Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնում

Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնում

Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն

Կրկեսի շենքը քանդելու օրվանից ի վեր Երևանի պետական կրկեսի դերասանները և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ամեն օր մեծ ոգևորությամբ նախապատրաստել են նոր շենքում հայ հանդիսատեսին ներկայացվելիք համարները: Շենքը քանդելուց ի վեր ամեն օր Պետրոսյանն էլ լրագրողների, մանուկների և կրկեսային արվեստի սիրահարների պես հարցրել է պատասխանատուներին շինարարական աշխատանքների ավարտի ժամկետների մասին: Պետրոսյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ նախնական տվյալներով Երևանի կրկեսը կբացվի 2018 թվականի աշնանը:

PanARMENIAN.Net - Արդիականացված կրկեսային ներկայացումներ են լինելու

«Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն, ինչի շնորհիվ հայ հանդիսատեսն արհեստավարժ հայ դերասանների մատուցմամբ բազմաթիվ ինքնատիպ ակրոբատիկ հնարքների ականատեսը կդառնա», - ասում է Սոս Պետրոսյանը:

Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար: Բացումից հետո այդպիսի ներկայացումներ հաճախակի են ցուցադրվելու:

«Ներկայացումների տոմսերը շատ թանկ չեն լինի,հնարավոր է՝ 2000 դրամից էլ քիչ: Մասնավոր ընկերության ներդրումների շնորհիվ կրկեսի ծախսերը չենք հոգալու տոմսերի վաճառքից գոյացած գումարով», - ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ բերվելու են նաև հեղինակավոր այլ կրկեսային ծրագրեր, որոնց տոմսը մինչև մի քանի հարյուր դոլար արժե: Բնականաբար մեր հանդիսատեսը չի կարող այդքան վճարել, և հովանավորի շնորհիվ նա կկարողանա, ստանդարտ գին վճարելով, դիտել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող միջազգային դերասանների համարներ», - ասում է Պետրոսյանը:

Կրկեսն ապագայում նախատեսում է նոր կենդանիներ ձեռք բերել, սակայն նաև պայմանագրեր են կնքվելու կենդանիներ վարժեցնողների հետ, որոնք կներառեն իրենց համարները Երևանի կրկեսի ներկայացումներում:

Կրկեսի դերասանը «մարդավարի» կաշխատի

«Հին շենքն ընդամենը մեկ սանհանգույց ուներ: Ենգիբարյանը (ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյան - խմբ.) և մեր կրկեսի այլ մեծեր ժամանակին զուգարանի հերթ էին կանգում: Հիմա վերջապես մեծ սանհանգույց է լինելու, ինչպես նաև առանձին զգեստների, կոշիկների, կեղծամների բաժիններ, մարդավարի աշխատելու ենք»,- ասում է Պետրոսյանը:

Նոր շենքը մրցում է աշխարհի ամենաարդիական կրկեսների շենքերի հետ

Պաստառների փոխարեն, շենքի արտաքին և ներքին հատվածներում տեղադրվելու են մեծ մոնիտորներ, որոնք կազդարարեն սպասվող ներկայացումների մասին: Շենքն ունի գերժամանակակից անվտանգության և օդափոխության համակարգեր: «Նախկինի պես հանդիսատեսը ստիպված չի լինի ձմռանը շենքի ներսում 10 աստիճան ցրտին վերարկուներով ներկայացում դիտել», - ասում է Սոս Պետրոսյանը և հպարտությամբ նշում, որ Երևանի կրկեսը միակն է լինելու աշխարհում, որ երկհարկանի ավտոկայանատեղի է ունենալու: Հատուկ տեղ է նախատեսվում նաև կրկեսի կենդանիների համար:

Կրկեսում թանգարան է գործելու

«Գեղեցիկ թանգարան է գործելու կրկեսի շենքում՝ նվիրված համաշխարհային և հայկական կրկեսի պատմությանը, գործիչներին: Այնտեղ ցուցադրվելու են կրկեսային թեմատիկայով գեղանկարներ, քանդակներ, իսկ ինտերակտիվ անկյունում ցուցադադրվելու են ֆիլմեր հայկական կրկեսի և նրա մեծանուն դերասանների մասին», - ասում է Պետրոսյանը և հավելում, որ մանուկ հանդիսատեսը ոչ միայն կզվարճանա նոր կրկեսում, այլ նաև կկրթվի:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---