1 մարտի 2007 - 17:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Սերբիայի հարցով Հաագայի դատարանի վճիռը ցուցադրեց միջազգային իրավունքի սահմանները
Հաագայի միջազգային դատարանը շատ հայտնի տեղ է դարձել հին եւ նոր հաշվիները մաքրելու համար
Վերջին մի քանի տարիներին «ցեղասպանություն» բառը սկսել են չափազանց հաճախ օգտագործել: Այնքան հաճախ, որ այն սկսում է ընկալվել որպես ինչ-որ սովորական բան, նույնիսկ հերթական. դե, սպանել են մի քանի հարյուր հազար անմեղ մարդու: Եւ շատ քչերն են հարցնում, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչու են նրանց սպանում էթնիկ սկզբունքով: Եւ ինչու՞ մի դեպքում զանգվածային սպանությունները ողբերգական իրդարձություններ են անվանում, իսկ մեկ այլ դեպքում` ցեղասպանություն:
Հաագայի միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ Սերբիան` որպես պետություն, ուղղակի պատասխանատվություն չի կրում Բոսնիայում պատերազմի ժամանակ կատարված ցեղասպանության համար, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Եւ ամենագլխավորը. իսկ ո՞վ է մեղավոր բոսնիացի մահմեդականների սպանություններում: Դատարանը Բոսնիայում 1992-95 թվականներին միջէթնիկական հակամարտության ժամանակ ցեղասպանության միայն մեկ փաստ է ապացուցված համարել. բոսնիացի սերբերի կողմից Սրեբրենիցա քաղաքում 1995 թվականին մահմեդական համայնքի 8 հազար տղամարդ եւ պատանի սպանելը:

Սակայն, ընդհանրապես, պետք է ընդունել, որ Հաագայի միջազգային դատարանը շատ հայտնի տեղ է դարձել հին եւ նոր հաշվիները մաքրելու համար: Ամենայն հավանականությամբ, Սերբիան իրոք մեղավոր չէ. պատրեազմ էր, եւ ով գիտե, թե է իրականում ով է սպանել 8 հազար մահմեդական բոսնիացիներին: Սակայն դատարանը նկատել է, որ Սերբիայի կառավարությունը ողբերգության կանխման համար բավական քայլեր չի ձեռնարկել: Բնական է, որ դատավճռի հրապարակումից հետո բոսնիացի մահմեդականների հոգեւոր առաջնորդները հուսահատություն են հայտնել Հաագային Միջազգային դատարանի որոշման կապակցությամբ: «Տասը տարի ձգվող գործընթացի դրական կողմ դարձավ այն փաստը, որ Սրեբրենիցայի զոհերի հարազատները միջազգային ամբիոն ստացան, սակայն դատարանը ամենասկզբից մեղադրական դատավճիռ կայացնելու եւ առավել եւս պատժամիջոց կիրառելու շանսեր չուներ: Սերբիայի հարցով Հաագայի դատարանի վճիռը ցուցադրեց միջազգային իրավունքի սահմանները»,- գրում է Times-ը:

Այս ամբողջ պատմությունը կարող է եւ Հայաստանին առնչվել: Ինչպես հայտնի է, Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Այդ մասին տարեսկզբում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, դիվանագետները, թուրք եւ արտասահմանցի «վստահված» փորձագետներ-փաստաբանները անցկացնում են այս հարցի մանրամասն ուսումնասիրությունը: Milliyet թերթում լույս տեսած «Պատմական քայլ Թուրքիայի կողմից» հոդվածում ասվում է, որ թուրքական կառավարությունը «նոր քաղաքականություն է մշակում» Հայոց ցեղասպանության մասին «պնդումների» հարցով, որը հետեում է գիտնականների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկին:

Միջազգային, մասնավորապես, Հաագայի դատարան դիմելու Թուրքիայի գաղափարը նոր չէ. դրա հեղինակը պաշտոնաթող թուրք դիվանագետ Գյունդուզ Աքթանն է, ով երկար ժամանակ Թուրքիայի դեսպանն է եղել տաբեր եվրոպական կառույցներում: Ըստ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, Հայոց ցեղասպանության խնդրի հարցով եղել է Թուրքիայի քաղաքականության երկու տարբերակ: «Նրանք մտադիր էին շարունակել մերժման քաղաքականությունը կամ դիմել միջազգային դատարան, հիմնավորելով դա նրանով, որ հայերին միեւնույն է չի հաջողվի ապացուցել, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են եղել: Որոշումն ընդունվել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ամենաբարձ մակարդակով: Որոշում ընդունվեց շարունակել մերժման նախկին քաղաքականությունը»,- նշել է նա: Նշենք, որ Աքթանը հանդիսանում է ամենախիստ թուրք քաղաքական գործիչներից մեկը եւ Հաշտեցման Հայ-թուրքական հանձնաժողովի անդամ եղած ժամանակ միշտ դեմ էր հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այնուամենայնիվ, դժվար թե Թուրքիան խիզախի դիմել Հաագայի դատարան: Երիտթուրքերի կառավարության կողմից Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին մեկուկես միլիոն հայերի սպանությունների հերքման ապացույցներ գուցե եւ գտնվեն, սակայն ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագրերը` «հայկական հարցի վերջնական վերացման» մասին, փոխում են ամեն բան:

Հիշեցնենք, որ Միջազգային դատարանը հանդիսանում է բարձրագույն դատական մարմինը ՄԱԿ-ի անդամ-պետությունների միջեւ վեճերի կարգավորման համար: Գտնվում է Հաագային Խաղաղության պալատում 1946 թվականից ի վեր: Նրա կազմում 15 դատավորներ են տարբեր երկրներից, ովքեր ընտրվում են 9 տարի ժամկետով: Եթե կողմերից մեկը չի կատարում դատարանի որոշումը, մյուս կողմը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին: Միջազգային դատարանի բոլոր որոշումների իրականացնումն անպայման է, վերջնական եւ անբեկանելի: