Երևանի «վիրահատված թոքերը»

Երևանի «վիրահատված թոքերը»

Մայրաքաղաքի բարեկարգված ու վերաբացված այգիները

21-րդ դարի առաջին 15 տարվա ընթացքում Երևանը` հատկապես` կենտրոնը, անճանաչելիորեն փոխվեց. կառուցվեցին նոր շենքեր, նոր համալիրներ, քանդվեցին հները: Փոխարենը նոր այգիներ այդպես էլ չհիմնվեցին, միայն բարեկարգվեցին ու վերաբացվեցին հները:

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը, գրում է ImYerevan-ը։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները: Հարակից սրճարանների հետ միասին այն դարձել է երևանցիների ու քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը` առաջ անցնելով անգամ երբեմնի առաջատար «Օպերայից»:

Պողոսյան պարտեզները կամ Սիրահարների այգին առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում: Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից և կոչվել «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի: Վերաբացումից հետո այն միանգամից սիրվեց և ընդունվեց երևանցիների կողմից: Այգում բազմաթիվ միջոցառումներ, կինոդիտումներ են կազմակերպվում, նշվում ազգային-ավանդական տոները:

Նախորդ դարի 40-ական թվականներին հիմնված Երևանի կենդանաբանական այգին 2015-ին վերանորոգվեց, արդիականացվեց ու վերաբացվեց: Կառուցվել են ձիարշավարան, արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել են այգու խաղահրապարակները։ Բազմապատիկ մեծացվել են վագրերի ազատավանդակները:

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում 2012-ին բացվեց բարեկարգ և հարմարավետ հանգստյան գոտի: Հանգստյան գոտու 1,7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Բացի այդ, նոր այգում կա երեք բաց և մեկ փակ զրուցարան-տաղավար, երեք խաղային ատրակցիոն, սպորտային առանձին հրապարակ և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներ, ինչպես նաև ամենակարևորը` WiFi:

Չոր ու ցամաք Երևանում 2001-ին բացվեց առաջին ու դեռևս միակ ջրայգին` Ջրաշխարհը: Այն ընդգրկում է 2,5 հա բացօթյա ջրայգի և 0,5 հա փակ ջրայգի («Ակվատեկ» կենտրոն)։ Բացօթյա տարածքում կա 2 մեծ լողավավազան, 1 մանկական լողավազան, 1 VIP լողավազան և 3 սահուղի։ Այստեղ կան ուտելիքի, խմիչքի կրպակներ և 120 հոգու համար նախատեսված ռեստորան։ Ձմռանն ամենամեծ ջրավազանը վերածվում է սահադաշտի՝ 500 մ² տարածքով։

2014 թվականին շահագործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը` քաղաքի կենտրոնական և նախկինում ամենաանմխիթար պուրակներից մեկը: Բարեկարգվել է շուրջ 13.200 քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտի, երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրով:

Այս ամենը, իհարկե, շատ լավ է, և սալիկապատ ու հարթ ճեմուղիներով քայլել բոլորս էլ սիրում ենք: Սակայն եկեք չմոռանանք, որ այգիներն առաջին հերթին ենթադրում են առատ բուսականություն ու շատ ու հնարավորինս փարթամ ծառեր, որոնց թիվը Երևանում, չնայած համարակալմանը, գնալով պակասում է:

ImYerevan / PAN / Քրիստինե Քյուրքլյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---