![]() «Հիշողություններ ֆրոնտից» - Մակիչ Դալլաքյան. Պարզվեց` երկինքն էլ է փակվում` գերմանական ինքնաթիռները պաշարել էին մեզԻմ աչքի առաջ 5 հոգու գնդակահարեցին, այդ զինվորները փորձել էին փախչել կռվից Մակիչ Դալլաքյան (04.07. 1920) - Լեյտենանտ: Պատերազմ է մեկնել 1942-ին: Եղել է Հյուսիսկովկասյան ռազմաճակատի 319 հրաձգային դիվիզիայի 1341 գնդում: Ապա ծառայել է Կրասնոդարի հատուկ բատալյոնում` Կրասնոդարյան վաշտում, Սլավոնական 10-րդ վաշտում: Պարգևատրվել է 16 նեդալներով, շքանշաններով և տարբեր պատվոգրերով: ![]() ![]() PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. 22 տարեկանում մեկնեցի ռազմաճակատ Ծնվել եմ Ադրբեջանի Խանլարի շրջանի Խաչակապ գյուղում: Ես 21 տարեկան էի, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Մեկ տարի անց` 1942-ի օգոստոսին, ինձ տարան ռազմաճակատ: Կռվել եմ չորս ռազմաճակատում` սկսել եմ Հյուսիսկովկասյան ռազմաճակատից և ավարտել եմ Գորկիում: Եղել եմ հրաձիգ: Ես ռայկոմի քարտուղար էի և միևնույն ժամանակ ուսուցիչ էի աշխատում Կիրովաբադի 12-րդ դպրոցում: Ծրագիր կար, ըստ որի պետք է գյուղի երիտասարդներին ուղարկեին Բաքու` կրթություն ստանալու: Ամբողջ գյուղից ոչ ոք չէր ցանկանում գնալ: Ինձ ուղարկեցին Կիրովաբադի շրջանի Զագլիկ գյուղ, որպեսզի այդ հարցը լուծեմ: Ժողովը վերջացրի, սպասում էի, որ տեսնեմ` ում տանն եմ գիշերելու: Մեկ էլ մեքենա եկավ, մեջը Դուբրովսկին էր` ալյումինի հանքերի տնօրենը: Թե պարտռայկոմի նախագահ Հովիկ Բաբայանն ասում է` հավաքի ժողովրդին ու ասա, թե պատերազմ է: Ահա այսպես էլ սկսվեց պատերազմն ինձ համար: Ռազմաճակատում. Աչքիս առաջ 5 հոգու գնդակահարեցին` նման դաժանություն տեսած չկայի Մեզ տարան Վրաստան` Ավչալայի զորամաս: Այնտեղ իմ աչքի առաջ 5 հոգու գնդակահարեցին: Բանն այն է, որ այդ զինվորները փորձել էին փախչել կռվից: Դատախազության ներկայացուցիչը կարդաց հրամանը, կրակեցին ու բոլորն էլ ընկան փոսը: Առաջին անգամ էի նման դաժան բան տեսնում: Իսկ բուն պատերզմն ինձ համար սկսվեց Դաղստանի Մամեդկալայ քաղաքում: Հյուսիսային Կովկասից հետո մեզ տարան Կրասնոդար, որտեղ ես Ստարոկորսունսկայա բնակավայրում մեր գնդի փոխհրամանատարն էի: Ապա տեղափոխվեցի Կրասնոդարի վաշտ, որտեղ հյուսիսային խմբի գլխավորն էի: Մի դեպք պատմեմ: Կրասնոդարում էինք, գերմանացիները հարձակվել էին մեզ վրա: Ես գիտեք ինչից էի ապշել, նայեցի երկնքին ու այն ամբողջովին ծածկված էր նեմեցների ինքնաթիռներով, այնքան շատ էին: Երկինքը կարծես մթնած լիներ: Շատ է տպավորվել մեջս: Առհասարակ, շատ դաժան էր ամեն ինչ: Արդեն 1943-ին ես Սլավոնական 10-րդ վաշտում էի: Պատերազմն ինձ համար ավարտվեց 1944 թվի վերջին` Գորկիում: Այդ ժամանակ մեր հրամանատարն ինձ ասաց. «Մեզ պատերազմից հետո կիրթ ու գրագետ սերունդ է պետք»: Զորացրվեցի ու վերադարձա մեր գյուղ: Հաղթանակին սպասելիս. «Վայ, բալա ջան, աչքդ լույս» Հաղթանակի օրը եղել եմ Ադրբեջանի Խանլարի շրջանի 26 կոմիսարների գյուղում: Անտառով ձիով գնում եմ, մեկ էլ մի կնոջ հանդիպեցի: «Վայ, բալա ջան, աչքդ լույս» ասի ի՞նչ է եղել, թե «պատերազմը վերջացել է, մերոնք հաղթել են»: Սիրտս սկսեց շատ ուժեղ խփել, ուրախացա: Հասա գյուղ, տեսնեմ բոլորը նշում են, ես էլ միացա ուրախությանը: Ուրախությունը տևեց մի քանի օր: Ժողովուրդը