Եկ այս գիշեր արթուն մնանք, գոնե 3 սեզոն

Եկ այս գիշեր արթուն մնանք, գոնե 3 սեզոն

7 սերիալ՝ կարանտինը հետաքրքիր դարձնելու համար

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատճառով միլիոնավոր մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա ակտիվությունն ու հաղորդակցությունը: Վիրուսով չվարակվելու ու այն չտարածելու համար ԱՀԿ-ն ու առողջապահության ներպետական գերատեսչությունները հորդորում են մնալ տանը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առաջարկում է տնային կարանտինը հետարքրքիր դարձնելու համար ընտրել ոչ շատ հայտնի/քիչ ծեծված/ 7 սերիալ ու դիտել դրանք այս գիշեր ու վաղը ցերեկը: Քիչ հայտնի, բայց դիտման արժանի այս ցանկում տեղավորվել են համեմատաբար կարճ ու արագ զարգացող սյուժեով լրտեսական մինի-սերիալից մինչև «աղջկական», տեխնոլոգիական, քրեահոգեբանական աշխատանքներ. ճաշակին ընկեր չկա, կարանտինի ժամանակ՝ սերիալները ձեզ ընկեր:

«Զարմանալի տիկին Մայզելը» (The Marvelous Mrs.Maisel), 2017

Կյանքով լեցուն գեղեցկուհի, տնային տնտեսուհի Միչը հարազատ ամուսնու դավաճանությունից հետո մի շիշ գինով տնից դուրս է գալիս ու բեմ դուրս գալիս: Երկու երեխայի մայրն այդ երեկո ստենդ ափի աշխարհ է մտնում ու կարիերա սկսում:

Եվ բնավ կարևոր չէ, որ նա դեռ պետք է տղամարդկանց ապացուցի, որ հումոր անել գիտի, շրջապատին՝ որ առանց ամուսնու ապրել կարող է, և ծնողներին՝ ամեն ինչ:

-Ես մարմնավաճառ չեմ, ես կոմիկ եմ:

-Տարբերություն կա՞:

-Այո՛, մարմնավաճառներն ավելի շատ են վաստակում,- Միրիամենց հրեական ընտանիքի խոսակցությունից մի դրվագ է:

Սերիալը ոչ միայն ու ոչ այնքան կնոջ պատմություն է, որքան «թաքնված ու զսպված» տաղանդի բացահայտման ընթացք, չափազանց «ճշտի մեջ» ապրող հերոսուհու ինքնաբացահայտում` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բացի այն, որ զարմանալի տիկին Մայզելի պատմությունը կլանող է ու թեթև, այստեղ նաև ամեն քայլափոխի մեղմ հումոր կա ու մի քիչ դրամատիզմ (Լեննի Բրյուսի տեսքով, ով, ի դեպ, իրական կերպար է եղել՝ 50-60-ականների կոմիկ):

Միրիամի ու պրոդյուսերի՝ Սյուզիի կյանքը լավագույնս արտահայտում է նախորդ դարակեսերի ամերիկյան ապրելակերպը, ճաշակը, ոճն ու նորաձևությունը:

Ընդհանրապես, այս սերիալը կարելի է նաև առանց ձայնի դիտել՝ զուտ գեղեցիկ զգեստները տեսնելու ու էսթետիկ հաճույք ստանալու համար:

Այն «Էմմի» ու «Ոսկե Գլոբուս» ունի, եթե այսքանից «դափնիները» ձեզ հետաքրքիր են: Միսիս Մայզելի պատմությունն ընդամենը 3 սեզոն է։

«Միլիարդներ» (Billions), 2016

Աշխարհում ոչ բոլորին կարող է հետաքրքրել 60-ականներին ապրած Միսիս Մայզելի կյանքը, կան մարդիկ, ովքեր ավելի պրագմատիկ են, սիրում են արագ զարգացող իրադարձություններ, դժվար իրավիճակներ, միլիարդներ վաստակելու ժամանակակից մեթոդներ ու մեկ քայլ առաջ մտածող հերոսներ: Ուրեմն Billions~ Կինոյի տղա Բոբի Աքսիլիրոդն ամբողջովին տեղավորվում է ամերիկյան ժամանակակից ու հարուստ բիզնեսմենի կերպարում, որը նաև ընտանիքի հայր է, թիմի լիդեր ու դատախազի աչքի փուշ:

Մանիպուլատիվ հնարքների ու մշտական հաշվարկների մեջ ապրող միլիարդատիրոջ ամեն օրը պայքար է իր բարձունքում ու մրցակցության մեջ մնալու և դրա հետ մեկտեղ անմրցելի լինելու համար: Սիրուն տղա Բոբիի թիկունքում կինն է ու նրա Axe Capital ընկերության հոգեբանը՝ մինչև հոգու խորք թափանցող հայացքներով: Billions-ի 4 սեզոն է նկարվել, այն այս ցանկի ամենաերկար սերիալն է, եթե դուր գա, մայիսին սպասեք 5-րդին:

