PANտիսթրես

PANտիսթրես

Կյանքն առանց «կո»-ով սկսվող բառի

Ո՛չ մի համաճարակ, ո՛չ մի մահ, ո՛չ մի խուճապ, միայն սովորական լրահոս՝ բարի և հակադեպրեսիվ:

PanARMENIAN.Net - Գիտենք, որ բոլորդ հոգնել եք ամբողջ օրը լարված հետևել այս սթրեսային նորություններին: Գիտենք՝ ինչ է նշանակում ամեն պահի սպասել միայն վատ լուրերի: Ուզում ենք, որ մի քիչ ցրվեք:

PanARMENIAN.Net ը շարունակում է PANտիսթրես լուրերի շարքը՝ ապահովելով լրահոս, որը կապացուցի՝ կյանքը շարունակվում է, և պետք չէ վհատվել: Եկե՛ք տեղափոխվենք մի աշխարհ, որտեղ «թագ» բառը կապված է միայն Եղիսաբեթ II և «Գահերի խաղի» հետ:

Ծանո՞թ եք Village People ամերիկյան դիսկո-խմբին: Այն 1977-ին է ստեղծվել: Խումբը հայտնի հիթ ունի՝ Y.M.C.A.-ն: Այժմ այն հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի լսադարանում՝ որպես պատմական արժեք ներկայացնող երգ: Սինգլը կընդգրկվի նաև Աուդիո ձայնագրությունների ազգային ռեգիստրում որպես «հարատև նշանակություն ունեցող» ամերիկյան մշակույթի համար:

Հիշու՞մ եք Բրիթնի Սփիրսին: Երգչուհու մասին վաղուց որևէ հետաքրքիր բան չի լսվել: Բայց վերջերս Բրիթնին հիշեցրել է իր մասին անսպասելի ձևով: Ասում է՝ հայտնի վազորդ Ուսեյն Բոլտի ռեկորդն է խփել՝ վազելով 100 մետրը 5.97 վայրկյանում: Բոլտի ռեկորդը 9.58 վայրկյան է: Բրիթնիին, իհարկե, քչերն հավատացին ու շատերը սկսեցին ծաղրել. ավելի ուշ երգչուհին ստիպված էր հեռացնել գրառումը:

Աշխարհում ոչինչ չի կարող ստիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մոռանալ «ձրիակեր» մարդկանց մասին: Այժմ երկրում բոլոր նրանց համար, ովքեր համարվում են գործունակ, բայց չեն աշխատում, թանկացել են կոմունալ վճարումները: «Անբանները» ջրի համար արդեն իսկ վճարում են 5 անգամ ավելի, իսկ մայիսի 1-ից կթանկանա նաև գազն ու ջեռուցումը: Եվ ուրեմն, ի՛ գործ, բելառուս ընկերներ:

Բրիտանական Չեստերի կենդանաբանական այգում երկվորյակ լեմուրներ են ծնվել: Նրանց մայրիկը՝ Ֆիոնան, 4.5 ամսվա հղիությունից հետո առողջ ձագուկներ է ունեցել, որոնց սեռը, սակայն, դեռ հայտնի չէ: Ձագուկները 15 սմ-անոց են, քաշն էլ չի գերազանցում կես կգ-ը: Պատմական հայրենիքում՝ Մադագասկարում, լեմուրներն անտառհատումների և որսագողության զոհ են դառնում, ինչի արդյունքում հայտնվել են միջազգային Կարմիր գրքում՝ որպես վտանգված տեսակ:

Կանադայում գիտնականները հայտնաբերել են ձկան մնացորդներ, որի լողակների վրա եղել են մատներ: Գիտնականները անընդհատ գտնում են ապացույցներ, ըստ որոնց կյանքը սկիզբ է առել օվկիանոսում, և այս ձուկը կարևոր գիտական արժեք է: Դրա կմախքը մոտ 1.5 մ երկարության է, տոմոգրաֆի միջոցով պարզ երևացել են մատները՝ ֆալանգների ոսկորներով. երեք մատը 1-ական ֆալանգով, և երկուսը` 2-ական: Դրանք շատ փոքր են և չէին կարող պահել ձկանը ցամաքում, բայց հայտնագործությունը նոր հորիզոններ է բացում գիտության համար:

Աշխարհն աշխարհով, իսկ ԱՄՆ-ն չի մոռանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդեպ հակակրանքի մասին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան և նրա վստահված անձանցից մի քանիսին մեղադրանք է առաջադրել թմրամիջոցների վաճառքով և փողերի լվացմամբ զբաղվելու համար: Այժմ ԱՄՆ-ն 15 մլն դոլար է խոստանում յուրաքանչյուրին, ով կտրամադրի Մադուրոյի կալանավորմանը նպաստող տեղեկատվություն: Բաց մի՛ թողեք հարստանալու հնարավորությունը:

Իսկ Կալիֆորնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ամենահին երկկողմ սիմետրիկ կենդանուն: Խոսքը որդատիպ ինչ-որ արարածի մասին է, որն ավելի քան 500 մլն տարի առաջ ապրում էր ծովի հատակին: Գիտնականներն ասում են՝ այն կարող է դառնալ բանալի՝ կենդանական աշխարհի մեծ մասի էվոլյուցիան հասկանալու համար: Կենդանուն անվանել են Ikaria wariootia:

Ավստրալիայում գիտնական Ջոզեֆ Շուբերտը «պարող» սարդերի 7 նոր տեսակ է գտել։ Միջատների այս ընտանիքի ավելի տարածված անունը «սիրամարգ սարդ» է, որովհետև արու սարդի մարմինը գունագեղ է որովայնի հատվածում, որով էլ գրավում է էգերին՝ հետաքրքիր պարային շարժումներ անելով։ Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ 12 նոր տեսակի սարդ հայտնաբերած գիտնականը ժամանակին արախնոֆոբիա (վախ սարդակերպերից) ուներ։

Qualcomm ընկերությունը ներկայացրել է անլար ականջակալների համար նախատեսված Bluetooth չիպեր՝ ինտեգրված աղմուկի նվազեցմամբ: QCC514x և QCC304x չիպերն ունեն TrueWireless Mirroring տեխնոլոգիա, որը գործում է հետևյալ սկզբունքով. հեռախոսին միացվում է միայն մեկ ականջակալ, իսկ հետո «հայելային» միացում է արվում երկրորդ ականջակալին: Եթե ականջակալներից մեկը հանես, համակարգն անցում կկատարի մյուսին:

Իլոն Մասկի SpaceX-ը դարձել է առաջին ընկերությունը, որին NASA-ն թույլ կտա բեռներ հասցնել Լուսնին մոտ գտնվող Gateway ապագա ուղեծրային կայարան: SpaceX-ը դրա համար կստեղծի նոր բեռնափոխադրող տիեզերանավ՝ Dragon XL-ը, որը կարող է կայան հասցնել մինչև 5 տոննա բեռ: Կայան հասնելուց հետո տիեզերանավը կմնա այնտեղ 6 ամսից մինչև մեկ տարի:

Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է հայտնի Dragon's Lair վիդեոխաղի ադապտացիայի վրա, և գլխավոր դերի համար ընկերությունը բանակցում է հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսի հետ։ «Տարօրինակ դեպքեր» սերիալի հաջողությունից հետո Netflix-ը, կարծես, նորից որոշել է հանդիսատեսին տեղափոխել 80-ականներ։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---