբեք չեն խաչվել միջազգային մրցումներում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---