«Որսալով միտքը» (Mindhunter), 2017

Ոչինչ մեզ չի կարող ստիպել այդքան բան իմանալ, որքան գլխում ծագող «ինչու՞» հարցը: 80-ականների ամերիկյան FBI-ի երկու գործակալ՝ Բիլլ Թենչը և Հոլդեն Ֆորդը փորձում են հասկանալ, թե ինչու, ինչի համար, հանուն ինչի ու վերջապես ինչպես մարդը կարող է սերիական մարդասպան դառնալ՝ հենց այդ մարդկանց հետ խոսելով: Հերոսներն ուզում են հասկանալ ինչպես ու ովքեր են այն մարդիկ, ովքեր փոխում են երեխայի, պատանու, տղամարդու կյանքը՝ դարձնելով նրանց կամ սոցիումի անդամ կամ թշնամի (Այստեղ շատ նուրբ թելով քննարկվում է «մայրական ազդեությունը»՝ տղամարդու կյանքի, աշխարհընկալման վրա): Սերիալում գլխավոր թեման սկսվում է այսպես՝ ինչպես որսալ ուրիշի գլխի մեջ եղածն ու վերլուծել այն՝ հասկանալու համար, թե ինչպես հետագայում բացահայտել քրեական ծանր գործեր:

Երկու հերոսներն ամբողջ սերիալի ընթացքում հանցագործի հոգեբանական դիմանկարը կազմելու փորձն են կատարում՝«հղումա նելով» դոկումենտալ փաստերի և իրական հանցագործությունների. Դևիդ Ֆինչերի նախագիծը նախորդ դարի երկրորդ կեսի ամենասարսափելի հանցագործների մասին է:

Ասենք, օրինակ՝ բարձրահասակ, ակնոցավոր Էդ Քամփերի, ով նաև կտրել է մոր գլուխն ու կարևոր չէ՝ ինչ արել: Ֆիլմի հերոսները, ի դեպ, խոսում են նաև Չարլզ Մենսոնի, Դենիս Ռեյդերի, Ջերի Բրուդոսի ու այլ իրական կերպարների հետ:

Ընդհանրապես, Mindhunter-ը շերտերի բաժանվող ու միտքը կտոր-կտոր անող դրամա է՝ համեմված սիրո, բաժանման, մայրության, ընտանիքի, ֆետիշների, արյան ու հազար ու մի այլ թեմայով: Ուրիշի մտքերը որսալու այս պրոցեսն ընդամենը 2 սեզոնում է տեղավորված:

«Լրտեսը» (The Spy), 2019

Մի շնչով և շունչը պահած նայելու մինի սերիալ՝ հիմնված իրական փաստերի վրա: Այն պատմում է իսրայելցի լրտես Էլի Քոհենի մասին, որը երկրի հանդեպ սերն ու պարտքը տալիս է Դամասկոսում իր աշխատանք կատարելով: Էլին, ով ներկայանում է որպես սիրիական ծագմամբ մեծահարուստ, մոտենում է դամասկոսյան beau monde-ին՝ ճաշակելով լավ ապրուստի բոլոր հնարավորությունները, դրան զուգահեռ ներկայացվում է նաև նրա կնոջ, սև, երկար մազերով դերձակ Նադյայի «դժվար ապրուստը»:

Ընդհանուր առմամաբ, սերիալում մեղմ ակնարկ կա, թե մերձավորարևելյան ներկա վիճակն արդյունք է 1960-ականներին ծլարձակած դիկտատուրայի, այստեղ հիշատակվում են նաև Հաֆեզ Ասադը (Բաշար Ասադի հայրն է, Սիրիայի 15-րդ նախագահը՝ 1971-2000-ին), Սադամ Հուսեյնը (զբաղեցրել է Իրաքի նախագահի, վարչապետի պաշտոնները 1979-2003-ին):

Սերիալի հասցեին պատմական փաստերի իսկությունն աղավաղելու մասին քննադատություն ևս կա: Բայց բարդ հարցերի մեջ չխորանանք:

Ավելի զարմանալի մի բան՝ լրտեսի գլխավոր ու դրամատիկ դերն այստեղ տանում է կատակերգական կերպարներով հայտնի Սաշա Բարոն Քոհենը՝ նա, ով խաղացել, օրինակ «Դիկտատորը» ու «Բորատ» կատակերգության գլխավոր հերոսի կերպարում:

Մեկ սեզոնից կազմված մինի-սերիալը նկարահանվել է «Լրտեսը, որ գալիս է Իսրայելից» (L'espion qui venait d'Israël) գրքի հիման վրա: Այս պատմությունը 1 սեզոն է՝ ընդամենը 6 սերիա:

«Սև հայելի» (Black Mirror), 2011

Սերիալների ցանկը կարող ենք ամփոփել Black Mirror-ով: Այս ցանկի, երևի թե, ամենահայտնի սերիալն է՝ սարսափելի ճշմարտություն այն մասին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան փոխել մեր կայնքը, շատ ուժեղ ու նկատելի ձևով ազդելով դրա որակի ու մեր ապրելակերպի վրա:

Սերիալի սեզոնները մեկը մյուսի հետ կապված չեն սյուժետաին ընդհանուր գծով, այստեղ կարմիր թելն տեխնոլոգիական առաջընթացն է՝ այս չափազանց զգացական կյանքում: Եթե ցանկի մյուս բոլոր ֆիլմերն այնպիսին են, որ դիտելիս «թեթև հանգստություն» կա՝ դա ավարտվել է, ապա այստեղ դիտողին հետապնդելու է միտքը՝ սա դեռ չի եղել, բայց կարող է լինել: Մյուս բոլոր սերիալներում կարող եք ուղղակի դիտող լինել, իրադարձություններին վերևից ու ժամանակի միջից նայող, բայց այստեղ սերիալն է «ձեզ նայելու» ու դուք հերոսներից մեկն եք /լինելու/: Սերիալը 5 սեզոն է տևում՝ 3-6 սերիայով:

«Հակառակ կողմում» (Counterpart), 2018

Եվս մեկ սերիալ՝ ինքդ քեզ նայելու համար, այս անգամ ոչ թե ապագայում, այլ զուգահեռ իրականությունում: Իսկ ի՞նչ, եթե այդպիսի բան կա՝ զուգահեռ իրականություն, որտեղ մեր բոլորի ալետր-էգոներն ապրում են բոլորովին ուրիշ կյանքով և, որ այս պահին ամենակարևորն է, առանց կորոնավիրուսի: Այս վարկածը, իհարկե, ապացուցված չէ, բայց ֆանտաստիկ թրիլլերում սյուժեն էլ ապացուցման ենթակա չէ: Սերիալը պատմում է Բեռլինում ապրող միջին տարիքի Հովարդ Սիլկի մասին, ով 30 տարի շարունակ բյուրոկրատական աշխատանք է արել ու աշխատանքային կյանքում երբեք չի ունեցել պաշտոնի բարձրացում կամ փոփոխություն: Նրա կյանքը հնարավորինս ձանձրալի է, սիրտն էլ` բարի` կյանքի ձանձրալի լինելու չափ:

Հովարդը հենց աշխատավայրում հանդիպում է իր ալտեր-էգոյին, ով եկել է «հակառակ կողմից» ու, պարզվում է, կինոյի տղան է: Երկու Հովարդների ակնհայտ տարբերությունն իրականում նրանց բացառիկ նմանությունից է. մեկի մեղմ բնավորությունն ու մյուսի սառնասրտությունը պայմանավորել են իրենց ամբողջ կյանքի ընթացքը՝ զուգահեռ իրականություններում: Բոլոր կերպարներն այստեղ իրենց այլ Եսի հետ նույնական են մեծ հաշվով. նրանք ընդհանուր մանկություն ունեն ու հիշողություն:

Որպես կողմնակի ազդեցություն՝ սերիալը նայելիս, մանավանդ մեկուսացման և ինքնամեկուսացման այս ժամանակներում, հնարավոր է, ձեր ալտեր-էգոյին ճանաչելու, գրկելու, փաթաթվելու, «մի բանով օգնելու» ցանկություն ունենաք, ու այսպես՝ 2 սեզոն:

«Լքվածները» (The Leftovers), 2014

Հաստատ այս օրերին կարդացել եք տասնյակ հոդվածներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը կորոնավիրուսից հետո, կամ պարզապես ինքներդ եք այդ թեմայով մտորել։

Leftovers-ը նուրբ ու զգացական սերիալ է՝ ֆանտաստիկայի մինիմալ տարրով․ աշխարհից անսպասելիորեն անհետանում է մադկության 2 տոկոսը՝ մոտ 140 մլն մարդ, երբեմն՝ ամբողջական ընտանիքներով։ Մեծ ապոկալիպսիսին հետևում է փոքր ապոկալիպսիսների շարք, երբ մարդկանց անընդհատ հետապնդող «ինչո՞ւ հենց իմ հարազատին» հարցը ծնում է նոր դրամաներ, նոր կորուստներ ու ավերված նոր կյանքեր։

Սերիալի տևողությունը 3 սեզոն է:

Եթե կարծում եք, որ սա ժամանակի կորուստ է ու կարանտինի ընթացքում ավելի լավ կլինի սերիալներին ժամանակ տրամադրելու փոխարեն աշխատել, օրինակ` անգլերենը զարգացնել, ապա դրան ևս ելք կա՝ դիտեք սերիալներն անգլերենով:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---