Երեւանում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի եւ Վիկ Դարչինյանի մեծարման երեկոն

PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ մեծարվեցին Երեւանում: Արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության օրը: Հանդիսավոր արարողության կազմակերպիչն էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Մկրտչյանը, որն էլ առաջինը շնորհավորեց չեմպիոններին: Հայ բռնցքամարտիկներին շնորհավորեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այս ամգան ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը հանձնելով Վիկ Դարչինյանին (Արթուր Աբրահամն արժանացել էր այդ պատվին 2006 թվականին):



Հանդիսավոր երեկոյի ընթացքում բազում շնորհավորանքներ հնչեցին, ինչն ուղեկցվում էր նվերների եւ հուշանվերների հանձնումով: Աբրահամին ու Դարչինյանին միջազգային ասպարեզում փայլուն ելույթների առթիվ շնորհավորեցին նաեւ օլիմպիական չեմպիոն գրսմայստեր Տիգրան Պետրոսյանն ու «Արարատ-73»-ի կապիտան Հովհաննես Զանազանյանը:



«Ես հաճախ եմ լինում արտերկրում, եւ երբեմն, երբ ես լսում եմ մեր բռնցքամարտիկների անունները, մի զգացողություն է հայտնվում, թե աշխարհն իմ ոտքերի տակ է: Իսկ երբ դիտում եմ նրանց մարտերը, ապա նրանց ամեն մի հարվածի հետ պատկերացնում եմ, թե ինչպես ենք մենք զարկում մեր թշնամիներին: Շնորհակալություն նրանց այն բանի համար, որ միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը»,-ասել է Զանազանյանն իր շնորհավորական խոսքում:



Իսկ Տիգրան Պետրոսյանը պատմեց Աբրահամի հետ կապված մի դիպված, որ տեղի էր ունեցել Դրեզդենի օլիմպիադայի ժամանակ:



«Իսրայելի հետ մեր հավաքականի հանդիպմանը եկել էր նաեւ Արթուր Աբրահամը: Այն ժամանակ, եթե հիշում եք, Լեւոն Արոնյանը զիջեց Բորիս Գելֆանդին եւ մենք տանուլ տվեցինք Իսրայելի հավաքականին: Խաղից հետո, ընթրիքի ժամանակ Արտաշես Մինասյանը մոտեցավ Գելֆանդին ու կատակով ասաց.«Բորյա, Բորյա, Արթուրը քեզ էր փնտրում»,-հիշեց Մինասյանը:



Նշենք, որ Աբրահամի ու Դարչինյանի համատեղ մեծարումն առաջին անգամ էր տեղի ունենում: Մինչ այդ աշխարհի չեմպիոնները առանձին էին մեծարվել:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---