ՄՈՍԿՎԱՆ, ՓՈՐՁԵԼՈՎ ՊԱՏԺԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ, ՊԱՏԺԵՑ ՀԱՅԵՐԻՆ

Վերին Լարսի սահմանը փակելուց առաջին հերթին տուժեց Հայաստանը:


Կրեմլի համապատասխան հրահանգից գրեթե երկու շաբաթ հետո` ուրբաթ օրը վերականգնվեց ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի երթեւուկությունը: Բեսլանի դեպքերից հետո կիրառված սահմանափակումները վերացված են նաեւ ռուս-ադրբեջանական սահմանի անցագրային կետում:
PanARMENIAN.Net - Մոսկվան հրաժարվեց հաղորդակցային ճանապարհների շրջափակումից, որոնցով, իբրեւ թե, երկիր էին ներթափանցում ահաբեկիչները: Այժմ լիովին ակնհայտ է, որ այդ միջոցները չկարողացան ծառայել հայտարարված նպատակներին: Հասկանալի է, որ ահաբեկիչները դժվար թե անցնեն պետական սահմանը այն տեղով, որն առավել վտանգավոր է: Եթե խնդիրը Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին պատժելն էր իրենց տարածքներում չեչեն ահաբեկիչների գործունեությունը կասեցնելու համար բավականաչափ ջանքեր չգործադրելու համար, ապա Թբիլիսին եւ Բաքուն այդ շրջափակումից այդքան էլ չտուժեցին: Ադրբեջանը, որտեղ գործում են ահաբեկիչների պատրաստման բազմաթիվ բազաներ, այս ամբողջ ժամանակահատվածում ուրեւէ խնդիր չունեցավ, քանի որ գործում էր Բաքու-Մոսկվա երկաթուղային ճանապարհը: Վերին Լարսի իջեցված արգելափակոցները լուրջ դժվարություններ չառաջացրին նաեւ վրացիների համար, քանի որ նրանք կարող էին օգտագործել Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհը: Օգոստոս ամսվա հետ համեմատած ադրբեջանական երկաթուղային ճանապարհով ուղեւորների տեղափոխման ծավալն աճել է մեկուկես անգամ` այդ թվում եւ վրացիների հաշվին:

Այսպիսով, ստացվում է, որ տուժեց միայն Հայաստանը, որին Մոսկվայում համարում են իրենց ռազմավարական գործընկերը: Կրեմլի նախաձեռնած «հակաահաբեկչական» միջոցառումների արդյունքում Հայաստանը զրկվեց Ռուսաստանի հետ կապող վերջին ցամաքային ճանապարհից: Սակայն դա վտանգավոր էր ոչ միայն Հայաստանի համար: Ռուսաստանի համար ստեղծված իրադրությունը առաջին հերթին հղի էր հայկական շուկայում դիրքերը կորցնելով, որն էլ իր հերթին կունենար քաղաքական հետեւանքներ: Փոփոխություններին առաջինն արձագանքեց ավտոմեքենաների շուկան: Ներմուծողները ռուսական մեքենաներից կտրուկ անցան եվրոպական եւ ճապոնական մեքենաներին: Մոսկվայում չեն կարող չգիտակցել, որ շուկայում կորցրած դիրքերը վերականգնելն այդքան էլ հեշտ չի լինի: Սակայն ռուսներն առավել շատ անհանգստացած են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի վտանգով:

«Պատժամիջոցները» վերացվեցին այդպես էլ չունենալով սպասվող արդյունքները: Հայտնի չէ` վրացիներն ու ադրբեջանցիները ինչ քաղեցին դրանից, սակայն հայերը մեծ դաս ստացան: Կարեւոր եզրակացությունն այն է, որ Մոսկվան հանուն իր գործընկերոջ պատրաստ չէ զիջել իր շահերը նույնիսկ ոչ սկզբունքային հարցերում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---