Ֆուտբոլ. Հայաստան-Էստոնիա-2:2

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը 2010թ.աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանրապետական մարզադաշտում ընդունել է Էստոնիայի հավաքականին



Առաջ անցնելով, նշենք, որ խաղն անցել է հավասար պայքարում առանց էական միջադեպերի: Հաշիվը բացվել է խաղի 32-րդ րոպեում Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ջանքերով, որի հարվածից հետո գնդակը դիպչելով ձողին անցավ դարպասապահի վրայով եւ հայտնվեց էստոնացիների դարպասում: 5 րոպե չանցած էստոնացիները հավասարեցրեցին հաշիվը: 36 րոպեին կիսապաշտպան Կոնստանտին Վասիլեւը մոտավորապես 25 մետրից հարվածեց եւ Բերեզովսկին չհասցրեց արձագանքել: Առաջին խաղակեսում վտանգավոր պահեր հիմնականում չեղան: Միակ վտանգավոր պահը առաջին խաղակեսում ստեղծեցին էստոնացիները` սակայն դաշտի տերերին միայն ձողը փրկեց: Ֆուտբոլիստների մյուս հարվածները կամ շեղ էին, կամ ուղիղ դարպասապահի ուղղությամբ:



Երկրորդ խաղակեսում խաղի սցենարն առանձնապես չփոխվեց: Ակտիվորեն սկսեց խաղալ հայկական թիմը, սակայն անհաջող: Ավելին, էստոնացիները 69-րդ րոպեին գոլ խփեցին եւ առաջ անցան: Փոխարինման դուրս եկավ հարձակվող Սերգեյ Զենեւը ու եւս մեկ գոլ խփեց: Հայ ֆուտբոլիստներն ակտիվացան, սակայն կրկին անարդյունք: Աչքի ընկավ միայն Լեւոն Փաչաջյանի հարվածը մոտավորապես 25 մ հեռավորությունից, սակայն այն եւս շեղ էր: Սակայն 88-րդ րոպեին կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հարվածեց գլխով տուգանային հրապարակից: Չնայած, որ էստոնացի կիսապաշտպանը հասցրեց գնդակը դուրս բերել դարպասային գծից, խաղի մրցավարը, խորհրդակցելով գծային մրցավարների հետ, գրանցեց գոլը: Ավելացված ժամանակի ընթացքում թիմերը ոչնչով աչքի չընկան: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:



Այդպիսով, Հայաստանի հավաքականն աշխատեց իր առաջին միավորը: Այնուամենայնիվ, հայկական թիմը դեռեւս վերջին 5-րդ տեղում է իր խմբում: Էստոնացիները 2 միավորով չորրորդ հորիզոնականում են:



Հայաստանի հավաքականը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կրկին կհանդիպի Էստոնիայի հավաքականի հետ, սակայն արդեն նրանց դաշտում: Խաղը տեղի կունենա ապրիլի 1-ին «Ա Լե Կոկ» մարզադաշտում Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---