Բանտից՝ պաշտոն

Բանտից՝ պաշտոն

Ինչ եղավ Հոկտեմբերի 27-ի օրերին առանցքային մի քանի գործչի հետ

1999 հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հնչած կրակոցների զոհ դարձավ 8 մարդ՝ ՀՀ ԱԺ ղեկավար Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

PanARMENIAN.Net - Սպանություններից հետո Նաիրի Հունանյանը կապ է հաստատում ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հետ՝ պատմելով կատարվածի մասին, կոչ անելով Վազգեն Մանուկյանի հետ գալ ԱԺ: Մարգարյանը զանգի մասին տեղեկացնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, վերջինս՝ Քոչարյանին: Այդ ժամանակ Քոչարյանը Ֆրանսիայի նախկին դեսպանի հետ հանդիպման է եղել: Հունանյանը ԱԺ-ում հանդիպում է պահանջել նախագահ Քոչարյանի հետ և ուղիղ եթեր: Բանակցություններից հետո նա համաձայնել է հանդիպել Քոչարյանին այլ սենյակում և իր «ուղերձը» փոխանցել հաղորդավարի խոսքով: Հանդիպումից հետո ահաբեկիչները քննիչներ են պահանջել և հանձնել զենքերը:

Ահաբեկչության կազմակերպիչներից 6-ը դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանցից 4-ը մահացել են բանտում: Հոկտեմբերի 27-ի գործի լիարժեք չբացահայտման մասին կասկածները շարունակվում են նաև այսօր, այս գործով ի պաշտոնե կարևոր դերակատարություն ունեցող կամ վկա հանդիսացող գործիչների կյանքը 1999-ից հետո տարբեր կերպ դասավորվեց: Ներկայացնում ենք մի քանիսի ճակատագրերը։

Ալեքսան Հարությունյան. 1999-ի հոկտեմբերի 27-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր

Ալեքսան Հարությունյանը հոկտեմբերի 27-ից հետո գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և ձերբակալվել: 2000 թվականի ապրիլին, սակայն փոխվեց նրա խափանման միջոցը: Հարությունյանի դեմ ցուցմունք էր տվել մի հոգի՝ Նաիրի Հունանյանը: Վերջինս ասել էր, թե Ալեքսան Հարությունյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հոկտեմբերի 27-ի գործը կազմակերպելու մեջ:

Ալեքսան Հարությունյանը 1999-ից հետո աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ապա՝ ՀՀ Նախագահի խորհրդական։ 10 տարի եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ 2014-ից սկսել է դիվանագիտական գործունեություն ծավալել՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում, Չիլիիում ստանձնելով ՀՀ դեսպանի պարտականություններ:

2016-ին Սերժ Սարգսյանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, պաշտոնից ազատվեց 2018-ի ապրիլի 18-ին:

Հրանտ Մարգարյան. 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ էր, նրան զանգել է Նաիրի Հունանյանը

Հրանտ Մարգարյանը դերակատարում է ունեցել Նաիրի Հունանյանի՝ ՀՅԴ շարքերից հեռացման գործում. Հենց այդ պատճառով նրան այդ ժամանակ արգելվել է բանակցությունների գնալ Հունանյանի հետ: Հոկտեմբերի 27-ից մինչև այսօր Հրանտ Մարգարյանը շարունակել է գործունեությունը ՀՅԴ կուսակցության կազմում: Նա եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ապա՝ ներկայացուցիչ: Հիմա Մարգարյանը շարունակում է իր գործունեությունը որպես ՀՅԴ անդամ:

Գագիկ Ջհանգիրյան. 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ զինդատախազն էր

Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Ջհանգիրյանին հետագայում մեղադրում էին գործի քննության ընթացքում բացթողումներ անելու, որոշ փաստեր կոծկելու մեջ մեջ: Մինչև 2006 թվականը Ջհանգիրյանը շարունակել է պաշտոնավարել որպես զինդատախազ, դրանից հետո նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, 2008-ին միացել Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը՝ հրապարակից պահանջելով թույլ տալ նրան բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը։ 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է որպես պատգամավոր:

Ջհանգիրյանն անընդհատ հայտարարում է, որ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ բացահայտելու վրա նախկին իշխանւթյունների կողմից արգելք էր դրված

Տիգրան Նաղդալյան. 1999-ի հոկտեմբերի 27-ին է Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենն էր

Տիգրան Նաղդալյանը Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է 1998-ին, այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, իսկ առջևում նախագահական ընտրություններն էին: Նաղդալյանը համարվում էր նախագահ Քոչարյանի թիմի առանցքային դեմքերից մեկը: Տիգրան Նաղդալյանը համարվել է հոկտեմբերի 27-ի առանցքային վկաներից և սպանվել է 2002-ի դեկտեմբերի 28-ին՝ գլխին ստացած հրազենային կրակոցից: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպանության բացահայտման համար նշանակվել էր 250 հազար դոլար պարգև:

Նրա սպանության վարկածներից մեկն այն էր, որ Հանրայինում մոնտաժվել էր ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության տեսաերիզը: Դատախազության ներկայացրած մեղադրանքով սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն էր` 1999թ. խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, սպանությունն իրականացրել էր Ջոն Հարությունյանը: Վերջններս դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: Սարգսյանն ազատ արձակվեց պայմանական վաղաժամկետ՝ 2008-ի սեպտեմբերին՝ շարունակելով պնդել, որ ինքը կապ չունի Նաղդալյանի սպանության հետ:

Արամ Սարգսյան

1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նույն թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, դրանից առաջ նա «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրենն էր: Սարգսյանը պաշտոնավարեց մինչև 2000 թվականը, հետո հիմնեց «Արդարություն» կուսակցությունը՝ 2003-ից սկելով պատգամավորական գործունեությունը: 2018-ին «Մենք» դաշինքի կազմում առաջադրված թեկնածուներից էր, բայց չանցավ խորհրդարան: Սարգսյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի մասին, հայտարարել է, որ գործը պետք է վերաբացի: Հիմա Սարգսյանը շարունակում է ղեկավարել «Հանրապետություն» կուսակցությունը:

Ստեփան Դեմիրճյան

ԱԺ նախագահ, 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը 1999-ից սկսեց ղեկավարել Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը: 2003 թվականինին նա մասնակցել է նախագահական ընտրություններին՝ անցնելով երկրորդ փուլ ու պարտվելով այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դեմիրճյանը դրանից հետո պատգամավորական գործունեություն է սկսել՝ ընդգրկվելով նաև ՀԱԿ դաշինքում: 2016-ին՝ խոսելով հոկտեմբերի 27-ի մասին՝ Դեմիրճյանը նշել է, որ ամեն ինչ արվել է, որ գործը կոծկվի: Հիմա Դեմիրճյանը ՀԺԿ նախագահն է:

Վահան Շիրխանյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, նրա անունը նշվում էր ահաբեկչությունից հետո Քոչարյանի ու ուժայինների հանդիպման ժամանակ, նախագահին փոխանցված ցուցակում՝ որպես վարչապետ։ Ինքնին ցուցակը խիստ զայրացրել էր Քոչարյանին ու կոնֆլիկտային խոսակցության պատճառ դարձել։ Իր գրքում Քոչարյանը գրում է, որ «բուլդոզերով» անցավ հանդիպման մասնակիցների վրայով նման պահին նման ցուցակ ներկայացնելու համար։ Ինքը Շիրխանյանը ՊՆ-ից հեռանալուց հետո երկար տարիներ որպես փորձագետ էր հանդես գալիս, սակայն 2015-ին ձերբակալվեց Նորք-Մարաշի խմբի հետ առնչությամբ։ Շիրխանյանը չէր ընդունել իրեն մակագրվող մեղադրանքները։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, նա ազատ արձակվեց։

Անդրանիկ Քոչարյան

1999-ին Վազգեն Սարգսյանի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը վերոնշյալ խորհրդակցության մասնակիցն էր, ըստ Քոչարյանին փոխանցած ցուցակի, պիտի զբաղեցներ համակարգող նախարարի պաշտոնը։ 2008-ի Մարտի 1-ից հետո ընդդիմության կողմից փաստահավաք թիմի անդամ էր, 2018-ին իշխող Իմ Քայլը դաշինքից պատգամավոր է ընտրվել։ Նախագահում է Ապրիլյան պատերազմը քննող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները։

Ռոբերտ Քոչարյան. 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահն էր

1997-ին Հայաստանի նախագահ նշանակված Քոչարյանն այդ պաշտոնում շարունակել է աշխատել մինչև 2008 թվականի մարտ: 2013-ին ՎիկիԼիքսը հրապարակել էր 2001-2004-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ դեսպանը հատուկ ընդգծել է, որ հոկտեմբերի 27-ից հետո ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար՝ սակայն նշել, Քոչարյանի մասնակցության մասին վկայող որևէ ապացույցներ չկան։

Հիմա Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է՝ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով:

Սերժ Սարգսյան

Ահաբեկչության պահին՝ ՀՀ անվտանգության նախարար, ում հրաժարականը եթերում դեպքերից հետո պահանջել էր անգամ ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ Ավելի ուշ՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ, 2008-ից 2018-ը՝ նախագահ, իսկ ապրիլի 17-ից 23-ը՝ կրկին վարչապետ։ Հեռացել է իշխանությունից՝ Թավշյա հեղափոխության օրերին հրաժարական տալով, այս պահին հրապարակային ակտիվություն չի ցուցաբերում։

Նաիրի Հունանյանի լուսանկարը՝ Ա1+-ի արխիվային տեսանյութից

Անահիտ Հակոբյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---