100 օրվա վարչապետությունԿարեն Կարապետյանի կարևորագույն որոշումներն ու նախաձեռնությունները Դեկտեմբերի 21-ին լրանում է վաչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Այս ժամկետը պայմանականորեն համարվում է պաշտոնյայի «փորձաշրջանի» ամփոփում: 21 դեկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - PAN-ը հավաքել է բոլոր կարևոր որոշումներն ու նախաձեռնությունները, որոնք Կարապետյանը հասցրել է ընդունել և իրագործել այս կարճ ժամանակահատվածում: Նոր կառավարության ձևավորումը Նշանակումից հետո Կարապետյանը նոր կառավարություն կազմավորեց՝ նոր կադրերով: Նա խոստացավ հիմնականում նախորդներից ավելի երիտասարդ նախարարների հետ համատեղ թարմություն բերել, իրականացնել արմատական փոփոխություններ: Արդյունքում կառավարության միջին տարիքը նվազեց 4.4-ով և դրա կազմում չներառվեցին հայկական քաղաքական կյանքի այնպիսի հնաբնակներ, ինչպիսիք են Հասմիկ Պողոսյանը, Սեյրան Օհանյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը: Հատուկ նշենք նաև Սուրիկ Խաչատրյանի «սեփական դիմումի համաձայն» Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռանալը: Իրականության ընդունումը Որպես առաջին քայլ՝ նորանշանակ վարչապետը կոչ արեց իրատեսորեն նայել ՀՀ տնտեսությանը. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»:
Ծախսերի օպտիմալացումը Վարչապետը պաշտոնին անցնելուց անմիջապես հետո սկսեց չեղարկել նախարարների չհիմնավորված գործուղումները՝ դրանց թիվը հասցնելով նվազագույնի: Բացի այդ, կրճատվեց կառավարական ծախսերի, անգամ՝ նախագահի աշխատակազմի բյուջեն: Բացի այդ, կրճատվեցին և փակվեցին Ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ): Արդյունքում մինչև դեկտեմբերի 1-ը փակվեց 5 ԾԻԳ: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց, որից 11-ը ԾԻԳ է: Սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է փակել նման ևս 5-6 գրասենյակ: ⅓-ով կկրճատվեն նաև դրանց պահպանման ծախսերը: Էլէներգիան ու գազը Պաշտոնավարման 3-րդ օրը Կարապետյանը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: Արդյունքում, հոսանքի սակագինը կնվազի փետրվարի 1-ից, գազինը՝ հունվարի 1-ից: Մենաշնորհների դեմ (չ)պայքարը Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար:
Այնուամենայնիվ, վարչապետը շեշտել է՝ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել. «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»: Թղթաբանության պարզեցումը Հոկտեմբերի 13-ին վարչապետը հայտարարեց՝ հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: «Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել»: Այստեղ մնում է միայն ավելացնել, որ համապատասխան առցանց ծառայությունն արեն իսկ գործում է: Վճարովի կայանատեղիները Վարչապետն ու նախագահ Սերժ Սարգսյանը միահամուռ (այստեղ մի քիչ բարդ է հասկանալը՝ ում նախաձեռնությունն էր սա) որոշեցին պետբյուջե ուղղել վճարովի կայանատեղիներից և տեսանկարահանող սարքերի միջոցով ստացվող շահույթը. «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցան պետական ու համայնքային կառույցներին: Կոռուպցիայի դեմ պայքարը Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի իրատեսական դարձնելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով 2 օրինագիծ մշակվեց և ներկայացվեց: Դրանցից առաջինը ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագծին էր, որը ենթադրում է, որ այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Բացի այդ մշակվեց ևս մեկ օրինագիծ, որով սահմանափակվում են կանխիկ գործառնությունները: «Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՝ ոչ»,- որոշումը հիմնավորել է վարչապետը: Աշխատանքը դրսի հետ Վարչապետի նախաձեռնությամբ ակտիվացել է աշխատանքն արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Մասնավորապես, որոշվել է, որ նման 15 ներկայացուցչությունում այսուհետ պետք է ՏՏ մասնագետներ լինեն, բացի այդ, գործարկվել է ներդրումային ծրագրերի հարթակը: Նպատակը մեկն է՝ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտասահմանյան ներդրումներ ներգրավել: Պրիմիտիվ գողությունը, շանտղությունն ու ռազմական պոլիգոնը Արդեն 100 օր ՀՀ Գործադիր իշխանությունը ղեկավարող Կարեն Կարապետյանը սիրում է իրերն իրենց անունով կոչել. «Պրիմիտիվ գողությունը վերացրեք» «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի» «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել» «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»
Ոչ 7 ամսով Երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, բոլորին մեկ հարց էր հուզում՝ որքան ժամանակով՝ 7 ամսո՞վ, թե՞… Առայժմ հայտնի է միայն, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում նա կշարունակի պաշտոնավարել, իսկ թե ինչ կլինի 2018-ի փետրվարից հետո, դեռ ոչ ոք չգիտի, կամ՝ գրեթե ոչ ոք: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |