Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Աշխարհի գավաթի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալներ

Շաբաթվա մարզական հիմնական տեսություն` փետրվարի 11-18-ը

Հունահռոմեական ըմբշամարտ. հունվարի 13-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթը: Երրորդ տեղի համար հայ մարտիկները պայքարում էին Ռուսաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 4:3 հաշվով: Այդ առճակատման մեջ ամեն ինչ որոշվեց 7-դ մենամարտում, որտեղ հանդիպեցին 120 կգ ք/կ-ի ըմբշամարտիկներ Յուրի Պատրիկեեւը (Հայաստան) եւ Ալեքսանդր Անյուշինը (Ռուսաստան): Պատրիկեեւը մենամարտը սկսեց շատ վստահ եւ հաղթեց, Հայաստանի հավաքականին բերելով գավաթ 3-դ տեղի համար: Աշխարհի գավաթում դա Հայաստանի հավաքականի 3-դ հաղթանակն էր: Խմբային փուլում հայ ըմբշամարտիկները հաղթեցին Սկանդինավիայի եւ Կուբայի հավաքականներին 7:0 հաշվով:

PanARMENIAN.Net - Իսկ եզրափակչում հանդիպեցին Իրանի եւ Թուրքիայի հավաքականները: Այդ պայքարում հաղթեց Իրանի հավաքականը 4:3 հաշվով: Աշխարհի գավաթում առաջին երեք տեղերը զբաղեցրած հաղթողները բացի գավաթներից ստացան դրամական մրցանակներ` 50 հազար, 30 հազար եւ 20 հազար դոլար: Գավաթին մասնակցել էին 8 երկրների հավաքականներ` Հայաստան, Իրան, Հունգարիա, Սկանդինավիայի հավաքականը, Կուբա, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկները փետրվարի 18-19-ը Իրանի Իսպահան քաղաքում մասնակցեցին «Թախտիի գավաթ» միջազգային մրցաշարին: Պատվիրակության կազմում, որը գլխավորում է Արայիկ Բաղդադյանը, 13 ըմբշամարտիկ էր ընդգրկված:

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Փետրվարի 15-ին Վանկուվերում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում 15 կմ դահուկավազքում հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը գրավել է 70-րդ տեղը 95 մասնակիցների թվում: Այդ տարածությունը նա հաղթահարել է 37.58,9 րոպեում: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33.36,3 րոպե):

Կանանց 10 կմ դահուկավազքում հայաստանցի Քրիստինե Խաչատրյանը, ցույց տալով 34.17,5 րոպե արդյունքը, զբաղեցրեց 76-րդ տեղը 78 դահուկորդների թվում: Չեմպիոն դարձավ շվեդուհի Շարլոտտա Կալլան (24.58,4 րոպե):

Ֆուտբոլ. Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի ընկերական խաղ Բելառուսի հավաքականի հետ Թուրքիայում: Բելառուսի գլխավոր մարզիչ Բերնդ Շտանգեն արդեն հրապարակել է իր հավաքականի կազմը: Հայաստանի եւ Բելառուսի հավաքականները հանդիպել են երեք անգամ: Մեկական անգամ հաղթեց հավաքականներից յուրաքանչուրը, իսկ մեկ անգամ խմբերը ոչ ոքի խաղացին:

Մինչեւ Հայաստանի առաջնության մեկնարկը հայկական ակումբները շարունակում են պատրաստությունները եւ ընկերական խաղերը:

«Բանանց» ՖԱ-ը Անթալիայում անցկացնում է մարզաուսումնական հավաք: Ակումբը այս շաբաթվա ընթացքում անցկացրել է երկու խաղ: Առաջին խաղում ռումինական «Արջեշ» ակումբի դեմ «Բանանցը» պարտվեց 1:2 հաշվով, իսկ «Անջիի» (Մախաչկալա) հետ խաղաց 2:2 հաշվով:

Իսկ արծաթե մրցանակակիր «Միկան» Կիպրոսում հանդիպել է Կիեւի «Դինամո 2» ակումբի հետ, եւ պարտվեց 3:0 հաշվով:

Փետրվարի 14-ին Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլի ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, ընկերական խաղ է անցկացրել իսպանական «Մարբելիայի» հետ, որը հանդես է գալիս Segunda Division B երկրորդ իսպանական լիգայում: «Մետալուրգ» ֆուտբոլի ակումբը 4:0 հաշվով հաղթել է «Մարբելիային»` երրորդ գոլը 38-րդ րոպեին խփել է Հենրիկ Մխիթարյանը: Իսկ փետրվարի 17-ին «Մետալուրգը» անցկացրեց եզրափակիչ ընկերական խաղ շվեդական «Մալմեի» դեմ: Խաղը ավարտվեց 0:0 հաշվով:

Թուրքիայում ընկերական խաղ անցկացրեցին ռումինական «Ստյաուան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, եւ բելառուսական «ԲԱՏԷ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը: 2:0 հաշվով հաղթանակ տարավ ռումինական ակումբը:

Բռնցքամարտ. Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ գերմանացի Մարկո Հուքը շարունակում են պատրաստվել իրենց հաջորդ մենամարտերին: Մարտի 6-ին Աբրահամը «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում Կալիֆոռնիայում կանցկացնի իր երկրորդ մենամարտը Անդրե Դիրրելի դեմ (ԱՄՆ): Աբրահամն արդեն դիտել է մի քանի մենամարտ Դիրրելի մասնակցությամբ, այդ թվում նրա վերջին մենամարտը բրիտանացի Կառլ Ֆրոչի դեմ: «Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող»,-ասել է Աբրահամը:

Մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ` թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն հայտարարել է, որ ցանկանում է անցկացնել խաղ-ռեւանշ Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հետ:

«Նա գիտի, որ այդ դեպքում նրա բախտը կբերի եւ այժմ նա անում է ամեն ինչ ինձ հետ հանդիպումից խուսափելու համար: Այժմ նա ցանկանում է մենամարտել Արսեի հետ, որը վերջերս պայքարում էր թափուր տիտղոսի համար,-ասել է Դարչինյանը:-Ես երկու տիտղոս ունեմ: Եթե նա իրեն իսկական տղամարդ է համարում, ապա պետք է միավորված մենամարտ անցկացնի ինձ հետ: Նա կարող է կռվել Արսեի հետ` իմ հետ մենամարտից հետո»:

Շախմատ. Փետրվարի 17-ին Մոսկվայում ավարտվեց Aeroflot Open շախմատային մրցաշարը: Փետրվարի 17-ին Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ օփեն» շախմատի մրցաշարը: A1 մրցաշարում բոլոր 4 հայ շախմատիստներն էլ ոչ ոքի են խաղացել: Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը, Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը 5 միավորներով զբաղեցնում են 31 եւ 32-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը 4 միավորով 62-րդ տեղում է: Մրցաշարի հաղթող է դարձել վիետնամցի գրոսմայստեր Լիմ Լի Կուանգը 7 միավորով:

A2 մրցաշարում Տիգրան Քոթանջյանը 5 միավոր է հավաքել եւ ավարտել է իր ելույթները «Աերոֆլոտ օփեն»-ում 25-րդ տեղում: Իսկ Դավիթ Պետրոսյանը 4 միավորով 44-րդ տեղում է: A2 մրցաշարում հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնին 6,5 միավորով:

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ շախմատի Լինարեսի մրցաշարի 4-րդ տուրը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: 4-րդ տուրից հետո Արոնյանը 2 միավորով 3-րդ տեղում է:

Հունիսի 3-7-ը Լեւոն Արոնյանը կմասնակցի Լեոնում (Իսպանիա) կայանալիք արագ շախմատի առաջնությանը: Արոնյանի մրցակիցները կլինեն Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա) եւ Լենյեր Դոմինգես Պերեսը (Կուբա):

Թենիս. Դավիթ Նալբանդյանը վնասվածքից հետո վերադարձավ մեծ թենիս: Փետրվարի 17-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած Copa Telmex-2010-ում որոշիչ սեթի ժամանակ կարողացավ հաղթահարել իսպանացի Դանիել Հիմենո-Տրավերի դիմադրությունը 6:7, 6:4, 7:6 հաշվով: Եզրափակիչ դուրս գալու համար նա կմրցի Իսպանացի Ալբերտ Մոնտանյեսի հետ:

Սուսերամարտ. Փետրվարի 17-ին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հաղորդել է, որ Հայաստանի կադետների եւ պատանիների սուսերամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 2-10-ը: «Մեր ֆեդերացիան որոշել է, որ մենք չենք մասնակցի եւ այդպես ավելի լավ կլինի մեր մարզիկների համար»,-ասել է Մադոյանը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---