Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները

Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները

Հայաստանում շրջանառվող բոլոր թղթադրամները բարձր պաշտպանվածությամբ ու ամենաբարձր որակի են

1993 թվականի նոյեմբերի 22-ին երկարատև ընդմիջումից հետո շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Այսօր ՀՀ-ում թղթադրամներից բացի շրջանառվում են նաև մետաղադրամներ՝ շրջանառվող, կոլեկցիոն, ինչպես նաև ներդրումային: Ազգային արժույթը վճարման միակ օրինական միջոցն է Հայաստանի Հանրապետության տարածքում:

PanARMENIAN.Net - 10-ից մինչև 5000 անվանական արժեքով առաջին սերիայի թղթադրամները թողարկվել են 1993-ի նոյեմբերի 22-ին: Ավելի ուշ՝ 1994-ին, շրջանառության մեջ մտավ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ վերջին ամենախոշոր՝ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը թողարկվեց 1995 թվականին:

1993-ի նմուշի առաջին թողարկման թղթադրամների էսքիզների համահեղինակներն են Հայաստանի Նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանը: 1994-ի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի հեղինակն Աշոտ Մանուկյանն է, իսկ 1995-ի նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզը Հրաչյա Ասլանյանինն է: Սերիայի բոլոր թղթադրամները տպագրվել են գերմանական «GIESECKE&DEVRIENT GmbH» ընկերությունում:

Հայաստանի պատմության թանգարանի և ԱԺ շենքի պատկերով1993 թ.-ի 50-դրամանոց թղթադրամը

Հայաստանում շրջանառվող բոլոր թղթադրամները բարձր պաշտպանվածությամբ ու ամենաբարձր որակի են:

1998-ին թողարկվեց թղթադրամների երկրորդ սերիան՝ 50 և 100 դրամ անվանական արժեքով: Այդ առաջին թղթադրամները շրջանառության մեջ են մտել նոյեմբերի 23-ին՝ այդ օրերին ՀՀ Կենտրոնական բանկը տոնական միջոցառումներով նշում էր երկրում ազգային դրամի շրջանառության 5-ամյակը:

1999-ին շրջանառության մեջ մտան 500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները: Իսկ 2003-ին թողարկվեց 10 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և ՀՀ կառավարության շենքի պատկերով1999 թ.-ի 500-դրամանոց

Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից: Երկրորդ սերիայի թղթադրամների վրա ազգային մշակույթի մեծերի խոշոր դիմապատկերներն են, ինչպես նաև նրանց գործունեությանն ու ստեղծագործությանն առնչվող պատկերներ: 50-ից մինչև 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզների հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանը:

Եղիշե Չարենցի դիմանկարով և Երևանի հին շենքերից մեկին ձիակառքով2001-ի նմուշի 1 000-դրամանոց

Նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարով և նրա «Հայաստան» բնանկարի հատվածով20 000-դրամանոց

Անհրաժեշտ ռեզերվի համալրման համար վերատպվեցին 1 000, 5 000, 10 000 և 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, այդ թվում նաև թողարկման նոր ամսաթվով: Բայց դրանք դիզայնով դրանք չեն տարբերվում, միայն աննշան փոփոխություններ են արվել, հիմնականումկապված նոր պաշտպանիչ տարրերի ներմուծման հետ: 50-ից՝ 20 000 անվանական արժեքով թղթադրամները թողարկեցին հայտնի արտասահմանյան ընկերություններ՝ անգլիական DE LA RUE CURRENCY-ին, հոլանդական JOH. ENSCHEDE EN ZONEN-ը, ավստրիական OeBS և գերմանական GIESECKE & DEVRIENT GmbH-ը:

2001-ին հայ ժողովուրդը տոնում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցեց նաև Կենտրոնական բանկը՝ հունիսի 6-ին թողարկելով 50 000 դրամանոց հոբելյանական թղթադրամը:

Դրա վրա պատկերված են Մայր Աթոռը, Արարատը, եկեղեցու ուրվագիծը, որը մի կողմից պահում է Գրիգոր Լուսավորիչը, մյուս կողմից՝ Տրդատ Մեծը, ինչպես նաև Կեչառիսի խաչքարերից մեկը: Թղթադրամի էսքիզի հեղինակն է Նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանը, թողարկմանը մասնակցել է գերմանական GIESECKE & DEVRIENT GmbH ընկերությունը:

2009-ին ԿԲ-ն շրջանառության մեջ դրեց 100 000 դրամ անվանական արժեքով ամենամեծ թղթադրամը: Դրա վրա պատկերված է Եդեսիայի արքա Աբգար V, որին Հայ առաքելական եկեղեցին դասել է սրբերի շարքը: Ըստ հայ պատմագիրների, նա առաջին հայազգի արքան է, ով ընդունել է քրիստոնեությունը: Թղթադրամի էսքիզի հեղինակն է Նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Թղթադրամը տպագրել է DE LA RUE CURRENCY ընկերությունը:

100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որի վրա պատկերված է Աբգար V

Հայաստանում շրջանառվող թղթադրամներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան երկրների թղթադրամներին, որոշ դեպքերոմ նաև գերազանցում են:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---