ԱՄՆ-ի ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՊՆԴՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՈՒՂԻՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸՍպիտակ տունն առաջարկում է հաջորդ տարում Հայաստանին տրամադրել ավելի շատ օգնություն, քան Ադրբեջանին: ԱՄՆ-ի վարչակարգը կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2006թ.-ին արտաքին օգնության մասին օրինագիծը: Ամերիկայի հայկական կազմակերպությունները գոհ են այդ փաստաթղթից, քանի որ առաջին հերթին այն նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ուղիղ օգնություն, եւ երկրորդ` ի տարբերություն անցյալ տարվա նախագծի, ռազմական նպատակով հավասարաչափ օգնություն է նախատեսում Հայաստանին եւ Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, նախկինում Սպիտակ տունը համարում էր, թե պաշտոնական Բաքուն Վաշինգտոնի օգնությանն առավել արժանի է, քանի որ ակտիվորեն մասնակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային: ![]() PanARMENIAN.Net - Այս անգամ վարչակարգն առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին պաշտպանության ոլորտում ծրագրեր իրականացնելու համար հատկացնել յուրաքանչյուրին 5 միլիոնական դոլար: Հիշեցնենք, որ անցյալ տարի Սպիտակ տունը ռազմական կարիքների համար Հայաստանին առաջարկում էր 4 անգամ ավելի քիչ գումար, քան Բաքվին: (Հայաստանին` 2 միլիոն դոլար, Ադրբեջանին` 8): Հայկական լոբբիստների եւ Ներկայացուցիչների պալատի, Սենատի նրանց գործընկերների ջանքերի շնորհիվ արդյունքում այդ գումարը հավասարեցվեց: Երկու երկրներն էլ ստացան 8 միլիոն 750 հազար դոլար: Գրեթե նույն իրավիճակն էր նաեւ նախանցյալ տարի, երբ նորից կոնգրեսականների սկզբունքայնության շնորհիվ հավասարություն հաստատվեց Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալները: Այն, որ վերջապես վարչակարգը հրաժարվեց այս հարցում բալանսի խախտումից, կարելի է համարել հայ լոբբիստների հաջողությունը: Սակայն, ամենայն հավանականությամբ, արդարացի չէր լինի հաջողությունը վերագրել միայն ամերիկյան հայկական կազմակերպություններին: Առանց Երեւանի ջանքերի հարցը դժվար թե այդքան հեշտությամբ լուծվեր: Հիմքեր կան ենթադրելու, որ այս անգամ հնարավոր չէր լինի պահպանել հավասարության սկզբունքը, եթե Հայաստանը որոշում չկայացներ Իրաք խաղաղարարներ ուղարկելու մասին: Անցյալ տարի լոբբիստները կոնգրեսի հաստատմանը կարողացան հասնել միայն շնորհիվ միջազգային կոալիցիայում իր դերի ակտիվացման պատրաստակամության մասին Երեւանի հայտարարության: Սակայն որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Հայաստանի համար այդ բավականին դժվար քայլն այնուհանդերձ ըստ արժանվույն չի գնահատվել: Օրինագծում ներկայացված գումարը սպասվածից ավելի համեստ է: Անցյալ տարվա վերջին խոսակցությունների մակարդակով հիշատակվում էին ավելի ազդեցիկ գումարներ: Խոսքը գնում էր 25 միլիոն դոլարի մասին: Ինչ վերաբերում է «մշտական օգնության», ապա վարչակարգը ցանկանում է Հայաստանին հատկացվելիք գումարը սահմանափակել 55 միլիոնով: Հիշեցնենք, որ անցյալ տարի Սպիտակ տունն առաջարկում էր Երեւանին հատկացնել 62 միլիոն, սակայն կոնգրեսը պահպանեց նախկին գումարը` 75 միլիոնը: 62 միլիոնն ավելի հեշտ է հասցնել 75-ի, քան 55-ի: Այնպես որ, բացառված չէ, որ ստիպված պետք է լինենք համակրեպվել, որ այս անգամ մշտական օգնությունն ավելի քիչ կլինի, քան անցած տարիներինը: Պետք չէ մոռանալ նաեւ այն, որ օրինագծում ներկայացված գումարները զուտ վարչակարգի առաջարկներն են: Իսկ փորձը ցույց է տալիս, որ օրենսդիրները համարձակորեն խմբագրում են Սպիտակ տան ներկայացրած փաստաթղթերը: Գրեթե կասկած չկա, որ այս տարում եւս կոնգրեսում հայ լոբբիստների գործընկերներին կհաջողվի Հայաստանի օգնության չափերը մեծացնել, որն ամեն դեպքում զգալիորեն կգերազանցի Ադրբեջանի օգնության ծավալները: Չնայած 1992թ.-ին ընդունված Ազատության աջակցության ակտի 907 ուղղման, հաջորդ տարի էլ Բաքուն Վաշինգտոնից կստանա օգնություն: Նախագահի առաջարկվող այս ուղղման գործողությունների վրա դրված ժամանակավոր կասեցումը հնարավորություն տվեց Ադրբեջանին ընդհանուր առմամբ ստանալ 90 միլիոն դոլար: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը երկուշաբթի հայտարարեց, որ «երազում է այն օրվա մասին, երբ ուղղումը կկասեցվի ընդմիշտ»: Նա հավաստիացրեց, որ եւ վարչակարգը, եւ կոնգրեսը ձգտում են վերացնել ողղումը: Սակայն դիվանագետն ակնհայտորեն խուսանավում է: Կոնգրեսն ամենեւին էլ մտադիր չէ զիջել վարչակարգին: Եվ հենց նախագահին էլ ձեռնտու է ուղղման առկայությունը, քանի որ այն Ադրբեջանի վրա ազդելու լրացուցիչ մեխանիզմներ է ստեղծում: Այնպես որ լուրջ հիմքեր չկան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման համար Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի կողմից դրված պատժամիջոցների լիովին վերացման մասին խոսելու: Արտյոմ Երկանյան ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |