Ի՞նչ կտա շախմատի ուսուցումը դպրոցականներին Հայաստանում

Ի՞նչ կտա շախմատի ուսուցումը դպրոցականներին Հայաստանում

Հայաստանի հանրապետության կառավարության որոշմամբ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական դպրոցների 2-րդ դասարաններում դասավանդվում է շախմատ առարկան:

Այս հարցի շուրջ հասարակության տարբեր շերտերում բուռն քննարկումներ տեղի ունեցան և մինչև այսօր էլ շարունակվում են: Որոշ մարդիկ դեմ են, իսկ որոշների կարծիքով էլ սա լավ հնարավորություն է երեխաների համար զարգացնել իրենց տրամաբանությունը: Կրթության և գիտության նախարարությունը շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կատարել ու կատարում են համապատասխան աշխատանքներ մանկավարժների, մասնագետների և հոգեբանների մասնակցությամբ:PanARMENIAN.Net – ը զրուցել է հոգեբանի, շախմատ առարկայի ուսուցչի և ֆեդերացիայի ներկայացուցչի հետ` փորձելով պարզել, թե ինչ է տալիս շախմատ առարկան երեխաներին:

PanARMENIAN.Net - Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն աշխատել է այն մանկավարժների հետ, ովքեր այսօր արդեն դասավանդում են հանրապետության տարբեր դպրոցներում, նա ղեկավարել էհոգեբանների այն խումբը, որը պատրաստել է «Շամատի դասավանդման հոգեբանական ձեռնարկը»:

Աղուզումցյանը պատմում է, որ կատարվել է բազմակողմանի ուսումնասիրություն գիտական գրականության մեջ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում շախմատը երեխաների վրա, որից հետո էլ ընդունվել է որոշում՝ շախմատը դարձնել պարտադիր առարկա:

«Շախմատի ներդրումը շախմատիստ պատրաստելու նպատակ չի հետապնդում։ Այն որպես ինտելեկտուալ խաղ զարգացնում է երեխաների մտածողությունը և ինտելեկտը, մի շարք հոգեկան հատկություններ, ինչպիսիք են կամքը, համագործակցությունը, պայքարելը, սովորեցնում է ժամանակի ընթացքում նստել։ Եթե այլ առարկաները պետք է վերածել խաղի, որպեսզի երեխաների համար հետաքրքիր և մատչելի դառնան, ապա շախմատը արդեն իսկ խաղ է»,- նշում է հոգեբանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ և շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը նշում է, որ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են մասնագետներով, որոնք անցել են հատուկ դասընթացներ, վերապատրաստվել են ու իրավունք ստացել դասավանդելու առարկան:

Շախմատ առարկայի համար հատկացվել են առանձին դասասենյակներ: Բոլոր դպրոցները ապահովված են դասավանդման համար անհրաժեշտ պարագաներով` շախմատի խաղասեղաններ, աթոռներ, ժամացույցներ, ցուցադրական խաղատախտակներ:

«4-5 ամիսների ընթացքում տարբեր մասնագետներ մեկնել են Հայաստանի բոլոր մարզերը, կատարել են նախապատրաստական դասընթացներ: Քննություն հանձնելուց հետո ուսուցիչներն իրավունք են ստացել երեք տարի ժամկետով դասավանդելու առարկան: Երեք տարուց հետո նրանք կրկին պետք է անցնեն համապատասխան որակավորում: Ընդհանուր առմամբ ընտրվել է 1219 մասնագետ»,- նշել է Լպուտյանը:

Գրոսմայստերը նշում է, որ ամենայն հավանականությամբ մյուս տարիների ընթացքում շախմատ առարկան կդասավանդվի նաև 3-րդ և 4-րդ դասարաններում:

Լպուտյանը համոզված է, որ շախմատը հնարավորություն է տալիս խաղի միջոցով կենտրոնացնելու երեխայի միտքը: «5 – 6 տարեկանից երեխան արդեն լավ ընկալում է շախմատի կանոնները: Շախմատն արդար խաղ է ու ցանկացած մարդու տալիս է արդարության զգացում, ստեղծագործելու ձիրք և ճիշտ տրամաբանություն: Այն բոլորի մեջ էլ սերմանում է սառը դատողություն, համբերատարություն, սովորեցնում է հաղթել, բայց միևնույն ժամանակ էլ պատրաստ լինել պարտությանը: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը մեծ օգուտ է տալու հայ երեխաների մտավոր ունակությունների զարգացմանը»:

Նշենք, որ հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցումն ապահովելու նպատակով, ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 900 մլն դրամ:

Գրքերի հեղինակը շախմատի անվանի մարզիչ Համլետ Թումանյանն է: Հեղինակն ուսումնասիրել է թե միջազգային փորձը և թե հայկական շախմատի ձեռքբերումները: Ֆեդերացիայի փոխնախագահը նշում է, որ Թումանյանը մարզչական մեծ փորձ ունի, տարիների ընթացքում աշխատել է տարբեր չեմպիոնների ու նաև կրտսեր տարիքի շախմատիստների հետ և իմի բերելով այս ամենը, ստեղծել է երեխաներին մատչելի, բայց միևնույն ժամանակ շատ հագեցած ու լավ դասագիրք. «Գրքի ցանկացած հանձնարարություն ու խնդիր ճիշտ է ընկալվում երեխայի կողմից: Համոզված եմ, որ այլ երկրներ, որոնք ևս կցանկանան շախմատը դարձնել դպրոցական առարկա, անպայման կօգտվեն Թումանյանի գրքից»:

Հայաստանյան դպրոցներին արդեն վաղուց բաժանվել են «Շախմատ» առարկայի դասագրքերը աշխատանքնային տետրեր, ուսուցչի ձեռնարկներ և գործնական աշխատանքների հավաքածուներ: Աշակերտները գնահատվում են 10-բալանոց համակարգով, և առարկան դասավանդվում է շաբաթական երկու անգամ:

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում դասավանդվում է շախմատ առարկան: Այն անցկացվում է շաբաթական 2 ժամ, որից մեկ ժամը վերցվել է ֆիզկուլտուրա առարկայից: Երևան ժամանած ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունեց Հայաստանի նման դիրքորոշումը և հույս հայտնեց, որ այլ երկրներում ևս վաղ թե ուշ շախմատը կդառնա պետության կողմից խրախուսվող առարկա և կընդգրկվի դպրոցական ծրագրում:

Պրոֆեսիոնալ շախմատիստ Շուշաննա Սարգսյանը շարունակում է ելույթ ունենալ թե Հայաստանի առաջնություններում և թե միջազգային տարբեր մրցաշարերում: Նա նույնպես անցել է որակավորման դասընթացներ և այսօր նաև դասավանդում է Երևանի Լևոն Շանթի անվան N 4 դպրոցում:

«Աշխատելով երեխաների հետ` ես համոզվեցի, որ նրանք շատ արագ են ընկալում հանձնարարությունները: Գիրքն էլ, տետրերն էլ շատ լավ են կազմված, և երեխաների համար դժվարություններ չեն առաջանում: Ես 8 տարեկանում արդեն մասնակցում էի պատանիների Եվրոպայի առաջնությանը, և ինչպես ես եմ հասկացել ու ընկալել շախմատը, այնպես էլ փորձում եմ բացատրել իմ աշակերտներին»,- նշում է Սարգսյանը:

Շախմատիստուհին ավելացնում է, որ շախմատը ոչ մի դեպքում չի կարող բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա. «Այն երեխան կամ երիտասարդը, ով շախմատ է պարապում, շատ ավելի կազմակերպված և արագ է կողմնորոշվում տարբեր իրավիճակներում: Կարևոր չէ, թե այս երեխաներից քանիսը կդառնան շախմատիստ, կարևորը, որ նրանք ունենան այս հատկությունները»:

«Բացասական ոչինչ չկա, շախմատը պետք չէ տարբերակել մնացած առարկաներից: Ինչպես և մնացած առարկաների դեպքում, շախմատի դասերին ևս ուսուցիչները պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերեն, որպեսզի հասնեն իրենց նպատակին»,- ավելացնում է Աղուզունցյանը:

«Շախմատը բոլորի համար հասանելի խաղ չէ ու պետք չէ ստիպել ինչ-որ մեկին սիրել ու խաղալ: Պարզապես հետաքրքիր լուծումների միջոցով կարող ես հասնել նրան, որ երեխան գոնե տիրապետի տարրական քայլերի և կարողանա կողմնորոշվել տարբեր իրավիճակներում» , - սա էլ Շուշաննա Սարգսյանի կարծիքն է:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---