Տարմո Ռյույտլի. Հայաստանի ու Էստոնիայի հավաքականները հաջողության հասնելու հավասար շանսեր ունեն

PanARMENIAN.Net - Էստոնիայի հավաքականի մարզիչ Տարմո Ռյույտլին հուսով է, որ Էստոնիայի հավաքականը միավորներ կվաստակի 2010թ Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղալով Հայաստանի հավաքականի հետ: Ռյույտլին խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականն ավելի արագընթաց ու վառ ֆուտբոլիստներ ունի, քան իր թիմը, սակայն ֆուտբոլը նաեւ թիմային խաղ է եւ նա հույսը դրել է հենց դրա վրա:



«Առջեւում դժվար, սակայն հետաքրքիր խաղ է: Ես գտնում եմ, որ Հայաստանի հավաքականի հետ խաղերում մենք միավորներ կվաստակենք: Էստոնիայում մեզնից առնվազն ոչ ոքի են ակնկալում դրսում եւ հաղթանակ տանը: Հայաստանին դեռեւս չի հաջողվել միավորներ վաստակել, սակայն կարծում եմ, որ Հայաստանն առանց միավորների չի մնա: Ես գտնում եմ, որ հաջողության հասնելու մեր շանսերը հավասար են: Ես ուսումնասիրել եմ Հայաստանի հավաքականի խաղը: Դա տեխնիկապես պատրաստված ու արագընթաց թիմ է, ի տարբերություն մեր թիմի: Մենք նման որակներ դեռեւս քիչ ունենք: Սակայն մենք կաշխատենք հակադրել նրանց կոլեկտիվ եւ մարտավարական խաղ»,-ասել է մարզիչը:



Անդրադառնալով Էստոնիայի հավաքականի կազմին` Ռյույտլին նշել է, որ միակ կորուստը «Ռոդա» հոլանդական թիմի հարձակվող Անդրես Օպերն է:



«Մենք բավականին օպտիմալ կազմ ունենք: Միակ կորուստը «Ռոդա» հոլանդական թիմի հարձակվող Անդրես Օպերն է, որը վերջերս լուրջ վնասվածք էր ստացել: Ուստի Հայաստանի հավաքականի հետ խաղում նա չի ընդգրկվել,-ասել է Ռյույտլին,-ինչ վերաբերում է Էստոնիայի հավաքականին ընդհանուր առմամբ, ապա կասեմ, որ հզորանալու համար մեզ լեգիոներներ են հարկավոր: Էստոնիայում շատ թույլ առաջնություն է, եւ դա թույլ չի տալիս մեր ֆուտբոլիստներին բարձրակարգ մակարդակ ունենալ: Ճիշտ է, մենք այժմ արդեն սկսել ենք հրավիրել մասնագետներ արտերկրից, որոնք զբաղվում են աճող սերնդով: Սակայն այնուամենայնիվ ուժեղ թիմ ձեւավորելու համար մեզ լեգիոներներ են հարկավոր»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---