գիշեր- ցերեկ ուրախանում էր, գոռում-գոչում` երեխաներից մինչև մեծահասակեր: Պատերազմից մնացած ցավը. 30 տարի փնտրում էինք, թե որտեղ է զոհվել եղբայրս Ես ռազմաճակատում էի, երբ տնից նամակ գրեցին, որ փոքր եղբորս` Գրիգորիին, էլ են տարել բանակ: Նա ընդամենը 19 տարեկան էր: 1943-ի սեպտեմբերի 21-ին Գրիշան զոհվել էր Սմոլենսկի մարզի Ելնիա քաղաքում: 30 տարի մենք փնտրում էինք, թե որտեղ է նա զոհվել: Մորս մահից հետո ես նրա արխիվներում գտա իմ և եղբորս նամակները: Նրա նամակները հերթականությամբ կարդացի ու տեսա, որ վերջին գրել է Ելնիայից: Ես նամակ գրեցի զինկոմիսարյատ, որ ստուգեք ցուցակները, տեսեք կա՞ այդպիսի անունով մարդ: Պարզվեց, որ եղբայրս այնտեղ է թաղված: Քրոջս հետ գնացինք նրա գերեզմանը, որտեղ թաղված է եղել, հետո տեղափոխել էին եղբայրական գերեզման: Այդտեղ ես մեռելահաց տվեցի, ոնց որ ընդունված է մեզ մոտ: Ելնիայում 10 հատ եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են 10.000 զոհվածներ, որոնցից 50-ից ավելին հայեր էին: Երեք հոգու անունները գրել տվեցի գերեզմանաքարի վրա` եղբորս, Մարտիրոսյանի ու Հակոբջանյանի: Մտածեցի, որ շատերը չգիտեն, թե որտեղ են իրենց հարազատները թաղված, նստեցի ողջ գիշերը զինկոմիսարյատում, բոլոր հայերի անունները հանեցի: Եկա Հայաստան ու բոլորի հարազատներին ասացի այդ մասին: Հետո հոդված գրեցինք ու նկարներով դրեցինք թերթում: Ելնիա երկրորդ անգամ մեկնեցի կնոջս հետ: Տեսա, որ այդ քաղաքը բարեկարգման կարքի ունի: Բրեժնեվին նամակ գրեցի, որ լուծեն այդ հարցը: Ինչով կարողացա, օգտակար եղա այդ քաղաքին: Եվս մի հայ մարշալ. Օհանովն արդեն ներկայացվում է որպես հայ Մի քանի տարի առաջ Պրոսպեկտով քայլում եմ, տեսնեմ մի մարդ փայտե իրեր է վաճառում: Մոտեցավ ինձ, ու ես էլ տեսնեմ թերթ կա մոտը: Նայեցի տեսնեմ գրած է, որ Սովետական Միության մարշալ Սերգեյ Խրիստաֆորովիչ Օհանովը հայ է եղել: Հայրը հայ, մայրը` ռուս, բայց ինքը չգիտես ինչու, չի ցանկացել, որ որպես հայ ներկայանա ու այսքան տարի ներկայացվում է որպես ռուս: Ես խնդրեցի թերթը, պատճենահանեցի մի քանի օրինակ: Տարա մեր գեներալ Կարապետյանի մոտ, նամակ գրեցինք Ռուսաստանի պաշտպանության նախարարություն: Ու հիմա արդեն Օհանովը ներկայացվում է որպես հայ մարշալ: Պատերազմից հետո. Գնացել էի համերգ ու այնտեղ ծանոթացա կնոջս հետ Ավարտել եմ Բաքվի պարտիական դպրոցը, Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը, Ժդանովի անվան ռուսական մանկավարժական համալսարանը: Հետո տեղափոխվեցինք Երևան: Լիսիցյանի անվան 34-րդ ռուսական դպրոցի տնօրենն էի 25 տարի, 4 տարի էլ հայկական դպրոցի տնօրեն եմ եղել: Կնոջս հետ ծանոթացել եմ 1954 թվականին Երևանում: Գնացել էի համերգ ու այնտեղ ծանթացա նրա հետ: Կինս էլ Բաքվից էր տեղափոխվել Երևան և բնակարանի խնդիր ուներ: Մենք էլ շատ կարճ ժամանակ անց արդեն ամուսնացանք: Նա երկար տարիներ աշխատել է երաժշտական դպրոցում: Երեք երեխա ունենք` 2 աղջիկ, 1 տղա և 6 թոռնիկ: Սովետական Միության աշխատանքային վետերան եմ, ստացել եմ տարբեր մեդալներ: Կոմունիստական կուսակցության վետերան եմ, վաստակավոր ուսուցիչ ու Հայաստանի անհատական թոշակառու: Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Նախագծի գործընկեր ![]() ![]() «Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |