Վրաստանը Ջավախքում վարում է հայերի դուրս մղման քաղաքականությունԴժվար թե Թբիլիսին չի հասկանում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է հայերի լրիվ ոչնչացմանն ու դուրս մղմանը եթե ոչ տարածաշրջանից, ապա, առնվազն, անկլավներից եւ կոմպակտ բնակության վայրերից Կրկին, որերորդ անգամ սրվել է իրավիճակը Ջավախքում: Եվ կրկին Հայաստանը սահմանափակվում է հարմար ձեւակերպումներով` Հայաստանի ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին: Մինչ այժմ ոչ ոք չի տիրապետում իրական տեղեկատվությանը, իսկ այնտեղ մարդիկ են զոհվում, Ջավախքի հայությունը լիակատար արտաքսման եզրին է: Հայաստանի համար դա նշանակում է, որ հյուսիսային սահմանը եւս կվերցվի թուրք-ազերիական վերահսկողության տակ: ![]() PanARMENIAN.Net - Առավելապես հայերով բնակեցված Ախալքալաք շրջկենտրոնում հուլիսի 18-ին պայթյուններ հնչեցին Ախալքաաքի ոստիկանության ղեկավարի տան մոտ: Նույն օրն երեկոյան Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ, «Ջավախքի սկաուտների շարժման» ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում, որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը` ազգությամբ հայ, Բարալեթ գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Հուլիսի 20-ին հատուկ նշանակության ուժերը շրջապատել են Ախալքալաքի կիսաքանդ շենքերից մեկը, որտեղ իբր թաքնվում էր Գ.Շիրինյանը: Գործողության ժամանակ զոհվել է եւս մեկ ոստիկան, եւս ազգությամբ հայ: Հուլիսի լույս 21-ի գիշերը վրաց հատուկջոկատայինները եւ տեղի միլիցիայի ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալել են նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, մորն ու հորը: Վ.Չախալյանին եւ նրա մերձավորներին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Ախալցիխե, իսկ այնուհետեւ` Թբիլիսի, երկարացնելով ձերբակալման ժամկետը երկու ամսով: Անմիջապես Չախալայնի ձերբակալությունից հետո, ձերբակալվել են ալյանսի եւս 6 անդամներ, որոնք հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Այն, ինչ կատարվում է Ջավախքում, չի կարելի սադրանք կոչել, ինչպես այդ մասին ասում են տարբեր հայ փորձագետներ եւ լրագրողներ: Չի կարելի սադրանք անվանել պետության ծրագրված քաղաքականությունը, որն ուղղված է բնիկ ազգության դուրս մղմանը, որը հայտնվել է փոքրամասնության կարգավիճակում: Տարօրինակ է, որ ոչ ոք լրջորեն չընդունեց Միխաիլ Սահակաշվիլու Կարսում ասած խոսքերն այն մասին, որ «Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի անկախության երաշխավորը»: Իսկ չէ որ հենց այդ խոսքերն են ներկայումս արտահայտում վրացական պետության արտաքին եւ նույնիսկ ներքին քաղաքականության գլխավոր ուղղությունը, որը երբեք իրապես անկախ չի եղել: Ինչպես եւ Ադրբեջանը...Եթե Վրաստանի նախագահն ավելի անկեղծ լիներ, պետք է ասեր, որ Վրաստանի երաշխավորներն են Թուրքիան ու ԱՄՆ-ն: Սակայն կասպից նավթի տարանցման համար ստացվող փողերը ստիպեցին ասել այն, ինչ ասաց Սահակաշվիլին: Դժվար թե Թբիլիսին չի հասկանում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է հայերի լրիվ ոչնչացմանն ու դուրս մղմանը եթե ոչ տարածաշրջանից, ապա, առնվազն, անկլավներից եւ կոմպակտ բնակության վայրերից: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագիծը, որն արդեն շատերն ուղղակի Բաքու-Անկարա են անվանում, եւս իր դերը կատարեց իրավիճակի ներկա սրման մեջ: Փաստորեն, Հայաստանին պարզորոշ հասկացրեցին, որ նա պետք է փոխի իր մոտեցումները տարածաշրջանի երկրների հանդեպ: Հակառակ դեպքում` լիակատար մեկուսացում ու փակուղի: Մի խոսքով, մեզ առաջարկում են երկրորդ Վրաստանը դառնալ` կառավարելի, թույլ եւ հակասություններով լի: Ավելին, Հայաստանն ուղղակի կարող է չլինել: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, խոսելով տարածաշրջանի երկրների մասին, խոսում է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասին: Իրանն ու Հայաստանը նա նույնիսկ չի հիշատակում: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը բաց է Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-ասել է Ա.Գյուլը Կարսում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի արարողության ժամանակ: Նրա խոսքերով, նախագիծը միավորում է ոչ միայն Ադրբեջանին, Վրաստանին եւ Թուրքիային, այլ նաեւ Ասիայի երկրներին, սկսած Չինաստանից եւ ավարտելով Եվրոպայի երկրներով: «Այս նախագիծը մեծ տնտեսական նշանակություն ունի, ինչպես տարածաշրջանի տնտեսության, այնպես էլ այն երկրների բնակչության համար, որոնք մասնակցում են նախագծին»,-ասել է նա: Չնայած «որոշ պետությունների» կասկածներին ԲԹԿ-ի նպատակահարմարության վերաբերյալ, Ասիայի մի շարք երկրներ, ներառյալ Ղազախստանը, նույնպես շահագրգիռ են այդ նախագծի իրականացման գործում, ինչի մասին անձամբ հայտարարեց երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը», շարունակել է Գյուլը: Նա գոհունակություն հայտնեց առ այն, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ մեկտեղ մեծ ուշադրություն է հատկացվում այս նախագծին: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ եթե երկրներն ունեն քաղաքական նկրտումներ, ապա կարելի է կյանքի կոչել բազում նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, այժմ էլ` Բաքու-Թբիլիսի-Կարսը»,-ասել է նա: «Ես համոզված եմ, որ այս նախագիծը հաջող է լինելու, քանի որ բոլոր երեք երկրները շատ ջանքեր են ներդնում եւ բոլոր հարցերը կլուծվեն ժամանակից շուտ: Այս նախագիծը միավորում է ոչ միայն Կովկասի երկու երկրներին, այլ ողջ տարածաշրջանը, ինչն ապացուցում է այդ երկրների անկախությունը»,-ասել է Գյուլը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Հավանաբար, իրավիճակն ինչ-որ կերպ կկարգավորվի, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ Ջավախքի հայերը չեն արժանանա Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի դաշտային մասի ճակատագրին: Եթե երկաթուղին բացվի մինչեւ 2011թ., ինչը կասկած չի հարուցում, ապա Ջավախքի ապագան որպես Վրաստանի հայաբնակ տարածաշրջանի շատ մշուշոտ է թվում: Մինչեւ 2011թ. Վրաստանը պետք է վերջապես կատարի Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման մասին, որոնց բնակեցնելու են հենց Ջավախքում, չնայած նրան, որ վրացական խորհրդարանի հայ պատգամավորները ժխտում են դա: Թեեւ նրանց ասածներին ոչ ոք առանձնապես ականջ չի դնում ոչ Թբիլիսիում, ոչ էլ առավել եւս Ջավախքում կամ Երեւանում... ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |