ԵԱՀԿ ՄԽ-ի այցի նվազագույն ծրագիրը կատարված է

Համանախագահները գնալով սկսում են հասկանալ, որ հայ փախստականները լուրջ գործոն են, որի անտեսումը կարող է փակուղի մտցնել կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության հիմնական նպատական ընդհանուր առմամբ լուծված է` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնվել են հանդիպել հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում: Մյուս առումներով միջնորդների այցն անցավ ինչպես միշտ: Եվ ինչպես միշտ այցի մասին ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրությունները ուղղակիորեն հակառակ են նրան, ինչ ասել են Բերնար Ֆասյեն ու Յուրի Մերզլյակովը Երեւանում:
PanARMENIAN.Net - Այդ կապակցությամբ արժանի է հիշատակության Մեթյու Բրայզայի տարակուսանքն այն մասին, որ դեռեւս Բաքվում նա TV-ով հայտարարություններ է լսել, որոնք իբր արվել են իր անունից: Բաքվի մամուլի կողմից հրապարակված համանախագահների հայտարարություններին հարկավոր է զգուշորեն վերաբերվել: Հավանաբար, հենց այդ պատճառով, իր դառը փորձից ելնելով ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հրաժարվել է մեկնաբանություններ տալ ադրբեջանցի լրագրողներին: Ըստ Բ.Ֆասյեի, հանդիպումները շատ օգտակար էին: «Մենք բեմ ենք կառուցում բանակցությունների համար եւ Երեւանում դրվեց նրա աղյուսներից մեկը: Հավատում ենք, որ Բաքվում եւս մենք կկարողանանք եւս մի քանի աղյուս ավելացնել»,-ասել է նա Բաքվում:

Հավանաբար այս անգամ հիմնական շեշտը դրվել է փախստականների խնդրի վրա: Հենց այդ մասին է հաճախ սիրում խոսել Ադրբեջանը, ձեւացնելով, թե հայ փախստականներ ընդհանրապես չկան: Ըստ ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանի, համանախագահները քիչ-քիչ սկսում են հասկանալ, որ հայ փախստականները լուրջ գործոն են, որի անտեսումը կարող է փակուղի մտցնել կարգավորման հարցը: «Եթե հայ փախստականները համաձայնվեն վերադառնալ Ադրբեջան, հնարավոր կլինի խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին: Եթե ոչ, պետք է մտածել, թե որտեղ են այդ մարդիկ հետագայում բնակվելու, որտեղ է լինելու նրանց նոր հայրենիքը: Այդ տեսակետից, ազատագրված տարածքներն ամենահարմար վայրն են»,-հայտարարել է Մելիքյանը: Սակայն Ադրբեջաննում այլ կերպ են մտածում: Day.az-ի անցկացրած հարցման արդյունքում, Ադրբեջանի քաղաքացիների 34 տոկոսը համաձայն են, որ հայերը վերադառնան Ադրբեջան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: 54 տոկոսը համարում են, որ դա անհնար է, իսկ 12 տոկոսը դժվարացել են պատասխանել: Հարցմանը մասնակցել է 1122 մարդ:

Մինչդեռ, Երեւանում համանախագահները հայտարարեցին, որ չեն բաժանում փախստականներին ըստ ազգային պատկանելության: «Եթե ասվում է, որ փախստականներն ու տեղահանված անձինք պետք է վերադառնան մշտական բնակության վայրեր, մենք ի նկատի ունենք եւ հայերին, եւ ադրբեջանցիներին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մխ-ն բազմիցս է խոսել փախստականների վերադարձի մասին այն պայմանով, եթե հաղթահարվի երկու երկրների հանրությունների բացասական վերաբերմունքը միմյանց հանդեպ: «Ես արդեն ասել եմ` չի կարելի տունը կառուցել տանիքից: Նույնը եւ փախստականների հարցում է` ուր վերադարձնել նրանց, ինչ պայմանով եւ ինչ հիմքի վրա: Այս ամենն անհրաժեշտ է մանրակրկիտորեն մշակել»,-ընդգծել է Ֆասյեն:

Եւս մեկ կարեւոր պահ, որը մշտապես նշվում է ԵԱՀԿ ՄԽ այցերի ժամանակ` ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Ամեն անգամ միջնորդները ասում են, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին պարտադիր է: Սակայն գործը մեռյալ կետից չի շարժվում` Բաքուն պնդում է, որ բանակցություններին մասնակցեն նաեւ ԼՂ այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները, որը ոչ ոքի կողմից ճանաչված չէ: Եվ հայտարարությունները կրկին մնում են օդում կախված: Մելիքյանը գտնում է, որ այն բանում, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին, կա նաեւ համանախագահների մեղքը, քանի որ նրանք համաձայնվել են նման ձեւաչափի:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են աշխատում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչը կայունություն եւ անվտանգություն կբերի Հարավային Կովկաս: «Ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից եւ բխում է երկու երկրների շահերից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին ես եղել եմ տարածաշրջանում գարնանը, ներկայացնելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: Այդ սկզբունքները հիմնակակնն են հակամարտության կարգավորման համար»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---