Թուրքիայի հանդեպ ԵՄ նախապայմանների ցուցակում Կիպրոսի եւ քրդական հարցերի հետ պետք է ընդգրկվի նաեւ Հայոց ցեղասպանությունըԹուրքիան փորձում է առավելագույն արտոնությունները ստանալ ԵՄ-ից եւ կօգտագործի բոլոր հնարավոր լծակները տնտեսական եւ ռազմական հզորության ավելացման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ԵՄ-ի օրակարգում է: Սկզբունքորեն, այն ոչ մի տեղ էլ չէր անհետացել, սակայն այժմ, երբ ԵՄ երկրների առաջնորդները կրկին սկսել են քննարկել, թե ինչպես կարող է Թուրքիան ինտեգրվել Եվրամիությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կիպրոսի եւ քրդական հարցերի հետ մեկտեղ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Թուրքիայի համար: ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ցույց էր կազմակերպել Բրյուսելում, կոչ անելով ԵՄ-ին ներառել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար նախատեսված նախապայմանների ցուցակում նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Եվրոպայի հայերը «ոչ» ասացին Ցեղասպանությունը չճանաչող Թուրքիային, եւ հայտարարեցին Կոպենհագենյան չափանիշների պահպանման անհրաժեշտության մասին, որոնք ներառում են Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին ինտեգրվելու նախապայմանների ցուցակում: «Մենք դեմ չենք Թուրքիայի անդամակցությանը, մենք դեմ ենք այն Թուրքիային, որը հրաժարվում է լքել եւ ճանաչել Կիպրոսը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ քրդերի իրավունքները: Այն դեպքում երբ Եվրամիությունը հանդես է գալիս Թուրքիայի կողմից մարդու իրավունքների եւ Կիպրոսի ճանաչման անհրաժեշտության պահանջով, Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք պայման չի եղել անդամակցության համար»,-ասել է Եվրոպայի ՀՅԴ ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը: Եվրոպայի հայկական դաշնությունը գտնում է, որ Թուրքիայի հետ բանակցությունների հանդեպ հիմնարար մոտեցման փոփոխությունն «ավտոմատ անդամակցությունից» մինչեւ «անդամակցություն ԵՄ-ին կամ արտոնյալ գործընկերություն» դրական քայլ է: Դա կրկին քաղաքական բանավեճ է բացում այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Թուրքիայի միացումը Եվրոպային բնական առաջընթաց բուն Եվրամիության համար: «Նույնիսկ այսօր, երբ եվրոպացիները չեն կարողանում որոշել, կզարգանան արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները «արտոնյալ գործընկերության» համատեքստում, մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է առավելագույն արտոնություններ ստանալ ԵՄ-ից եւ կօգտագործի բոլոր հնարավոր ճնշման լծակները տնտեսական եւ ռազմական հզորության ավելացման համար»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: Որքան էլ Անկարան մեղադրի հայկական լոբբիին «ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ազգային շահերի խարխլման համար», գնալով աշխարհի ավելի շատ երկրներ եւ կառավարություններ են հակվում նրան, որ Թուրքիան պետք է բարոյական պատասխանատվություն կրի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործության համար, քանի որ հենց Աթաթուրքի Թուրքիան է նրա իրավահաջորդը: Հարկ է խոստովանել, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի մեծ հաջողության են հասել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, քան ԱՄՆ հայ համայնքը: Քաղաքական եւ պետական բնույթի պատճառների թվում կա եւս մեկը, որը բավականին կարեւոր է` աշխարհագրականը: ԱՄՆ-ն իր հեռավորության պատճառով չի կարող զգալ այն սպառնալիքը, որը հառնում է Եվրոպայի առջեւ ի դեմս թուրքական գործոնի: Եվրոպայում թուրք բնակչության ամենամյա աճը կազմում է 1,6 տոկոս: Որոշ գնահատականներով այժ թուրք միգրանտների թիվն այս աշխարհամասում կազմում է արդեն շուրջ 40 միլիոն, ինչն ընդհանուր բնակչության 12 տոկոսն է: Այդ թիվը բավականին ազդեցիկ է, եթե հաշվի առնենք աճի տեմպերը: Ավելին, էթնիկ թուրքերը մաս են կազմում մի շարք եվրոպական երկրների խորհրդարանների, ինչպիսիք են Նիդերլանդներն ու Բելգիան: Այս ամենը չի կարող չանհանգստացնել ԵՄ-ին: Կան բազում հասարակական կազմակերպություններ, որոնք անմիջականորեն ֆինանսավորվում են Անկարայից` թուրքական շահերը լոբբինգի ենթարկելու համար: Մի խոսքով, այն ամենը, ինչ կա նաեւ ԱՄՆ-ում: Սակայն ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում հայերը միայնակ չեն արդարության համար մղվող իրենց պայքարում: Ուղղակի ԱՄՆ-ն դեռեւս չի ցանկանում վիճաբանել Անկարայի հետ: Հունական ծագումով ամերիկացիները սատարում են հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում: Ինչպես գրում է հունական NEO Magazine-ը, ցեղասպանությունների ժխտման պատը վերջնականապես փլվում է: Հայ եւ հույն լոբբիի հաջողությունը նրանում է, որ նրանք վերջապես կարողացան կոտրել ուրացման պատը եւ Հայոց ցեղասպանության հարցը այլեւս վիճաբանության առարկա չէ: «Չնայած թուրքական պատմության վերանայմանն ուղղված տեւական եւ պետության կողմից ֆինանսավորվող բազմամիլիոնանոց արշավին, քաղաքական գործիչների կաշառմանն ու այն ազգերի ազգային շահերին սպառնալիքները, որոնք համարձակվել են ճանաչել պատմությունը, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում»,-գրում է պարբերականը: Հոդվածում ընդգծվում է, որ հայերը միայնակ չեն արդարության համար իրենց պայքարում: Հունական ծագումով ամերիկացիներն արդեն տեւական ժամանակ է ինչ կողք կողքի աշխատում են հայերի հետ ընդհանուր անցյալի պաշտոնական ճանաչման համար: «Հույները եւս ցեղասպանության զոհ են եղել: 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում, Փոքր Ասիայում եւ Պոնտոսում շուրջ մեկ միլիոն հույն է ոչնչացվել, հրի է մատնվել հունական Սմիռնա քաղաքը եւ ոչնչացվել է նրա ողջ բնակչությունը: Պոնտոսի հույների ցեղասպանությունը ոչնչացրեց վաղեմի համայնքը: Մինչ այդ Փոքր Ասիայում երեք հազար տարվա պատմություն ունեցող հույները ամբողջովին բռնագաղթվեցին: 1997 թվականին ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ առաջարկեց հույների ցեղասպանության հիշատակի օրվա մասին: Բախվելով Թուրքիայի դիրքորոշմանը, բանաձեւը կոմիտեում մնաց»,-ասվում է NEO Magazine-ի հոդվածում: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |