Եվրամիությունը չի ֆինանսավորի Արեւելյան Եվրոպային, քանի որ իրեն էլ միջոցներ են հարկավոր

Արեւելյան Եվրոպայի երկրներին հավանաբար իրոք հարկ կլինի հույսները միայն իրենց վրա դնել: Դա դժվար է, տհաճ, սակայն ոչ մահացու:

Բրյուսելում կայացած Եվրամիության վերջին արտակարգ գագաթնաժողովը լուրջ տարաձայնություններ է առաջացրել «հին» ու «նոր» Եվրոպայի միջեւ: Տարաձայնությունները, սկզբունքորեն ասած, միշտ են եղել, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչպես դա լինում է նման դեպքերում, լոկ խորացնում է Արեւելյան բլոկի երկրների հասունացող դժգոհությունը: Իրոք, սկզբում նրանց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուսախափ արեց, որոշելով պայմանավորվել ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ ՀՀՊ հարցի շուրջ` այդպես ավելի էժան կնստի: Հիմա էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գագաթնաժողովում Անգելա Մերկելը մերժեց Արեւելայն Եվրոպային 190 մլրդ եվրոյի շտապ ֆինանսական օգնության պլանը: Նրան սատարեց ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Նա հայտարարեց, որ Արեւելայն Եվրոպայի եւ Բալթիայի երկրների համար օգնության միասնական ծրագիր ընդունելու անհրաժեշտություն չկա: Ըստ նրա, օժանդակության չափը պետք է որոշվի Արեւելայն Եվրոպայի յուրաքանչյուր երկրի համար առանձին: «Տրամաբանական չէ միասնական փաթեթով օգնություն ցուցաբերել Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրում իրավիճակը տարբեր է»,-ընդգծել է նա:

Գագաթնաժողովի նախօրեին Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ Հունգարիայի ու Լեհաստանի գլխավորությամբ եւ Ավստրիայի աջակցությամբ հանդես եկան պահանջով, ուղղված «հարուստ» երկրներին` շտապ 190 մլրդ եվրո հատկացնել բանկային համակարգերին աջակցելու եւ պահպանելու համար ազգային արտարժույթի փոխարժեքը: Սակայն «հարուստներն», ավաղ, աղքատանում են եւ պետք է մտածեն սեփական ճակատագրի մասին, այլ ոչ թե Արեւելյան Եվրոպայի երկրների, որոնք այդպես էլ չհաղթահարեցին ամենուր օգնություն որոնելու սովորությունը` սկզբում Մոսկվայում, այժմ Բրյուսելում եւ Վաշինգտոնում:

Սակայն ավելի լուրջ ցնցումներ են սպասում «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: ԵՄ երկրները դժգոհություն են հայտնել «Արեւելայն գործընկերություն» ծրագրի համար 600 մլն եվրո հատկացնելու Եվրահանձնաժողովի մտադրության կապակցությամբ: Նշվել է, որ Եվրամիությունը ճափազանց շատ միջոցներ է հատկացնում արեւելայն գործընկերներին, այն դեպքում երբ հարավային գործընկերներին աջակացության ծավալները շատ ավելի համեստ են: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է նախաձեռնության բյուջեի ավելացմանը: Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո լեհ նախագահ Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Գերմանիան ֆինանսապես կաջակցի նախագծին: Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշներն առաջարկել է կրճատել բյուջեն մինչեւ 250 մլն եվրո, այդպիսով մասնակից յուրաքանչյուր երկրին հատկացնելով տարեկան 15 մլն եվրո: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության բյուջեի նախագիծը վերջնականապես կհաստատվի ԵՄ գագաթնաժողովում մարտի 19-20-ը, հաղորդում է theews.pl-ն:

Ամբողջությամբ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն իհարկե չի փակվի` այստեղ առաջնայինը քաղաքականությունն է, որի համար միջոցներ միշտ կգտնվեն: Հիշեցնենք, որ նույնիսկ ամենախորը ճգնաժամի դեպքում նույն ԱՄՆ-ում միշտ էլ միջոցներ գտնվում են «պետքական» երկրներին եւ գործընկերներին աջակցելու համար: Այնպես որ մեծ հաշվով, ծրագրի մասնակից երկրները անհանգստանալու առիթ չունեն: Ճիշտ է, միջոցներն ավելի քիչ կլինեն եւ դրանք հարկ կլինի ծախսել զուտ ծրագրով նախատեսված կետերի համար:

Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին, ապա նրանք, հավանաբար, ստիպված կլինեն առաջիկայում հույսները միայն իրենց վրա դնել: Դա դժվար է, տհաճ, սակայն ոչ մահացու: Պետք չէ մոռանալ, որ այժմյան ճգնաժամը, օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ, առաջացավ նույն Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային հանրապետությունների տնտեսությունների համար անհամար հատկացումների շնորհիվ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---