Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում սեպտեմբերի 20-27-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում

2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

PanARMENIAN.Net - Հայաստանի վիրտուալ տաղավարը «Շանհայ էքսպո 2010»-ում արժանացել է պարգևի նորարարական տեխնիկական լուծման համար: Հայաստանին պարգևը շնորհել է ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ֆրանսիական Dassault Systemes ընկերությունը: Ֆրանսիացի փորձագետները գնահատել են Հայաստանի վիրտուալ տաղավարի ինտերակտիվ 3D գրաֆիկան: Վիրտուալ տաղավարները հասանելի են լինելու ինտերնետում ամենաքիչը 5տարվա ընթացքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին: 2010 թ-ի սեպտեմբերի 23-ի դրությամբ Beeline բջջային ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G և GPRS-ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկների օպերատորների հետ: Beeline հաճախորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի ցանցում, GPRS- ռոումինգը` 129 երկրում 245 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 66 երկրում:

ՀՀ ՏՄՊՊՀ սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ: Ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»: Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:

ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին մատուցվող «Hi-Line» ինտերնետ ծառայության շրջանակում սպառողներին մատուցվող ««Hi-Line» Բոլորի համար» ակցիայի գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների ընթացքում «անվճար ակտիվացում» կամ «ակտիվացում 0 դրամ» բառերի փոխարեն «անվճար միացում» կամ «միացում 0 դրամ» բառերի օգտագործումը, ինչպես նաև որոշ սպառողների կողմից «Hi-Line» ծառայության ակտիվացման համար 3000 դրամ վճարելը Հանձնաժողովը որակեց որպես Ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում` որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 000 դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները:

Synopsys Armenia ընկերությունը անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ կորպորատիվ նվաճումների համար» մրցույթի եզրափակիչ փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Հեղինակավոր պարգևը, որը հանձնվում է 1999 թվականից ի վեր, կարևորում է այն դերը, որը ամերիկյան ընկերությունները կատարում են աշխարհում սոցիալական կորպորտաիվ պատասխանատվության ամրապնդման գործում: Մրցույթի եզրափակչի մասնակիցներն ընտրվել են 78 ընկերությունների թվից, որոնք առաջադրել են ողջ աշխահում հավատարմագրված ԱՄՆ դեսպանները:

Եզրափակիչ դուրս եկած ընկերությունների թվում են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Cisco (Իսրայելի ներկայացուցչությունը), Intel (Կոստա Ռիկա), Coca-Cola (Սվազիլենդ), PepsiCo (Հնդկաստան) և մյուսները: Երեք հաղթողներին 2010 թ. հոկտեմբերին կընտրի հատուկ հանձնաժողովը Հիլարի Քլինթոնի ղեկավարությամբ:

Օրանժ Արմենիա ընկերությունը մեկնարկեց iPhone 4-ի պաշտոնական վաճառքը: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: 4-րդ սերնդի սմարթֆոնը կարժենա 305 հազ. դրամ (16 ԳԲ) և 360 հազ. դրամ (32 ԳԲ), հնարավոր է նաև ապառիկ վաճառք: 4 սակագնային պլանների շրջանակներում iPhone 4-ից օգտվողների համար առաջարկվում է 1000-1500 րոպե անվճար խոսելաժամանակ Օրանժի ցանցի ներսում: Օրանժ Արմենիայի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերով, ճկուն սակագնային պլանները թույլ կտան iPhone 4-ի տերերին տնտեսել տարեկան 120-432 հազար դրամ:

Տեխնոլոգիաների ArmTech 2011 տարածաշրջանային կոնգրեսը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Synopsys Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, միջոցառմանը կմասնակցեն մի քանի տասնյակ ընկերություններ, այդ թվում եվրոպական, ինչպես նաև Փարիզի քաղաքապետն ու Հայաստանի կառավարական պատվիրակությունը:

«Քանի որ այս անգամ դա տարածաշրջանային կոնգրես է լինելու, ապա ակնկալվում է, որ այն մասշտաբով ավելի փոքր կլինի, քան Հայաստանում և Սիլիկոնային հովտում տեղի ունեցած ArmTech կոնգրեսները: Մենք մտադիր ենք ArmTech 2011 կոնգրեսը կազմակերպել Հայաստանում»,-ասել է Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ քննարկվում է, թե ինչպես կարող է կառավարությունն աջակցել Փարիզում կայանալիք ArmTech-ին: Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 30-ին «DigiTec Expo» ցուցահանդեսի շրջանակներում Երևանում տեղի կունենա ArmTech մեկօրյա սեմինարը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնևում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին: Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է և նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային երկու`«Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են կառավարության մամլո ծառայությունից, նման որոշումն ընդունվել է` ելնելով ՅՈՒՆԻԿՈԴ (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի դրույթները և հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապեության միջազգային պարտավորություները և ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակներ» ստանդարտով սահմանված չափորոշիչները: Այդ տառատեսակները մշակվել են 2008 թվականին «Հայաստանի ազգային գրապալատի» բաժնի պետ, դիզայներ Էդիկ Գաբուզյանի կողմից և համատեղելի են ինչպես IBM, այնպես էլ Macintosh համակարգիչների հետ:

TEDx Women խորհրդաժողովը տեղի կունենա Երևանում 2010թ. դեկտեմբերին: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երևանում TEDx-ի կազմակերպման նախաձեռնող, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՈԿԿ-ի վարչության անդամ Քրիստինե Սարգսյանը: Խորհրդաժողովում, որը նվիրված է լինելու կանանց, նրանց խնդիրներին ու նվաճումներին, կկարողանան շնորհանդեսներով հանդես գալ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Ըստ Քրիստինե Սարգսյանի, TEDx Women նոր նախագիծ սկսելու համար պատճառ հանդիսացավ TED խորհրդաժողովում ելույթ ունեցող կանանց քանակի կտրուկ նվազումը:

Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx խորհրդաժողովն առաջին անգամ տարածաշրջանում տեղի ունեցավ Երևանում: 17 ելույթ ունեցողները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Քուվեյթից ներկայացրեցին իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ: Հայաստանում TEDx-ի կազմակերպմանն աջակցում են Սիվիլիտաս հիմնադրամն ու «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՈԿԿ-ն:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---